Հայաստան

Նիկոլ Փաշինյանի Սխալների Ուղղումը

Մաս 3

Մեզ նոր ռազմավարություն է պետք, որի հիմքում աշխարհաքաղաքական փոփոխությունները և անվտանգային նոր ճարտարապետության մեջ տեղ ունենալն է (խուսափելով՝ երկկողմանի խոցելիությունից, որ ի հայտ կգա քաղաքական դուալիզմի շարունակականության դեպքում):

Անահիտ Ադամյան


1.Վերջապես պետք է կատարվի քաղաքակրթական անհրաժեշտ ու անխուսափելի ընտրությունը՝ հօգուտ ժողովրդավարության: Եվրասիական տարածքում Հայաստանի Հանրապետության համար ինքնիշխանության կորուստը ժամանակի հարց է: Եվրաասոցացումը և Արևմուտքի հետ քաղաքական, առևտրատնտեսական, ռազմական համագործակցության փոխշահավետ պայմանագրերը միայն կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներդրումների ու նոր տեխնոլոգիաների ներգրավումով արդյունաբերության զարգացումը, կենսամակարդակի բարձրացումով և համակարգված քայլերով՝ ժողովրդագրական պատկերի փոփոխությունը:
2.Իրավիճակ փոխելու համար վարչապետը 2024-ի հունվարից պետք է փոխի ՀՀ կառավարության կառուցվածքը՝ վերաբացելով առանցքային նախարարությունները (գիտության ու կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի, էներգետիկայի) ու ավելացնելով տնտեսության զարգացման պահանջներին համապատասխան նոր նախարարություններ (ատոմային էներգետիկայի, կանաչ էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, հանքահումքային ռեսուրսների կառավարման, ԵՄ-ի հետ քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային համագործակցության), բնականաբար՝ կատարելով նաև կադրային փոփոխություններ: Նախարարությունների ենթակայությամբ գործում են տասնյակ կոմիտեներ, որ կրկնում են միմյանց գործառույթները, կառավարելիության արդյունավետության նպատակով պետք է կամ այդ կոմիտեների գործառույթները համակարգել, կամ՝ նախարարության մեջ ներառել: Ֆինանսական մեծ ծախսեր պետք չեն լինի, պարզապես պետք է բյուջեում հատկացումների փոփոխություններ անել:
2018-2023-ը բավարար ժամանակ էր, որպեսզի ՔՊ-ն ստեղծեր ոչ միայն կուսակցական ու մերձկուսակցական շաղկապված անձանց, այլև մասնագիտական առումով պահեստայինների նստարան, որպեսզի հնարավոր դառնար համակարգային կառավարումը ու պետության կառավարելիության ապահովումը: 3.Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն և իրական տնտեսություն, որի առաջին քայլը պետական երկարաժամկետ ծրագիր կազմելն է՝ նվազագույնը 30 տարով՝ տնտեսության ռազմավարական ոլորտների ընդգրկումով: Իբրև նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը, ռազմական, տնտեսական, պատմամշակութային, կրթական անվտանգությունը:
Պետության անվտանգության թիվ մեկ երաշխավորը բանակն է: Բանակի բարեփոխման առանցքում պետք է լինի ոչ միայն ժամանակակից սպառազինության ձեռքբերումը (որ հնարավոր է ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո) և 6-րդ սերնդի զինատեսակներին տիրապետումը (որ հնարավոր է միայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ), այլև ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, խնդիր, որ ժամանակ ու գիտելիքներ է պահանջում (հենց ժամանակն է, որ մենք չունենք): Մեզ նոր ռազմավարություն է պետք, որի հիմքում աշխարհաքաղաքական փոփոխությունները և անվտանգային նոր ճարտարապետության մեջ տեղ ունենալն է (խուսափելով՝ երկկողմանի խոցելիությունից, որ ի հայտ կգա քաղաքական դուալիզմի շարունակականության դեպքում):
Հ.Գ.
Հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման մասին հնարավոր է խոսել միայն այս փոփոխություններից հետո: Իշխանությունները փոխվում են, պետությունը պետք է լինի կայուն ու հաստատուն մեծություն, այն հավասարումը, որում իրոք գումարելիների տեղափոխումից (իշխանություն-ընդդիմություն) գումարը (պետությունը) չի փոխվում, բայց փոխադրվում է նոր հարթություն: Սրան հասնելու համար մենք դարձյալ պետք է անցնենք ժողովրդավարական երկար ժամանակ՝ չունենալով հենց այդ ժամանակը:
Հ.Գ.1
Դեկտեմբերի 25-ին մեկնելով Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին մասնակցելու՝ ՀՀ վարչապետը շարունակում է իր քաղաքական դուալիզմը, քաղաքակրթական վճռական ընտրության պահը հնարավորինս հետաձգելով, որը ստեղծում է մի իրավիճակ, երբ եվրասիական դաշտում ունես միայն թշնամիներ և սեփական ազգային շահի թելադրանքով միմյանց, բայց ոչ Հայաստանին դաշնակիցներ, իսկ արևմտյան դաշտում քո ձեռքբերումները դնում ես հարվածի տակ ու դարձնում թեական՝ ամրապնդվելով անհուսալի ու անկանխատեսելի դաշնակցի իմիջում՝ նվազեցնելով քեզ աջակցության մակարդակը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *