Հայաստան

Ալիևի “Նապոլեոնյան” Համախտանիշը

Ֆրանսիան հետեւողականորեն չտեսնելու է տալիս Ալիեւի «ծամածռությունները» եւ չի արձագանքում նրա մտավարժանքներին: Ֆրանսիայի եւ Ադրբեջանի, Մակրոնի եւ Ալիեւի «քաշային» տարբերությունը հսկայական է։

Վահրամ Աթանեսյան

«Ամբողջական Ադրբեջանի Բոնապարտը» եւ Ֆրանսիայի «Ղարաբաղը»

Ադրբեջանի Միլլի մեջլիսի գարնանային նստաշրջանի երկրորդ օրը ձեւավորվել է «Կորսիկայի ժողովրդի աջակցության» խումբ, որի ընդունած հայտարարությունը տարածել են Բաքվի լրատվամիջոցները: Հեղինակները Ֆրանսիայի իշխանություններին եւ նախագահ Մակրոնին մեղադրում են «միայն թղթի վրա մարդու իրավունքները հարգելու» մեջ եւ վկայակոչում Կորսիկայի «անկախության համար պայքարի մի քանի առաջատամարտիկների ձերբակալությունը եւ որպես ահաբեկիչներ Փարիզ տեղափոխումը»: Ադրբեջանցի խորհրդարանականների գնահատմամբ՝ Ֆրանսիան «սահմանափակում է Կորսիկայի ժողովրդի ազատ հավաքների եւ կամարտահայտության իրավունքը»: Նրանք պաշտոնական Փարիզից պահանջում են «անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, ապահովել մարդու հիմնարար իրավունքները, երաշխավորել Կորսիկայի ժողովրդի ազատ հավաքների իրավունքը»:

Ավելի վաղ Բաքուն հյուրընկալել էր Կանարյան կղզիների «անկախության պայքարի» մի խումբ ներկայացուցիչների, ինչին հաջորդել էր Կանարյան կղզիներ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության թղթակցի մուտքն արգելելու՝ ֆրանսիական իշխանությունների որոշումը: Ֆրանսիայի հետ «ամբողջական Ադրբեջանի Բոնապարտի» դիմակայությունն, այսպիսով, նոր դրսեւորումներ է ունենում: Ալիեւը հայտարարել է, որ Հարավային Կովկասում «հաստատվելու Ֆրանսիայի նկրտումները սին են»: Ո՞վ է նրան Հարավային Կովկաս Ֆրանսիայի մուտքն արգելափակելու լիազորությամբ օժտել՝ կարելի է մի քանի ենթադրություն անել: Ամենահավանական բացատրությունը, թերեւս, Միլլի մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասն է տվել. «Ռուսաստանը Ֆրանսիային դուրս է մղել Աֆրիկայից, Ֆրանսիան ԱԷԿ-երի վառելիքի աղբյուներն է որոնում Ղազախստանում, բայց ճանապարհն անցնում է Ադրբեջանով»:

Նախօրերին Եվրամիության երկրները որոշել են առաջիկա չորս տարիների կտրվածքով Ուկրաինային հիսուն միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն հատկացնել: Ամփոփիչ գնահատական Ֆրանսիայի նախագահն է հնչեցրել. «Եվրոպան Ուկրաինայից չի հոգնել, Պուտինը թող նման հույսեր չփայփայի»: Ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլը Ֆրանսիայի վերաբերյալ հրապարակումներում որդեգրել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» ոճը: Ի մասնավորի՝ ֆերմերների բողոքի ակցիան ներկայացվում է այնպես, ասես Ֆրանսիան վաղը չէ մյուս օրը փլուզվելու է: Հստակ թիրախավորվում է նաեւ նախագահ Մակրոնը, ում Բաքվի լրատվամիջոցներից մեկն անվանել է «ձախողված տղեկ»:

Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովան գարնանային նստաշրջանի բացման ներածական խոսքում ընդգծել է, որ եվրոպական «որոշ շրջանակներ չեն հաշտվում Ադրբեջանի հաղթանակի հետ»: Սա անուղղակի խոստովանություն է, որ եվրոպական հանրությունը չի ընդունում հատկապես սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական լոկալ ռազմագործողության» օրինականությունը: Կորսիկայի մի քանի անջատողականի ձերբակալությունը, ընդ որում՝ հայտնի չէ, թե խոսքն ում եւ ինչի մասին է, անհամեմատելի է Արցախում իրականացված էթնիկ զտումների եւ պատմա-քաղաքական ժառանգության ոչնչացման կամ յուրացման քաղաքականության հետ:

«Ամբողջական Ադրբեջանի Բոնապարտը» քաղաքականության վերջին երկտարեցին չէ, որպեսզի չիմանա, որ Ֆրանսիան Ալժիրին անկախություն է շնորհել՝ հարգելով հանրաքվեի արդյունքները: Եւ եթե Կորսիկայի խնդիրն իրոք առարկայանա, ապա Փարիզը կգտնի կարգավորման քաղաքակիրթ եղանակներ: Ինչպես Մեծ Բրիտանիան հանրաքվե անցկացրեց Շոտլանդիայում, եւ թեման փակեց: Ալիեւը քաջ գիտի, որ ոչ մի կորսիկացի Բաքվի աջակցության կարիքը չունի: Եւ դեռ հարց է՝ կորսիկացիների ո՞ր մասն է «անկախության պայքարի» ձգտում, որը՝ գերադասում լինել Եվրամիության առաջատար երկրի քաղաքացի: Միլլի մեջլիսի «Կորսիկայի ժողովրդի աջակցության» խումբը ստեղծվել է «նյարդերի պատերազմ» հրահրելու եւ պաշտոնական Փարիզի ուշադրությունը գրավելու միտումով:

Ֆրանսիան հետեւողականորեն չտեսնելու է տալիս Ալիեւի «ծամածռությունները» եւ չի արձագանքում նրա մտավարժանքներին: Ֆրանսիայի եւ Ադրբեջանի, Մակրոնի եւ Ալիեւի «քաշային» տարբերությունը հսկայական է: Ալիեւը, հավանաբար, առաջնորդվում է «երբեք մի ասա երբեք» սկզբունքով. իսկ եթե Կորսիկայում իրավիճակ փոխվի՞: Միլլի մեջլիսի «կորսիկական խումբը» զուտ Ալիեւի նախաձեռնությու՞նն է: Չկա՞ շահագրգիռ կենտրոն, որ կցանկանար Ֆրանսիայում անջատողականություն հրահրել: Ո՞վ է կանխածրագրել կամ կանխածրագրում ֆրանսիական «Ղարաբաղ»: Շահառուներ կարող են մի քանիսը լինել: Համենայն դեպս, Ալիեւի հնարավորություններն ու «մանդատն» այն չեն, որպեսզի իրեն «Ամբողջական Ադրբեջանի Բոնապարտ» կարգի եւ Ելիսեյան պալատին «ղարաբաղյան ական մատուցի»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *