Արցախ

Ալիևը, Գալուզինն Ու Արցախը

Ի՞նչ կապ ունի Հայաստանը ԼՂՀ-ն լուծարելու մասին Շահրամանյանի հրամանագիրը չեղյալ հայտարարելու հետ, որ նա իր «հրամանագրի պատճենն ուղարկել է» Նիկոլ Փաշինյանին:

Վահրամ Աթանեսյան

Ալիեւը, Գալուզինը եւ ԼՂՀ լուծարումը չեղարկող հրամանագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ի արցախյան ընտրությունը «կարմիր գիծ»  էր, որից հետո «հակաահաբեկչական գործողությունը պարզապես այլընտրանք չուներ»: Նա «կարմիր գծի հատումը» վերագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մինչ այդ էլ շնորհավորել էր «սեպարատիստներին»: Խոսքը սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման օրվա կապակցությամբ Փաշինյանի հակիրճ ուղերձի մասին է: Ալիեւն ասել է նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր պետք է ստորագրեն առանց երրորդ երկրի մասնակցության»: Սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ձեւավորված ստատուս-քվոյի պատասխանատվությունը նա որոշակիորեն հասցեագրել է Ռուսաստանին՝ ասելով, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը պատշաճ չեն իրականացրել:

Հետեւել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինի արձագանքը, ըստ որի՝ ռուս խաղաղապահները նախ ապաստան են տվել տեղահանված արցախցիներին, ապա ուղեկցել Հայաստան «տեղափոխվողների շարասյուները»: Գալուզինը հիշեցրել է վեց ռուսաստանցի զինվորականների կորուստը՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք «հերոսաբար զոհվել են՝ կրծքով խաղաղ հայ բնակչությանը պաշտպանելիս»: Փաստ է, որ ռուսաստանյան դրոշով ավտոմքենան ադրբեջանական կողմից դիմահար գնդակոծվել է բոլորովին այլ հանգամանքներում:

Գալուզինը կրկնել է ԼՂ-ում ռուս »խաղաղապահների պահանջվածության» թեզը եւ հիմնավորել, որ նրանք Արցախում մնացած մի քանի հայերի «վստահություն են ներշնչում» եւ ապագայում կարող են «վերադառնալ ցանկացողների համար երաշխիք լինել»: Ըստ նրա՝ Մոսկվան եւ Բաքուն քննարկում են զորախմբի «հետագայում մնալու հետ կապված հարցերը»: Ինչ, երբ եւ ինչպես են Մոսկվան եւ Բաքուն քննարկում՝ միջպետական հարաբերությունների տիրույթի խնդիր է: Ռուսաստանի ԱԳՆ-ում հազիվ թե չեն դիտարկում, որ Ալիեւը գոնե եռակողմ Հայտարարությամբ սահմանված ժամեկտը լրանալուց հետո Ադրբեջանում ռուսական զինված ներկայությունից ազատվելու մտադրություն ունի:

Ուշադրություն է հայցում մեկ այլ տեղեկատվություն, որ հաջորդում է Ալիեւի բազմաշերտ եւ բազմանշանակ-բազմաենթատեքստային հարցազրույցին: Հայրենական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով Սամվել Շահրամանյանի շրջապատի իր աղբյուրներին, գրում է, որ նա դեկտեմբերի 10-ին չեղյալ է հայտարարել ԼՂՀ-ն լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը եւ «պատճենն ուղարկել» Նիկոլ Փաշինյանին, բայց գերադասում է առայժմ հրապարակային հայտարարություն չանել: Փոխարենը, ըստ աղբյուրի, ակտիվություն կցուցաբերի Արցախի Ազգային ժողովը, որ «տարեվերջին գաղտնի նիստ է գումարել եւ ստեղծել միջազգային հանձնախումբ»:

Ինչ, երբ եւ ինչպես «կանի» կամ «չի անի» Սամվել Շահրամանյանը կամ Արցախի Ազգային ժողովը՝ ղարաբաղցու ասած՝ «սառույցին գրված՝ արեւին պահած» է: Տվյալ դեպքում երկու հարց է ծագում. եթե նա որոշել է «առայժմ հրապարակային չխոսել»՝ ինչու՞ նրա շրջապատից տեղեկատվական արտահոսք է կազմակերպվում, ինչին հերքում չի հետեւում: Երկրորդ, ի՞նչ կապ ունի Հայաստանը ԼՂՀ-ն լուծարելու մասին Շահրամանյանի հրամանագիրը չեղյալ հայտարարելու հետ, որ նա իր «հրամանագրի պատճենն ուղարկել է» Նիկոլ Փաշինյանին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *