Շայիգը գտնում է, որ Ալիեւը սխալվում է, որովհետեւ Ֆրանսիան «ուժեղ երկիր է եւ առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ՝ սառը հաշվարկով»: Ընդ որում, նա կոպիտ սխալ է համարում Ալիեւի պատկերացումը, որ Մակրոնի պաշտոնաթողությունից հետո Ֆրանսիան «այլ երկիր կլինի»:
Վահրամ Աթանեսյան
Փարիզը վերադարձնու՞մ է Ալիեւի դիմանկարը
Դեկտեմբերի 26-ին ադրբեջանական Իսմայիլլի քաղաքի գործադիր իշխանությունը չեղյալ է ճանաչել ֆրանսիական Evian-Le Ba –ի հետ բարեկամության եւ համագործակցության մասին 2015թ. մայիսին ստորագրված համաձայնագիրը: Հիմնավորումն այն է, որ ֆրանսիական քաղաքի խորհուրդը դեկտեմբերի 18-ին բանաձեւ է ընդունե, որով «միակողմանի աջակցություն է հայտնել Հայաստանին»: Ըստ Իսմայիլլի գործադիր իշխանության հաղորդագրության՝ ֆրանսիական կողմը նաեւ «հանել է քաղաքի կենտրոնում «Ադրբեջանական պուրակ» ցուցանակը, տեղեկություն կա, որ կհանվի բանաստեղծուհի Խուրշուդ Բանու Նաթավանի կիսանդրին»:
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը կամ ինչու՞ Evian-Le Ba –ի խորհուրդն առաջինը չի կասեցրել Իսմայիլլիի հետ «քույր քաղաք» լինելու համաձայնագիրը՝ պարզ չէ: Փաստ է, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը դուրս է եկել դիվանագիտական հռետորաբանության շրջանակներից եւ արդեն առարկայական դրսեւորումներ է ունենում: Պատճառների մասին ուշագրավ դիտարկում է արել նախկին դիվանագետ, նախկին դեսպան Արիֆ Մամեդովը: Նա պաշտոնակությունից հետո հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան, ներկայում որպես վտարանդի բնակվում է «եվրոպական երկրներից մեկում»:
Ըստ Մամեդովի, Փարիզի նկատմամբ Ալիեւի, իր բնութագրմամբ՝ «հիստերիկ» վերաբերմունքի պատճառն անձնական է: Նախկին դեսպանը տեղեկություն ունի, որ Ֆրանսիան «հետաքննում է իր տարածքում Ալիեւների ընտանեկան սեփականության հարցը»: Նրա տեղեկացվածվությամբ՝ ֆրանսիացի հետաքննող լրագրողները «փաստագրական ֆիլմ են նկարահանում, որը կբացահայտի ալիեւյան կեղտոտ փողերը, եւ «Թարթառի գործն» իր լուծումը կգտնի» (Խոսքը 2017թ. մայիսի 7‑ին Ադրբեջանի ԶՈՒ Թարթառի բանակային կորպուսում արյունալի սպանդի մասին է, որի դատաքննությունը շարունակվում է): Մամեդովի խոսքերով՝ «հետաքննվում է նաեւ Ֆրանսիայում նախկին նախագահների օրոք «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի գումարներում մշակութային կենտրոնի կառուցումը»:
Դժվար է միանշանակ հավատ ընծայել նախկին դեսպան Մամեդովի տեղեկացվածությանը, բայց փաստ է, որ Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայի Պատվո լեգեոն շքանշանակիր է, մինչեւ անցյալ տարի ուներ ՅՈՒՆԵՍԿՕ‑ի պատվավոր դեսպանի կոչում, որից հրաժարվեց: Այդ առթիվ ադրբեջանական վտարանդիության աղբյուրները գրեցին, որ նա հարկադրված է եղել գնալ այդ քայլին՝ «լրջագույն սկանդալներից խուսափելու համար»: Արդյոք խոսքը «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի միջոցներով Ֆրանսիայում եւ Եվրոպայի այլ երկրներում «բարեգործական ծրագրերի՞» մասին է: Հիմնադրամի գործադիր տնօրենը Մեհրիբան Ալիեւան է, նա է աշխարհով մեկ տնօրինում ընտանեկան կապիտալը:
Քաղաքագետ, նախկին դիվանագետ Էմին Շայիգի կարծիքով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ ստանձնել է Արեւմուտքի քննադատի պարտավորություն: Նրա գնահատմամբ՝ Ալիեւի համար ԱՄՆ‑ի դեմ բաց հակաքարզչությունը «չափազանց ռիսկային կլիներ»: Բացի այդ, Վաշինգտոնը նման առիթներ չի տալիս, իսկ Ֆրանսիայի դեպքում «բացահայտ դժգոհության պատճառներ կան»: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բանաձեւերի, ինչպես նաեւ ԼՂ հարցով ՄԱԿ‑ի ԱԽ-ում քննարկումներ նախաձեռնելու Ֆրանսիայի մտադրության մասին է, որ Ալիեւն օգտագործում է՝ տպավորություն թողնելու, իբր հակասությունները բացառապես ադրբեջանա-ֆրանսիական են:
Շայիգը գտնում է, որ Ալիեւը սխալվում է, որովհետեւ Ֆրանսիան «ուժեղ երկիր է եւ առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ՝ սառը հաշվարկով»: Ընդ որում, նա կոպիտ սխալ է համարում Ալիեւի պատկերացումը, որ Մակրոնի պաշտոնաթողությունից հետո Ֆրանսիան «այլ երկիր կլինի»: Ադրբեջանցի փորձագետի ընկալմամբ՝ խնդիրը «չափազանց խորքային է եւ հանգում է Թուրքիա-Եվրամիություն, Եվրամիություն-Ռուսաստան եւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին»: Ըստ էության, Շայիգը բացահայտում է, որ Ալիեւը վերածվել է Հարավային Կովկասու Արեւմուտքի ազդեցությունը սահմանափակող դերակատարի՝ միաժամանակ սպասարկելով Մոսկվայի եւ Անկարայի շահերը:
Փարիզն առաջին բաց հակաքայլն արել է՝ Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել: Նրանք կլքեն Ֆրանսիայի մայրաքաղաքը: Բայց Ֆրանսիայի ԱԳՆ‑ն ադրբեջանցի դիվանագետների արտաքսման պատճառը, հիմնավորումը դեռեւս չի բացահայտել: Սա, երեւի, ակնարկ է Բաքվին: Ինչպե՞ս կհասկանա Ալիեւը: Ակնհայտ է, որ Փարիզն ունի Ալիեւի դիմանկարը վերադարձնելու բոլոր հնարավորությունները: Կգնա՞ այդ քայլին նախագահ Մակրոնը: Ինչի՞ դիմաց Փարիզը «գզրոց կդնի ալիեւյան դոսյեն»:
