Հայաստան

Հայաստանի ԵԱՏՄ-ական Փորձությունը

Ի՞նչ խնդիրներ կարող է հարուցել Հայաստանը, ընդ որում՝ Ռուսաստանի համար: Խոսքն արդյոք այն մասին չէ՞, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում կարող են այնպիսի ծրագրեր նախաձեռնել, որ կենթադրեն Հայաստանի կենսական, այդ թվում՝ անվտանգությանը եւ սահմաններին վերաբերող «կարգավորումներ»:

Վահրամ Աթանեսյան

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից երկու օր անց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ասադովի հետ: Ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացել է արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտների վրա: Ինչպես Ռուսաստանի կառավարության տարածած հաղորդագրությունն է ասում՝ երկխոսությունը հիմնվում է նախընթաց քննարկումների վրա, երբ նոյեմբերին Ադրբեջանի վարչապետը հյուրընկալել էր ՌԴ գործընկերոջը:

Պաշտոնական տեղեկատվության առանցքային, կարելի է անվարան ասել՝ հիմնարար ձեւակերպումն այն է, որ կողմերը շոշափել են ԱՊՀ եւ բազմակողմ ձեւաչափերում ջանքերի համատեղումը, որ «արտացոլում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության խորությունը»: Ընդ որում, Ադրբեջանի վարչապետն ընդգծել է, որ համագործակցության հիմնական ուղղությունը վերաբերում է «տրանսպորտային տրանզիտի ոլորտին»՝ մասնավորեցնելով Հյուսիս-հարավ միջանցքի ռազմավարական կարեւորությունը տարածաշրջանային զարգացման, բոլոր երկրների տնտեսական աճի գործում:

Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը փաստացի համատեղվել են: Եւ եթե դրան անմիջապես հաջորդում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարության ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում փաստացի անոնսավորվում է արդյունաբերության եւ տրանսպորտի բնագավառներում համագործակցություն, որ ԱՊՀ ու այլ բազմակողմ ձեւաչափերում ռազմավարական կարեւորություն է ստանում, ուրեմն Սանկտ-Պետերբուրգում սկզբունքային համաձայնությունը կայացել է:

Եկող տարի ԵԱՏՄ ԲՏԽ նախագահությունն անցնում է Հայաստանին: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հույս է հայտնել, որ դա Մոսկվայի համար խնդիրներ չի հարուցի: Ի՞նչ խնդիրներ կարող է հարուցել Հայաստանը, ընդ որում՝ Ռուսաստանի համար: Խոսքն արդյոք այն մասին չէ՞, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում կարող են այնպիսի ծրագրեր նախաձեռնել, որ կենթադրեն Հայաստանի կենսական, այդ թվում՝ անվտանգությանը եւ սահմաններին վերաբերող «կարգավորումներ»: Դատելով Միշուստին-Ասադով հեռախոսազրույցի մասին հաղորդագրության տոնայնությունից՝ ռուս-ադրբեջանական մանավանդ կոմունիկացիոն նախագծերը կարող են «փաթեթավորվել եվրասիական ընդհանուր տան առաջնահերթությունների» տեսքով:

ԵԱՏՄ անդամի կարգավիճակում Հայաստանը, թերեւս, մանեւրի ռեսուրս ունի: Ստանձնելով Միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահությունը, Հայաստանը հայտնվում է չափազանց դելիկատ վիճակում. Նախագահող կողմը, որպես կանոն, ինքն է նախաձեռնողականություն ցուցաբերում կամ առնվազն չի հակադրվում կառույցի անդամների միջեւ համաձայնեցված նախագծերին: Այս իմաստով ռուս-ադրբեջանական հատկապես կոմունիկացիոն նախագծերը, որ արդեն իսկ ԱՊՀ տարածքի համար ռազմավարական նշանակության են բնութագրվում, փորձություն կարող են լինել:

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը տրանզիտային հարցերում հասնեն ԵԱՏՄ ձեւաչափում ունիվերսալ կարգավորումների: Եթե այդ ռեժիմը տարածվի Սյունիքի հատվածի վրա, ապա Հայաստանը նույնը կստանա՞ Ադրբեջանի տարածքում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *