Հայաստան

Հայաստանի Ճանապարհները Ռայիսի-Էրդողան «Սեղանին»

Մի քանի օր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը աննախադեպ հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքին՝ Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլին, հայտարարելով, որ թիրախավորել է իսրայելական հետախուզության, ինչպես նաեւ հակաահաբեկչական հենակատեր։

Հակոբ Բադալյան

Այսօր տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է կայանար դեռեւս նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, սակայն հետաձգվեց անորոշ պատճառներով: Իբրահիմ Ռայիսիի այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ կարծես թե անամպ չեն Իրան-Թուրքիա հարաբերությունները: Իրանի նախագահի այցի նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի այցը Իրաք, որտեղ նա հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի, այլ պաշտոնյաների հետ: Իհարկե հանդիպումների օրակարագում չկա Իրան, քննարկվել են հակաահաբեկչական միջոցառումներ, որոնք Թուրքիայի մտահոգություն են:

Բայց, հարկ է նկատել, որ մի քանի օր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը աննախադեպ հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքին՝ Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլին, հայտարարելով, որ թիրախավորել է իսրայելական հետախուզության, ինչպես նաեւ հակաահաբեկչական հենակատեր: Ինչպես հայտնի է, Թուրքիան էլ պարբերաբար գործողություններ է անում Հյուսիսային Քուրդիստանում արմատական խմբավորումների դեմ, ընդ որում անում է դա թե Բաղդադի, թե Էրբիլի լոյալությամբ: Ահա այդ համատեքստում է ուշագրավ, որ փաստորեն Իրանի նախագահի Թուրքիա այցից առաջ Թեհրանը հրթիռակոծում է Էրբիլում թիրախններ, իսկ Իրանի նախագահի ժամանելուց առաջ Թուրքիայի հետախուզության ղեկավարը այցելում է Իրաք եւ հանդիպում տեղի ղեկավարության հետ:

Միեւնույն ժամանակ, Իրանի Թավրիզ քաղաքում արդեն ավելի քան երկու ամիս որեւէ տեղեկություն չկա ձերբակալված թյուրք ակտիվիստից, որն էթնիկ ադրբեջանցի է եւ Իրանում ձերբակալվում է պարբերաբար՝ իբրեւ թե էթնիկ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության համար: Թվում է, որ Գազայում պատերազմը պետք է ավելի մոտեցնել Թուրքիային եւ Իրանին, որոնք երկուսն էլ դատապարտում են Իսրայելի գործողությունները եւ աջակցում Գազային: Սակայն, սա հենց վկայում է, որ Գազայում պատերազմը լոկ Իսրայել-Համմաս կամ Իսրայել-Պաղեստին խնդրի համատեքստում չէ, այլ մերձավորարեւելեյան մեծ ռեգիոնալ վերափոխումների, իսկ դա նշանակում է, որ կա մեծ պայքար այսպես ասած նոր իրավիճակում ռեգիոնում ավելի մեծ դերակատարության համար:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ ռեգիոնում ըստ էության ծավալվում է դե ֆակտո պատերազմ կամ առնվազն դիմակայություն բոլորը բոլորի դեմ սկզբունքով, իհարկե միաժամանակ ուղեկցվելով բոլորը բոլորի հետ աշխատանքային ռեժիմով: Ի՞նչը կգերակայի Իրանի նախագահի Թուրքիա այցի եւ Էրդողաննի հետ բանակցության ընթացքում: Այդ հարցի պատասխանը էական նշանակություն է ունենալու նաեւ Կովկասի համար, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան գործընթացի, եւ դրա առանցքային կետի՝ Սյունիքի ճանապարհների հարցում: Հայտնի է այդ հարցում Իրանի դիրքորոշումը, եւ հայտնի է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները, որոնք այսպես կոչված «միջանցք» են ուզում Իրանից նաեւ Իրանից կախվածությունը թուլացնելու համար: Այդ հարցը թերեւս թե ուղղակիորեն, թե անուղղակի համատեքստով առկա է լինելու Ռայիսի-Էրդողան բանակցության սեղանին, սա կասկած չի հարուցում: Պետք է հետեւել դրանից հետո հնարավոր խոսույթին, որում թերեւս կնշմարվի քննարկումներում գերակայած տրամադրությունը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *