Շայիգը գտնում է, որ Ալիեւը սխալվում է, որովհետեւ Ֆրանսիան «ուժեղ երկիր է եւ առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ՝ սառը հաշվարկով»: Ընդ որում, նա կոպիտ սխալ է համարում Ալիեւի պատկերացումը, որ Մակրոնի պաշտոնաթողությունից հետո Ֆրանսիան «այլ երկիր կլինի»:
Վահրամ Աթանեսյան
Փարիզը վերադարձնու՞մ է Ալիեւի դիմանկարը
Դեկտեմբերի 26-ին ադրբեջանական Իսմայիլլի քաղաքի գործադիր իշխանությունը չեղյալ է ճանաչել ֆրանսիական Evian-Le Ba –ի հետ բարեկամության եւ համագործակցության մասին 2015թ. մայիսին ստորագրված համաձայնագիրը: Հիմնավորումն այն է, որ ֆրանսիական քաղաքի խորհուրդը դեկտեմբերի 18-ին բանաձեւ է ընդունե, որով «միակողմանի աջակցություն է հայտնել Հայաստանին»: Ըստ Իսմայիլլի գործադիր իշխանության հաղորդագրության՝ ֆրանսիական կողմը նաեւ «հանել է քաղաքի կենտրոնում «Ադրբեջանական պուրակ» ցուցանակը, տեղեկություն կա, որ կհանվի բանաստեղծուհի Խուրշուդ Բանու Նաթավանի կիսանդրին»:
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը կամ ինչու՞ Evian-Le Ba –ի խորհուրդն առաջինը չի կասեցրել Իսմայիլլիի հետ «քույր քաղաք» լինելու համաձայնագիրը՝ պարզ չէ: Փաստ է, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը դուրս է եկել դիվանագիտական հռետորաբանության շրջանակներից եւ արդեն առարկայական դրսեւորումներ է ունենում: Պատճառների մասին ուշագրավ դիտարկում է արել նախկին դիվանագետ, նախկին դեսպան Արիֆ Մամեդովը: Նա պաշտոնակությունից հետո հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան, ներկայում որպես վտարանդի բնակվում է «եվրոպական երկրներից մեկում»:
Ըստ Մամեդովի, Փարիզի նկատմամբ Ալիեւի, իր բնութագրմամբ՝ «հիստերիկ» վերաբերմունքի պատճառն անձնական է: Նախկին դեսպանը տեղեկություն ունի, որ Ֆրանսիան «հետաքննում է իր տարածքում Ալիեւների ընտանեկան սեփականության հարցը»: Նրա տեղեկացվածվությամբ՝ ֆրանսիացի հետաքննող լրագրողները «փաստագրական ֆիլմ են նկարահանում, որը կբացահայտի ալիեւյան կեղտոտ փողերը, եւ «Թարթառի գործն» իր լուծումը կգտնի» (Խոսքը 2017թ. մայիսի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ Թարթառի բանակային կորպուսում արյունալի սպանդի մասին է, որի դատաքննությունը շարունակվում է): Մամեդովի խոսքերով՝ «հետաքննվում է նաեւ Ֆրանսիայում նախկին նախագահների օրոք «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի գումարներում մշակութային կենտրոնի կառուցումը»:
Դժվար է միանշանակ հավատ ընծայել նախկին դեսպան Մամեդովի տեղեկացվածությանը, բայց փաստ է, որ Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայի Պատվո լեգեոն շքանշանակիր է, մինչեւ անցյալ տարի ուներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դեսպանի կոչում, որից հրաժարվեց: Այդ առթիվ ադրբեջանական վտարանդիության աղբյուրները գրեցին, որ նա հարկադրված է եղել գնալ այդ քայլին՝ «լրջագույն սկանդալներից խուսափելու համար»: Արդյոք խոսքը «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի միջոցներով Ֆրանսիայում եւ Եվրոպայի այլ երկրներում «բարեգործական ծրագրերի՞» մասին է: Հիմնադրամի գործադիր տնօրենը Մեհրիբան Ալիեւան է, նա է աշխարհով մեկ տնօրինում ընտանեկան կապիտալը:
Քաղաքագետ, նախկին դիվանագետ Էմին Շայիգի կարծիքով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ ստանձնել է Արեւմուտքի քննադատի պարտավորություն: Նրա գնահատմամբ՝ Ալիեւի համար ԱՄՆ-ի դեմ բաց հակաքարզչությունը «չափազանց ռիսկային կլիներ»: Բացի այդ, Վաշինգտոնը նման առիթներ չի տալիս, իսկ Ֆրանսիայի դեպքում «բացահայտ դժգոհության պատճառներ կան»: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բանաձեւերի, ինչպես նաեւ ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներ նախաձեռնելու Ֆրանսիայի մտադրության մասին է, որ Ալիեւն օգտագործում է՝ տպավորություն թողնելու, իբր հակասությունները բացառապես ադրբեջանա-ֆրանսիական են:
Շայիգը գտնում է, որ Ալիեւը սխալվում է, որովհետեւ Ֆրանսիան «ուժեղ երկիր է եւ առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ՝ սառը հաշվարկով»: Ընդ որում, նա կոպիտ սխալ է համարում Ալիեւի պատկերացումը, որ Մակրոնի պաշտոնաթողությունից հետո Ֆրանսիան «այլ երկիր կլինի»: Ադրբեջանցի փորձագետի ընկալմամբ՝ խնդիրը «չափազանց խորքային է եւ հանգում է Թուրքիա-Եվրամիություն, Եվրամիություն-Ռուսաստան եւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին»: Ըստ էության, Շայիգը բացահայտում է, որ Ալիեւը վերածվել է Հարավային Կովկասու Արեւմուտքի ազդեցությունը սահմանափակող դերակատարի՝ միաժամանակ սպասարկելով Մոսկվայի եւ Անկարայի շահերը:
Փարիզն առաջին բաց հակաքայլն արել է՝ Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել: Նրանք կլքեն Ֆրանսիայի մայրաքաղաքը: Բայց Ֆրանսիայի ԱԳՆ-ն ադրբեջանցի դիվանագետների արտաքսման պատճառը, հիմնավորումը դեռեւս չի բացահայտել: Սա, երեւի, ակնարկ է Բաքվին: Ինչպե՞ս կհասկանա Ալիեւը: Ակնհայտ է, որ Փարիզն ունի Ալիեւի դիմանկարը վերադարձնելու բոլոր հնարավորությունները: Կգնա՞ այդ քայլին նախագահ Մակրոնը: Ինչի՞ դիմաց Փարիզը «գզրոց կդնի ալիեւյան դոսյեն»: