Արցախ

Արցախի Իրավական Կարգավիճակը Չպետք Է Մոռացվի

Ալիեւն ինքն է խախտել բանաձեւերի «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոն» սահմանումը, չեղարկել ԼՂ վարչա-տարածքային եւ կարգավիճակային սուբյեկտությունը, ի վերջո՝ իրականացրել էթնիկ զտում, որպեսզի Ադրբեջանի «տարածքում անջատողականությունն այլեւս երբեք գլուխ չբարձրացնի»:

Վահրամ Աթանեսյան

ԼՂ սուբյեկտության վերահաստատման առաջնահերթությունը. Ալիեւի տված առիթը պետք է օգտագործվի

Երդմնակալության արարողության ելույթում Ադրբեջանի նախագահն ասել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմ կարող էր եւ չլիներ, եթե Հայաստանը, նրա ղեկավարությունը եւ նրա թիկունքին կանգնած ուժերը հարգեին միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Հղելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին, Ադրբեջանի նախագահը, հավանաբար, փորձում է քառասունչորսօրյա պատերազմի «իրավական հիմք» ստեղծել: Սա վկայում է, որ պատերազմի հետեւանքների լեգիտիմացումը դեռեւս Բաքվի արտաքին քաղաքականության օրակարգում է:

Երդմնակալության ելույթից մեկ շաբաթ առաջ Ալիեւը հրապարակային խոստովանել է, որ նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնելու պահից «հասկացել է, որ բոլոր առաջարկությունները տակտիկական խնդիրներ են լուծում» ՝ նկատի ունենալով ԼՂ կարգավորման բանակցություններում միջնորդների ներկայացրած ծրագրերը: Նա ասել է, որ նպատակ է ունեցել «հարցը լուծել մեկ անգամ եւ առմիշտ՝ Ադրբեջանի տարածքում անջատողականության որջ չպետք է լինի»: Ըստ երեւույթին, նա հասկացել է, որ այդ ձեւակերպումը միջազգային ընկալում չի գտնի եւ վերստին անցել է ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի վկայակոչմանը:

Ինչպես ասում են՝ պետք է վերադարձնել նրա դիմանկարը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն են ճանաչում, սահմանների անխախտելիությունը եւ մերժում ուժի կիրառմամբ տարածքային ձեռքբերումները: Ընդ որում, այդ բանաձեւերում Լեռնային Ղարաբաղից զինված կազմավորումների դուրսբերման ոչ մի պահանջ չկա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միայն մեկ անգամ է անդրադարձել Հայաստանին՝ հորդորելով գործի դնել ԼՂ նկատմամբ ազդեցությունը, որպեսզի բանաձեւի պահանջները կատարվեն:

Ալիեւի հայտարարության ենթատեքստն այն է, որ Ադրբեջանը «կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի պահանջները, ռազմական գործողություններ իրականացնելու լեգտիմ մանդատ է ունեցել»: Նախ, ամենեւին էլ այդպես չէ, հակառակ դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ ռազմական կազմավորումների նկատմամբ ուժի կիրառման նորմ կսահմաներ: Երկրորդ, Ալիեւն ինքն է խախտել բանաձեւերի «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոն» սահմանումը, չեղարկել ԼՂ վարչա-տարածքային եւ կարգավիճակային սուբյեկտությունը, ի վերջո՝ իրականացրել էթնիկ զտում, որպեսզի Ադրբեջանի «տարածքում անջատողականությունն այլեւս երբեք գլուխ չբարձրացնի»:

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձը գնահատում է «Հայաստանի տարածքային նկրտում»: Ստեփանակերտի խնդիրն է վերահաստատել իրավատիրոջ իր կարգավիճակը՝ հիմք ընդունելով հենց Ալիեւի կողմից վկայակոչվող՝ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը, որ ճանաչում են ԼՂ հայ բնակչության իրավունքները: Դա բարդ հարց է, բայց այդ ճանապարհը պետք է սկզբնավորել: Ալիեւը տվել է առիթը, եւ այն պետք է օգտագործվի:
Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *