Արցախ

Պուտինի Վեցերորդ «Աքլորականչը»

Երկրորդ բացահայտումն այն է, որ Ալիեւը հինգ անգամ Պուտինի հետ քննարկել է,- նա ասում է՝ «ամենաբարձր մակարդակով բարձրացրել ենք»-Լաչինի միջանցքի հսկողությանը Բաքվի ուժային կառույցներին ներգրավելու հարցը:

Վահրամ Աթանեսյան

Տեղական հեռուստաընկերություններին Ալիեւի հարցազրույցն, անկասկած նախընտրական է, տոնայնությունը՝ հատկապես: Այս իմաստով, երեւի, ճիշտ կլիներ հայկական մամուլում ոչ թե պարզապես վերատիրաժավորել նրա «հունվարյան թեզիսները» եւ զարմանալ կամ զայրանալ, այլ փորձել քարոզչական «հարդը» եւ քաղաքական «հատիկը» զանազանել: Դա, անշուշտ, մասնագիտական-վերլուծաբանական հաստատությունների, ԱԳՆ-ի, Անվտանգության խորհրդի, հատուկ ծառայությունների խնդիրն է: (Միջանկյալ արձանագրենք, որ Ալիեւը հռչակել է իր երկրի «նոր դարաշրջան». դա արդեն իսկ մարտահրավեր է, բայց ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանին):

Ալիեւի մանվածապատ, արեւելյան երկիմաստություններով խճողված խոսքից այս փուլի համար երկու կարեւոր «մասնահատում» է պետք, կարծես անել: Առաջինը. նա խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունն ունի կամ ավելի ճիշտ ունեցել է, պայմանականորեն ասենք՝ «բանավոր պայմանավորվածությունների կամ ջենթլմենական համաձայնությունների բլոկ»: Ի մասնավորի՝ «այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) ամեն ինչ պետք է մնար՝ ինչպես կար»: Այսինքն, քաղաքական եւ, մանավանդ, ուժային Ստեփանակերտի չեղարկման, լուծարման, կազմացրման ոչ գրավոր, ոչ բանավոր պայմանավորվածություն չի եղել:

Երկրորդ բացահայտումն այն է, որ Ալիեւը հինգ անգամ Պուտինի հետ քննարկել է,- նա ասում է՝ «ամենաբարձր մակարդակով բարձրացրել ենք»-Լաչինի միջանցքի հսկողությանը Բաքվի ուժային կառույցներին ներգրավելու հարցը: «Դա կթուլացներ ռուս խաղաղապահների քննադատությունը, մենք որոշակի պատասխանատվություն կվերցնեինք»-ասում է Ալիեւը: Ստացվում է, որ նոյեմբերի 9- ից մինչեւ 2022թ. մարտի 22 –ը (այդ օրվան կանդրադառնանք) Ալիեւը Պուտինին խնդրել է բանավոր խմբագրել եռակողմ Հայատարարության «Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո» ձեւակերպումը, դե-ֆակտո անցնել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ռուս-ադրբեջանական համատեղ կառավարման, բայց հաջողության չի հասել:

Ակնհայտ է, որ Պուտինը վեցերորդ անգամ «Հիսուսին ուրացել է»: Եւ դա տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ հարձակումից երկու օր առաջ: Ի դեպ, նախօրեին կամ գրեթե միաժամանակ Պուտինը հանդիեպել է նաեւ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, որ հազիվ մեկ ամիս անց խորհրդարանում ենթարկվեց իմփիչմենթի եւ պաշտոնանկ արվեց՝ ըստ գերիշխող տեսակետի՝ Միացյալ Նահանգների եռանդուն միջամտությամբ: Ինչու՞ Վաշինգտոնը քայլ չարեց Ալիեւի դեմ՝ հարց է, որ խորությամբ պետք է ուսումնասիրվի: Այդ տքնաջան աշխատանքը դարձյալ հասցեագրելի է Հայաստանի պատկան կառույցներին:

Բայց դառնանք Պուտին-Ալիեւի «ոչխարներին»: Կրեմլում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցության Հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ ամիս անց՝ 2022թ. մարտի 22-ին Բաքու գործուղվեց, իսկ դա կարող էր արվել միայն Պուտինի հրահանգով, ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակություն, որ գլխավորում էր ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Կիմը: Երկու օր անց Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը ֆեյսբուքում «ավետեց» ադրբեջանական զինուժի մուտքը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ եւ հստակ նշեց, որ «ուղղությունը դեպ Քարագլուխ է»:

Իլհամ Ալիեւը նաեւ բացահայտեց, որ այդ, ինչպես նաեւ «Սարիբաբա» եւ «Վրեժխնդրություն» օպերացիաները մի ծրագրի առանձին դրվագներ էին, որի այդ պահի ապոթեոզը Լաչինի, Սուսի եւ Աղավնոյի հանձնումն էր եւ միջանցքի «երթուղու փոփոխությունը»: Փաստացի Ադրբեջանը Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատել է 2022թ. օգոսոսի 5-ին: Դա Պուտինի «վեցերորդ աքլորականչն» էր: Ալիեւը կարող է միայն հպարտանալ, որ կարողացել է համոզել կամ արժանի է եղել, որ Պուտինն իր միջոցով «մատնի Հիսուսին»: Իսկ թե դրանում ո՞րն էր Ստեփանակերտի «ինքնամատուցման» ընթացքը՝ հաջորդիվ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *