Սա առաջին հայացքից կարող է թվալ դետալ, սակայն ըստ էության այդ դետալը թերեւս առաջիկայում էական նշանակություն է ստանալու թե Վրաստանի, թե հայ-վրացական հարաբերության, թե ռեգիոնալ իրողությունների համատեքստում:
Հակոբ Բադալյան
Փաշինյանի այց՝ Թբիլիսիում կարեւոր վերադասավորումների ֆոնին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին աշխատանքային այց է կատարում Վրաստան, որտեղ կլինի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, նաեւ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում կունենա՞ հնարավորություն եւ առիթ շփվել Վրաստանի իշխող՝ Վրացական երազանք կուսակցության փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ: Խոսքն իհարկե նաեւ հնարավոր ոչ ֆորմմալ, նաեւ ոչ հրապարակային շփման մասին է:
Սա առաջին հայացքից կարող է թվալ դետալ, սակայն ըստ էության այդ դետալը թերեւս առաջիկայում էական նշանակություն է ստանալու թե Վրաստանի, թե հայ-վրացական հարաբերության, թե ռեգիոնալ իրողությունների համատեքստում: Բանն այն է, որ Բիձինա Իվանիշվիլին, որը 2020 թվականին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, նախորդ տարավերջին՝ Վրացական երազանքի հավաքի ժամանակ ելույթում հայտարարել էր կուսակցության Պատվավոր նախագահի պաշտոնում ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Իհարկե քաղաքականությունից «հեռացած» Իվանիշվիլին միեւնույն է դիտվում էր Վրաստանի դե ֆակտո ղեկավար՝ ստվերային կարգավիճակում, եւ կարելի է պատկերացնել, թե ակտիվ քաղաքականություն վերադարձի նրա որոշումը ինչ նշանակություն ունի վրացական քաղաքականության, հետեւաբար նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների իմաստով: Սա անշուշտ չի նշանակում, որ ներկայիս վարչապետ Ղարիբաշվիլին մղվում է երկրորդ պլան:
Բնականաբար, խոսքն այն մասին է, որ ըստ էության առաջնային պլան է գալիս Իվանիշվիլու հետ կոմունիկացիայի հանգամանքը, որովհետեւ նրա որոշումը թերեւս վկայում է այն մասին, որ այսօր պաշտոնական Թբիլիսի ասվածն ըստ էության մի քանի տարբեր խմբավորումների պայքար է, որն էլ թերեւս հենց դե ֆակտո առաջնորդ Իվաննիշվիլուն ստիպել է վերադառնալ իշխանության համար հրապարակային պատասխանատվության դաշտ՝ այսպես ասած կենտրոնացման, կոնսոլիդացման, վտանգավոր ճաքեր թույլ չտալու համար:
Ինչպես ռեգիոնը, այնպես էլ առավել եւս Վրաստանը մտնում է զարգացումների բախտորոշ փուլ, հաշվի առնելով այն, որ այդ երկիրը մի կողմից առանցքային նշանակություն ունի սեւծովյան ավազանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի տեսանկյունից, մյուս կողմից՝ ըստ էության «բանալի» է Կովկասի ստատուս-քվոյի համար, պայմանավորված նաեւ ավվելի լայն աշխարհաքաղաքական նախագծերով, որոնք շոշափում են Կովկասը որպես աշխարհ-տնտեսական եւ աշխարհաքաղաքական երթուղի:
Հոդվածը՝ 1in.am կայքից։