ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ալիեւի Պարզունակ Նենգափոխումը

Ադրբեջանի գործողություններն ու վարքագիծը վաղուց արդեն նույնիսկ հարցեր էլ չեն առաջացնում, քանի որ չափազանց թափանցիկ եւ ուղիղ են իրենց ագրեսիվ ու մարտաշունչ տրամաբանությամբ։

Հակոբ Բադալյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե ֆակտո խաղաղություն արդեն իսկ կա, Միջխորհրդարանական միության քարտուղարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիեւը, մատնացույց անելով այն, որ արդեն երկու ամիս է միջադեպեր չեն եղել սահմանին, եւ հետո արդեն թվարկելով խաղաղության պայմանագրի ստորագրման հայտնի պայմանները: Իլհամ Ալիեւը զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով, որովհետեւ սահմաններին չկրակելը խաղաղության ցուցիչ չէ: 2020 թվականի պատերազմից առաջ, գրեթե երկու տարի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, Արցախի ու Ադրբեջանի շփման գծում անդորր էր, եւ նույնիսկ շատերը, այդ թվում Հայաստանի ղեկավարությունը մատնացույց էր անում, որ աննախադեպ մի երկամյակ է՝ չկա որեւէ միջադեպ եւ կրակոց:

Բայց, երկամյա այդ աննախադեպ թվացող դադարից հետո պայթեց աննախադեպ ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, որը գործնականում շարունակվում է առ այսօր: Այս հրապարակաման շրջանակում չվերադառնանք դրա պատճառներին, թեեւ մի խորքային պատճառ արժե հիշատակել՝ աշխարհաքաղաքական փոթորկի ծավալում, որն առ այսօր ոչ միայն չի հանդարտվել, այլ ավելի է արագացրել պտույտներն ու ընդգգրկման շրջանակը: Խաղաղությունը չի չափվում սահմանային ռեժիմով, այլ քաղաքական բովանդակությամբ, ուժերի բալանսով եւ այդ ամենից բխող քաղաքակկան վարքագծով:

Այդ իմաստով, ակնառու է, որ Ադրբեջանի վարքագիծը ամբողջապես պատերազմահեն վարքագիծ է, ի տարբերություն Հայաստանի, որը ադրբեջանական դիրքավորման եւ նարատիվների ֆոնին դրսեւորում է խաղաղախոսության եւ խաղաղության միտված գործողությունների նույնիսկ տարօրինակ եւ տարակուսելի մղում: Խաղաղության միտված պետությունը առնվազն բարյացկամ կընդուներ օրինակ Հայաստանի քայլը՝ ականապատ նոր քարտեզններ տրամադրելու վերաբերյալ:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի գլխավորած պետության արձագանքը մեղմ ասած անհարգալից էր: Իհարկե առանձին հարց է Երեւանի գործողությունների տրամաբանությունը, սակայն Ադրբեջանի գործողություններն ու վարքագիծը վաղուց արդեն նույնիսկ հարցեր էլ չեն առաջացնում, քանի որ չափազանց թափանցիկ եւ ուղիղ են իրենց ագրեսիվ ու մարտաշունչ տրամաբանությամբ: Դրա վկայությունն է եւ այն, որ Ադրբեջանն առ այսօր պահում է պատանդներ՝ ի դեմս թե 44-օրյա պատերազմի հետեւանքով գերության մեջ հայտնված մեր զինծառայողների, թե հետագա երեք տարիների ընթացքոււմ տարբեր միջադեպերի հետեւանքով գերեվարվածների, թե Արցախի ռազմա-քաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների: Դրանք ոչ թե դե ֆակտո խաղաղության, այլ հակառակը՝ Ադրբեջանի շարունակած դե ֆակտո պատերազմի ապացույցներն են:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *