Այդ առումով, Թեհրանը իր անհամաձայնությունն է հայտնում ոչ միայն Ադրբեջանին ու փաստացի նաեւ Թուրքիային, այլ՝ Հայաստանին էլ: Հայաստանի պաշտոնյաները՝ ԱԽ քարտուղարը, ԱԳ նախարարը վերջին օրերին խոսել են այն մասին, որ դիտարկելի է Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցության դյուրացված ռեժիմի հնարավորությունը: Թե ինչ է նշանակում դյուրացված ռեժիմ, չի մանրամասնվում, թեեւ Իրանին գուցե մանրամասներ հայտնի են, ու անհամաձայնությունը, որ հայտնում է Թեհրանը, առնչվում է թերեւս նաեւ Հայաստանի մոտեցումներին:
Հակոբ Բադալյան
Իրանի անհամաձայնությունը Բաքվին եւ ակնարկը Երեւանին
Այն, ինչ կլինի Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության խախտում, մենք դրա հետ համաձայն չենք, Երեւանում պատասխանելով լրագրողների հարցին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը: Իսկ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ: Ինչպես հայտնի է, Ալիեւը նշել էր, թե Նախիջեւանից Ադրբեջան բեռնափոխադրումը պետք է իրականացվի առանց սահմանային վերահսկողության, ավելացնելով, որ Ադրբեջանի համար ընդունելի է կապի միայն այդ ճանապարհը: Իրանի դեսպանը հայտարարում է, որ Թեհրանի համար ընդունելի չէ առանց սահմանային հսկողության կապը:
Նա չի ասում այդ մասին ուղիղ, սակայն հայտարարությունը, որ Հայաստաննի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության խախտումն ընդունելի չէ, նշանակում է հենց դա: Ի՞նչ է ինքնիշխանությունը՝ նաեւ սեփական տարածքում գոյություն ունեցող ռեժիմների վերահսկողություն: Եթե Ադրբեջանը առանց Հայաստանի վերահսկողության, Հայաստանի տարածքով կապ է իրականացնում Նախիջեւանի հետ, եթե Հայաստանի սահմմանին չի արձանագրվում այդ կապի բովանդակությունը, ապա դա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է՝ հոգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի: Իրանի համար դա ընդունելի չէ, Թեհրանն ասում է պարզ: Այսինքն, հարցը լոկ տարածքային ամբողջությունը չէ:
Այն պահպանվում է, եթե նույնիսկ իրականացվում է առանց սահմանային հսկողության կապ, սակայն նվազում է ինքնիշխանությունը, այսինքն չի պահպանվում ինքնիշխանությունը, եթե այդ կապը լինում է առանց Հայաստանի սահմանի վերահսկողության: Այդ առումով, Թեհրանը իր անհամաձայնությունն է հայտնում ոչ միայն Ադրբեջանին ու փաստացի նաեւ Թուրքիային, այլ՝ Հայաստանին էլ: Հայաստանի պաշտոնյաները՝ ԱԽ քարտուղարը, ԱԳ նախարարը վերջին օրերին խոսել են այն մասին, որ դիտարկելի է Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցության դյուրացված ռեժիմի հնարավորությունը: Թե ինչ է նշանակում դյուրացված ռեժիմ, չի մանրամասնվում, թեեւ Իրանին գուցե մանրամասներ հայտնի են, ու անհամաձայնությունը, որ հայտնում է Թեհրանը, առնչվում է թերեւս նաեւ Հայաստանի մոտեցումներին: Հարց է առաջանում, թե ինչու՞ է Թեհրանը դրան անհամաձայն, եթե չի խախտվում Հայաստանի տարածքային ամբողջությունը, այլ կերպ ասած՝ չի փակվում Հայաստան-Իրան սահմանը: Նախ, Թեհրանի համար անկասկած ցանկալի է Հայաստանի տարածքով Նախիջեւան-Ադրբեջան կապի բացակայություն, քանի որ այդ դեպքում առավել նախընտրելի ցամաքային կապը լինում է միայն Իրանի տարածքը, որը բնականաբար Թեհրանի համար խաղաքարտ է Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերություններում:
Նաեւ ավելի մեծ եւ մասշշտաբային նշանակության խաղաքարտ՝ հաշվի առնելով հաղորդակցային այն մոտիվները, որ «միջին միջանցքի» առնչությամբ ունեն արեւմտյան խոշոր դերակատարները եւ բարձրաձայնել են այդ մասին: Միեւնույն ժամանակ, Հայաստանի տարածքով «դյուրացված ռեժիմով» հաղորդակցությունը կարող է պարունակել հեռանկարայաին անվտանգային ռիսկեր, երբ Բաքուն ու Անկարան կարողեն ստեղծել սադրանքի հիմքեր, իսկ հետո որոշակի հարմար պահի դիմել դրանց վրա ռազմական որեւէ «կառուցվածքի» արկածախնդրության, ինչի հետեւանքով կարող է փոխվել հայ-իրանական սահմանի «աշխարհաքաղաքական» ռեժիմը, որի անընդունելիության մասին Իրանը պարբերաբար հայտարարում է ամենաբարձր մակարդակով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։