Հայաստան

Երերուն Կարգավիճակ

Հայաստանն ինչու՞ է մտնում ռուս-իրանա-ադրբեջանա-չինա-կենտրոնասիական այդ «սարդոստայնի» մեջ: Մոմի լույսի վրա շտապող թիթե՞ռ է: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցությունն Ադրբեջան-Իրան-Նախիջեւան կոմունիկացիայի ռեժիմը հետ:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանը մոմի լույսի վրա շտապող թիթե՞ռ է

Մամուլի վերջին ասուլիսում ՌԴ արտգործնախարար Լավրովը վկայեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկվել, բայց եւ խեղաթյուրեց նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը: Ստորագրված տեքստում, որի կատարման խնդիր է դնում նա, ձեւակերպված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ հաղորդակցությունը, իսկ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զորքերը՝ վերահսկում: Ինչպե՞ս են վերահսկելու՝ հայ-ռուսական քննարկումների տիրույթի հարց է:

Այսինքն, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ն եւ Ադրբեջանը ճանաչել են, որ դեպի Նախիջեւան հաղորդակցության ուղիները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Հետեւաբար, հաղորդակցությունը ոչ թե «Ադրբեջանից՝ Ադրբեջան» է կամ պիտի լինի, ստեղծվի, ինչպես Իլհամ Ալիեւն է ասում, այլ՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան: Ավելին, ՌԴ արտգործանախարարի համար ավետարանական կարեւորություն ունեցող՝ նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետում սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը:

Կարող են ասել՝ ոզնուն էլ հասկանալի է, որ խոսքը ոչ թե Զանգելանից կամ Ջեբրայիլից Նախիջեւան ,,աղի,, գնալու, այլ՝ էքսկլավը ,,մայր հայրենիքին,, կապելու մասին է: Դա իրենց «մեկնաբանությունն» է: Հայաստանի պաշտոնական, քաղաքական, փորձագիտական, լրագրողական խոսույթում «Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցություն» ձեւակերպումը տեղ չպետք է ունենա: Ընդհակառակը, առնվազն քաղաքական եւ փորձագիտական մակարդակներում պիտի անընդմեջ գեներացնել, որ Հայաստանն իրավունք ունի Բաքվի հաշվառում ունեցող անձանց եւ տրանսպորտային միջոցների Նախիջեւան մուտքը Սյունիքի հաղորդուղիներով թույլ չտալ. Բաքուն Ադրբեջանի արեւմտյան շրջան չէ, ծայր արեւելյան քաղաք է: Իսկ թե որո՞նք են իր արեւմտյան շրջանները՝ թող Ադրբեջանի կառավարությունը որոշի եւ պաշտոնապես ներկայացնի:

Ալիեւի խոսքից շատ բաց հասկացվում է, որ դեմ է հաղորդակցության նկատմամբ առհասարակ որեւէ հսկողության: Ուղղակի, ինչպես ինքն է մի առիթով ասել՝ «արաբա ես նստում եւ Բաքվից հասնում Անկարա կամ Անկարայից՝ Բաքու»: Ի դեպ, այս միտքն առաջին անգամ հնչեցրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուն՝ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում: Ռուսաստանն ասում է՝ ոչ, այդ «արաբան» պետք է հսկողությամբ գնա-վերադառնա: Այս իրավիճակում Հայաստանի ասելիքը, կարծես, սա պիտի լիներ. «Պատրաստ եմ Ադրբեջանի արեւմտյան շրջանների մարդկանց եւ տրանսպորտային միջոցների ու բեռների դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ անվտանգ տեղաշարժն ապահովել: Ի՞նչ ռեժիմ եւ կարգավորումներ կգործեն-չեն գործի՝ կպայմանավորվեմ Մոսկվայի հետ: Ադրբեջանի այլ շրջաններից դեպի Նախիջեւան եւ Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժի, միջազգային ուղեւորա-բեռնափոխադրումների հետ կապված հարցերը կքննարկեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ուղեւորա-բեռնափոխադրումներ իրականացնելու ծրագիր ունեցող երկրների հետ»:

Ճնշումներ, անշուշտ, եղել են, կան եւ լինելու են: Բայց սա Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը չէ, այլ՝ աշխարհա-ռազմաքաղաքական կոմունիկացիա, որի 45 կամ 47 կիլոմետրանոց հատվածը պատկանում է Հայաստանին: Այդ իրավունքը նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ զիջված չէ: Ալիեւն իր հպատակներին այդպե՞ս է ներկայացրել, չի՞ կարողանում պատասխանել «նա օլդու՞ Զյանգյազյուր» հարցին՝ իր խնդիրն է: Հայաստանն ինչու՞ է մտնում ռուս-իրանա-ադրբեջանա-չինա-կենտրոնասիական այդ «սարդոստայնի» մեջ: Մոմի լույսի վրա շտապող թիթե՞ռ է: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցությունն Ադրբեջան-Իրան-Նախիջեւան կոմունիկացիայի ռեժիմը հետ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *