Մի՞թե Արցախի պետականության լուծարման հետ Ստեփանակերտի էլիտան պարտավորվել է լռել կամ լավագույն դեպքում զանազան ՀԿ-երի շուրթերով ասել, որ «հայրենիքը լքելու կոլեկտիվ որոշում է կայացվել, որովհետեւ մենք ազատությունը թանկ ենք գնահատում»: Բայց հայրենազրկության հաշվի՞ն։
Վահրամ Աթանեսյան
Ստեփանակերտը լռում է, ինչու՞ էր լռել Արայիկ Հարությունյանը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային պետք է «փաստաթուղթ, հայտարարություն»՝ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվել: Արցախի քաղաքական էլիտայից արձագանք չկա: 2023թ. հուլիսի 14-ին Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմումներ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպայի խորհրդի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ, մեկ առ մեկ թվարկելով Ադրբեջանի հանցագործությունները՝ ամփոփել, որ Ալիեւի վարչակազմը հետապնդում է Արցախի բնակչության կյանքի անտանելի պայմաններ ստեղծելու եւ նրա ֆիզիկական ոչնչացմանը կամ բռնատեղահանությանը հասնելու նպատակ:
Նա միաժամանակ հայտարարություն է տարածել, որ դիմել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով գնահատել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Արայիկ Հարությունյանի ահազանգերի եւ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին դիմելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Ստեփանակերտում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց, հրաժարական ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահ ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը:
Հաջորդ օրը նախագահի գրասենյակը հայտնեց, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում ներկայացրել է ԼՂ –ում ստեղծված իրավիճակի մասին Եզրակացությունը, որի գլխավոր արձանագրումը հետեւյալն է. «Արդբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, քանի որ Կոնվենցիայի երկրորդ հոդվածի գ կետի համաձայն ցեղասպանություն է որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որ ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը»:
Անցած տարվա հունիս-հուլիսը մի շրջան էր, երբ մամուլում եւ փորձագիտական շրջանակներում տպավորություն էր իշխում կամ գրեթե համոզմունք կար, որ արեւմտյան միջնորդությամբ եվրոպական մայրաքաղաքներից մեկում նախատեսվում է կազմակերպել Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպում: Այդ օրերին РИА-Новости-ն կեղտոտ եւ սպառնալի հակաքարոզչություն տարածեց Արցախի արտաքին գործերի նախարարի դեմ՝ նրան վերագրելով Ռուսաստանի թիկունքում Արեւմուտքի հետ քաղաքական գործարքի մտադրություն:
Մեղադրել արտաքին գործերի նախարարին, նշանակում է թիրախավորել նրա անմիջական վերադասին, այս դեպքում՝ Արայիկ Հարությունյանին: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի եզրակացությունը ստանալուց հետո Արայիկ Հարությունյանը ֆորմալ պաշտոնավարել է եւս քսան-քսանմեկ օր եւ այլեւս այդ խնդրին չի անդրադարձել: Ինչու՞՝: Մի՞թե նրա հրաժարականի, Ստեփանակերտում արմատական իշխանափոխության պատճառն այդ դիմումներն էին:
Եւ մի՞թե Արցախի պետականության լուծարման հետ Ստեփանակերտի էլիտան պարտավորվել է լռել կամ լավագույն դեպքում զանազան ՀԿ-երի շուրթերով ասել, որ «հայրենիքը լքելու կոլեկտիվ որոշում է կայացվել, որովհետեւ մենք ազատությունը թանկ ենք գնահատում»: Ինչպես ռուսները կասեն՝ игра стоит свеч(խաղն արժե դրան): Բայց հայրենազրկության հաշվի՞ն…
Հոդվածը՝ 1in.am կայքից։