Հայաստան

Ազգային Գաղափարի Ալիեւյան Մարտահրավերը

Ալիեւի այդ թեզը սկզբունքորեն հակասում է ադրբեջանական ինքնության հեյդարալիեւյան ձեւակերպմանը՝ «ադրբեջանցին էթնիկ հասկացություն չէ, քաղաքական, քաղաքացիական է»: Այդ հիմնարար սկզբունքից Իլհամ Ալիեւը հրաժարվելու՞ է:

Վահրամ Աթանեսյան

Վերջին հարցազրույցում Իլհամ Ալիեւը խոստովանեց, որ «պատմական հաղթանակի» շարունակական ֆետիշացումը հանրայյին մեծ աջակցություն չի ստանում: Փորձագետներն ավելի վաղ ձեւակերպել էին կրտրուկ՝ նա «սպառել է հաղթանակի վստահության քվեն»: Ալիեւն ասաց, թե կուզենար, որ ազգային նոր գաղափարի շուրջ բանավեճ սկսվեր, ներգրավվեին քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, գիտնականներ, մտավորականներ՝ պարզելու, թե ապագայի ինչ պատկերացումներ կան: Ճիշտ է, նա ամփոփեց, որ իր պատկերացումները «վճռորոշ են լինելու»- բայց նույնիսկ այդ պարագայում ուշագրավ է, որ Ալիեւը հայտարարում է պատմա-քաղաքական էպոխա փակելու եւ նոր փուլ սկսելու հրամայականի մասին:

Ադրբեջանի պետականության գաղափարական հիմքը սահմանվել է Հեյդար Ալիեւի կողմից եւ հանգում է նրան, որ Ադրբեջանը «քաղաքացու պետություն է»: Այդ իմաստով՝ «ադրբեջանցին» ոչ թե էթնիկ, այլ քաղաքացիական ինքնություն է: Այս կոնցեպտի վրա է կառուցված Ադրբեջանի՝ որպես «բազմազգ, բազմամշակութային եւ բազմադավան աշխարհիկ» պետության կերպարը, որ նախագահության քսան տարիներին Իլհամ Ալիեւը, պետք է խոստովանել, բավական հաջող ներկայացրել է արտաքին աշխարհին եւ շատ որոշակիորեն փոխըմբռնման հասել: Իրականում պետականորեն սնուցվել է այլատյացություն, ընդգծված եւ հաճախ շիզոֆրենիայի հետ սահմաանկցող հակահայկականություն, որի առանցքում դրվել է մի թեզ. «Կովկասում հայկական էթնո-քաղաքակրթական ինքնություն պատմականորեն չի եղել, հայկական պետականությունը ռուսական իմպերիալիստական պրոյեկտ է, որի իրացման միջոցով մասնատվել է Ադրբեջանի միասնականությունը»:

Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանում ազգային գաղափար է քարոզվել ոչ միայն «օկուպացված տարածքների եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը» եւ «տրորված արժանապատվության» վերականգնումը, այլեւ «պատմական հայրենիքի ամբողջացումը»: Ալիեւի «մրցակիցներից» մեկը գլխավորում է «Մեծ Ադրբեջան» կուսակցությունը, մյուսը՝ «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատը»: Վերջինս, որ խորհրդարանի պատգամավոր է, «Թուրան» գործակալության հարցին՝ ո՞րն է համարում Ադրբեջանի ազգային նոր գաղափարը, պատասխանել է . «Հարեւան բոլոր երկրների ադրբեջանցիների հետ միասնությունը»: Կասկած չկա, որ «մեծ» եւ «միասնական» Ադրբեջանի գաղափարական ապոլոգետները Միլլի մեջլիսի պատգամավոր չէին լինի, եթե պետական եւ անձամբ Իլհամ Ալիեւի հովանավորություն չունենային: Տարեմուտի ելույթում նա ասել է, որ պատերազմի խորհրդանիշ «երկաթե բռունցքը» պետք է այսուհետեւ «խորհրդանշի բոլոր ադրբեջանցիների միասնականությունը»:

Ալիեւի այդ թեզը սկզբունքորեն հակասում է ադրբեջանական ինքնության հեյդարալիեւյան ձեւակերպմանը՝ «ադրբեջանցին էթնիկ հասկացություն չէ, քաղաքական, քաղաքացիական է»: Այդ հիմնարար սկզբունքից Իլհամ Ալիեւը հրաժարվելու՞ է: Ռազմավարական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տնօրեն Իսա Գամբարը, որ «Մուսավաթ» կուսակցության փաստացի առաջնորդն է, շատ կտրուկ հայտարարել է, որ իշխանությունը, որքան էլ ջանա, ավելի օպտիմալ լուծում չի գտնելու, քան՝ «մուսավաթականությունն է»: Իսկ դա ձեւակերպված է այսպես՝ «թուրքականություն, իսլամ, դեմոկրատիա»: Հեղինակը Մամեդ Էմին Ռաուլզադեն է:

Նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելուց հետո Իլհամ Ալիեւը Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակը պետականորեն նշելու կարգադրություն է ստորագրել: Ռասուլզադեի որեւէ հոբելյան ալիեւյան իշխանության երեսուն տարիներին Ադրբեջանում չի նշվել: Ռասուլզադեի կերպարի ռեինկառնացիայից հետեւու՞մ է, արդյոք, որ Ադրբեջանի նոր ազգային գաղափար է լինելու դեռեւս 1911թ.-ին նրա ձեւակերպած կարգախոսը: Ըստ էության, Ռասուլզադեի հռչակած առաջին թեզն իրականություն է՝ Ադրբեջանը պետականորեն թուրքական ինքնություն է: Ինչպե՞ս է լուծվելու քաղաքական իսլամի եւ, մանավանդ, դեմոկրատիայի հարցը: Եւ արդյոք ազգային գաղափարի փոխակերպումը միայն ներքի՞ն գործիքակազմ է պահանջելու, թե՞ Ալիեւը փորձելու է ներգրավել արտաքին աջակցություն:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն գտնում է, որ Հեյդար Ալիեւի «ադրբեջանցիականությունը» պարզապես պատճենված է Ռուսաստանից, որտեղ բոլորը քաղաքացիությամբ ռուսաստանցի են, բայց էթնիկ ինքնության սահմանադրական երաշխիքներ ունեն: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը մտադիր է հաղթահարել իշխանության հարցում Ռուսաստանից պորտալարային կախվածությունը, հաստատվել որպես ինքնաբավ դերակատար, Ադրբեջանը միջազգայնորեն լեգիտիմացնել որպես ռեգիոնալ «տերություն»: Թուրքական իքնության հիմքով հանրային համերաշխությունը նրան կարող է օժտել «ազգի առաջնորդի» մանդատով: Տարածաշրջանում կարող են արմատական փոխակերպումներ սկսվել: Ալիեւը մարտահրավեր է նետում արդեն ոչ միայն Հայաստանին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *