Հայաստան

Ադրբեջանական «Դեմոկրատիա»

Էական է այն, թե ԵԽԽՎ-ն, եվրոպական կառույցները, նույն Ֆրանսիան որքանո՞վ են հետեւողական լինելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցում: Իսկ դա, անկասկած, կախված է նրանից, թե Ստեփանակերտն ինքը որքանո՞վ է ունակ ձեւակերպել եւ ներկայացնել սեփական մոտեցումը, եւ որքանո՞վ է Երեւանը պատրաստ կամ գործունակ՝ այդ օրակարգին աջակցելու հարցում:

Վահրամ Աթանեսյան

Բաքվում, երեւում է, Ադրբեջանի իշխանության եւ եվրոպական կառույցների միջեւ լարվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Թուրան» գործակալության տեղեկացվածությամբ՝ «նախագահի աշխատակազմի եւ ԱԳՆ փորձագետներն ուսումնասիրում են Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման իրավա-քաղաքական հնարավոր հետեւանքները»: Իշխող տեսակետ է, որ եթե մինչեւ տարեվերջ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չվերականգնվի, ապա «իշխանությունը կարող է հայտարարել Եվրոպայի խորհրդից եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունից դուրս գալու որոշման մասին»:

ASNA վերլուծական կենտրոնի փորձագետ Նասիմի Մամեդլին կարծում է, որ դա «ծանր հարված կլինի ադրբեջանական հանրությանը, քանի որ կփակի ՄԻԵԴ դիմելու եւ տեղում ոտնահարված իրավունքները վերականգնելու հնարավորությունը»: Անցյալ տարվա վիճակագրությամբ Ադրբեջանը ՄԻԵԴ դիմած քաղաքացիների հաշվարկով առաջին տասնյակում է, շուրջ վեց հարյուր բողոք ներկայումս ուսումնասիրվում է: Բայց գործ ունենք արտառոց իրավիճակի հետ. նույնիսկ համեմատաբար անկախ կամ ընդդիմադիր գործիչները եւ քաղաքագետները համարում են, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւը Լեռնային Ղարաբաղի եւ հայ բնակչության իրավունքների հարցում «Ադրբեջանի նկատմամբ ոչ արդարացի դիրքորոշում ունի»:

Առիթ ունեցել ենք՝ ուշադրություն հրավիրելու Եվրոպայում ադրբեւանական վտարանդիության մի խումբ ներկայացուցիչների անունից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Սենատին հղած «Դիմումի» չափազանց զգաստացնող հղումներին: Նրանք փորձում են Ելիսեյան պալատին եւ ֆրանսիացի սենատորներին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի ,,փակված հարցի,, արծարածումն Ադրբեջանին «մղում է Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության»: Բաքվի փորձագետի հայացքով՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցը միլիոնավոր ադրբեջանցիների զրկում է ժողովրդավարական բարեփոխումների հեռանկարից:

Ըստ էության, թե վտարանդիները, թե Բաքվի ոչ իշխանական համարում ունեցող շրջանակները Եվրոպայի խորհրդին, Ֆրանսիային, եվրոպական հանրությանը հորդորում են «մոռանալ Լեռնային Ղարաբաղը, նրա հարյուր քսան հազար հայ բնակիչներին» եւ ներշնչում են, որ այդ դեպքում Ալիեւը «կորդեգրի արեւմտամետ քաղաքականություն, իսկ Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիները կստանան ազատություն եւ պաշտպանված իրավունքներ»: Սա ակնհայտ ֆաշիզմ է եւ հակասում է «բազմազգ, բազմամշակութային եւ բազմադավան Ադրբեջանի» ալիեւյան քարոզչությանը, որ տասնամյակներ ի վեր մատուցվել է միջազգային հանրությանը:

Բայց դա խնդրի մի, Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների տիրույթի, կողմն է: Մեզ համար ավելի էական է այն, թե ԵԽԽՎ-ն, եվրոպական կառույցները, նույն Ֆրանսիան որքանո՞վ են հետեւողական լինելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցում: Իսկ դա, անկասկած, կախված է նրանից, թե Ստեփանակերտն ինքը որքանո՞վ է ունակ ձեւակերպել եւ ներկայացնել սեփական մոտեցումը, եւ որքանո՞վ է Երեւանը պատրաստ կամ գործունակ՝ այդ օրակարգին աջակցելու հարցում:

Լեռնային Ղարաբաղի, նրա հայ բնակչության իրավունքների հարցում Ադրբեջանը չունի իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հանրություն տարակարծության խնդիր: Դժվար է անգամ հստակ կողմնորոշվել՝ իշխանության մոտեցու՞մն է ավելի ռադիկալ, թե՞՝ ընդդիմության կամ հանրության: Պատրանքներ չկան, չպետք է ունենալ. ադրբեջանական «դեմոկրատիան» սկզբունքորեն մի նշանաբան ունի. «Ինչքան վատ հայերի եւ Հայաստանի համար, այնքան՝ մեզ համար լավ»: Դա արդեն գաղտնիք չէ միջազգային հանրության համար: Խնդիր է, թե ինչպե՞ս եւ ո՞ր չափով է հնարավոր իրավա-քաղաքական կապիտալիզիայի հասնել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *