Ի՞նչ կլինի անվանափոխության հետևանքով։ Եթե անվանափոխության հետևանքով որևէ բովանդակային, իմաստային առումով փոփոխություն չի լինելու, այսինքն ուսումնասիրման ենթակա տարածությունն ու ժամանակը չի փոխվելու, չափանիշները չեն վատանալու, պատմությունը չի կեղծվելու, ապա փոփոխությունն անտեղի է։ Ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը բացարձակապես ազդեցություն չի ունենալու։ Եթե փոփոխությունը ենթադրում է պատմություն առարկայի ուսումնասիրման ենթակա ժամանակի ու տարածության փոփոխություն, ապա, ինչպես արդեն վերը նշվեց, պիտի ընթանա հստակ աշխատանքային օրակարգով, որից հետո կերևա կատարե՞լ այդ փոփոխությունները, թե՞ ոչ։
Արայիկ Մկրտումյան
Վերջին օրերում հանրային լայն քննարկում է տեղի ունենում ԿԳՄՍՆ կողմից առաջարկության վերաբերյալ, որը ենթադրում է «Հայոց պատմություն» եզրույթը փոխարինել «Հայաստանի պատմություն»-ով։ Սկսված մասնագիտական և ոչ մասնագիտական քաոտիկ քննարկումներում փորձ է արվում հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ փոփոխությունը և առհասարակ իմաստ ունի այն կատարել, թե ոչ։
Ընդհանրապես ցանկացած քննարկում ունի իր մասնագիտական և սիրողական մակարդակները։ Եթե մասնագիտականում ավելի շատ առկա է գիտականորեն հիմնավորված մոտեցումը, ապա սիրողական քննարկումը ենթադրում է ավելի շատ հուզումնալից մի իրադրություն, որտեղ առաջնային պլան է մղվում ոչ թե երևույթի բովանդակությունը, այլ ձևը և առերես քննարկվող երևույթնժը վերածվում է առավելապես քաղաքական բավավեճի։ Նույնը կատարվեց նաև այս դեպքում։ Առավել գերակշռեց այն միտքը, որ «Հայոց»-ի փոխարինումը «Հայաստանի»-ով, նպատակ ունի նվազեցնել պատմության առարկայի իմաստն ու նշանակությունը, կատարել քաղաքական խմբագրումներ և հարմարեցնել թուրքական և ադրբեջանական պահանջներին, որը նրանք ներկայացնում են հայկական կողմին։
Նախ, արձանագրենք, որ մինչ այս, պատմության դասագրքերը եղել են երկու վերնագրերով՝ «Հայոց պատմություն» և «Հայ ժողովրդի պատմություն»։ Դրանցից առաջինի կիրառման ձևը գալիս է դեռևս պատմահայր Մովսես Խորենացուց, ով առաջինն է գրել ամբողջական պատմություն և այն վերնագրել «Հայոց պատմություն», երկրորդը՝ 1971 ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի կողմից հրատարակված «Հայ ժողովրդի պատմություն»–ը, ինչպես նաև Մելիք-Բախշյանի խմբագրությամբ 1975թ․ լույս տեսած «Հայ ժողովրդի պատմությունը», որոնք համարվում է հնացած, քանի որ ենթակա են եղել քաղաքական խմբագրումների։ Ներկայումս, ամենաթարմ բուհական դասագիրքը 2012թ․ Հր․ Սիմոնյանի խմբագրությամբ լույս տեսած «Հայոց պատմություն»-ն է։
Գլխավոր հարցը, որին պատասխանել փորձում են բոլորը այն է, թե կա՞ որևէ բովանդակային փոփոխություն անվանափոխության մեջ։ Հանուն արդարության նշենք, որ թեր ու դեմ կարծիքները կարող են լինել և՛ հիմնավոր, և՛ անհիմն։ Արդյո՞ք որևէ բովանդակային փոփոխություն է լինելու «Հայոց»-ը «Հայաստանի»-ով փոխարինելու դեպքում։ Եթե այո՛, ապա այդ փոփոխությունների առաջարկությունը պիտի ներկայացվի գերմանրամասնորեն, որից հետո համապատասխան գիտական հիմնարկների կողմից պիտի լինեն աշխատանքային քննարկում, եզրահանգում, որից հետո արդեն հասարակությունը, հնարավորություն ունենալով ծանոթանալ բոլոր կողմերի կարծիքին, կտա իր հավանությունը։
Նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ կլինի անվանափոխության հետևանքով։ Եթե անվանափոխության հետևանքով որևէ բովանդակային, իմաստային առումով փոփոխություն չի լինելու, այսինքն ուսումնասիրման ենթակա տարածությունն ու ժամանակը չի փոխվելու, չափանիշները չեն վատանալու, պատմությունը չի կեղծվելու, ապա փոփոխությունն անտեղի է։ Ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը բացարձակապես ազդեցություն չի ունենալու։ Եթե փոփոխությունը ենթադրում է պատմություն առարկայի ուսումնասիրման ենթակա ժամանակի ու տարածության փոփոխություն, ապա, ինչպես արդեն վերը նշվեց, պիտի ընթանա հստակ աշխատանքային օրակարգով, որից հետո կերևա կատարե՞լ այդ փոփոխությունները, թե՞ ոչ։
Այստեղ հարկ է նշել, որ կա նաև մեկնաբանման հարց։ Ցանկության դեպքում կարելի է և՛ արդարացնող, և՛ մեղադրող մեկնաբանություն գտնել բոլոր եզրույթների համար։ Օրինակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ասելու դեպքում այն կարելի է արդարացնել՝ գտնելով, որ դա նշանակում է հայ ժողովրդի պատմություն, որում ներառված է նրա ամբողջական պատմությունը՝ իր ձևավորման տարածքի, նրա՝ ուրիշ ազգերի հետ հարաբերությունների, պետականությունների և այլնի՝ մասնավորապես Սփյուռքի պատմությունը, քանի որ «հայ ժողովուրդ»-ը նաև Սփյուռքն է։ Հակառակ ձևով կարելի է մեղադրել, որ «հայ ժողովրդի» բառերը ստորադասում են պետականության ժամանակաշրջանը և նման անվանումով ավելի շատ հասկացվում է միայն ժողովրդական, այլ ոչ թե պետականությունների ժամանակաշրջանների ուսումնասիրությունն ու չափանիշները։ Նույնը վերաբերում է «Հայոց» և «Հայաստանի» եզրույթներին։ Ցանկության դեպքում կարելի է ասել, որ Խորենացին այդկերպ է վերնագրել իր պատմական երկը, որովհետև այն ժամանակների լեզվական մոտեցումը և «Հայք/հայոց/հայեր» կիրառումներն առավելապես արտահայտվել են պետական առումով՝ «Հայք»(նշանակում է բազմաթիվ հայեր) և ազգային առումով «հայոց»(գրաբարով նշանակում է հայեր) ձևով։ Միաժամանակ, որ «Հայոց»-ը ավելի ընդգրկուն է և չի սահմանափակվում տարածքային/պատմական/պետական/ժամանակագրական առումով։ Հակառակ կարծիքը կարող է լինել այն, որ «Հայոց»-ը անորոշ է, չի հստակեցնում և այլն ու եթե 5-րդ դարում Հայքի ու Հայոցի փոխարեն կիրառական լիներ Հայաստանը, ապա Խորենացին այդպես էլ կգրեր։
Նույնը առաջարկվող «Հայաստանի պատմություն»-ի դեպքում։ Կողմնակիցները նշում են, որ դա ավելի լավ և ընդգրկուն է ներկայացնում պատմության իմաստը և որ հիմա մենք ունենք պետություն ու ինչպես օրինակ ռուսները, իսպանացիները կամ ֆրանսիացիները, մենք էլ մերը կոչենք ոչ թե հայերի(հայոց) պատմություն, այլ Հայաստանի(ինչպես, որ Ֆրանսիայի պատմությունի, Իսպանիայի պատմություն և այլն)։ Դրան դեմ լինողները հիմնականում նշում են, որ «Հայաստանի պատմություն» ասելով մարդիկ հասկանում են նախ՝ ներկայիս ՀՀ-ը, այլ ոչ թե «Հայաստան»՝ պատմական հայրենիքից սկսած իմաստը և նաև այն, որ այդ դեպքում արդյո՞ք Կիլիկիայի հատվածը ներակայացվելու է որպես Հայաստան։ Կան անհանգստություններ նաև Սփյուռքի պահով։ Հայկական Սփյուռքի օրինակ ԱՄՆ-ի հատվածի պատմությունը լինելո՞ւ է, թե՞ ոչ և այդ դեպքում ինչպե՞ս կարող է Հայաստանի պատմության մեջ ներառվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը։
Մի խոսքով, տպավորություն է, որ ավելի շատ ընկալման և մեկնաբանման հարց է, քան թե բովանդակային իմաստի։ Հարկ է նկատել, որ հարցը սրվում է նաև նրանով, որ այդ առաջարկն արվում է ոչ թե ասենք Պատմության Ինստիտուտի, կամ Պատմության ֆակուլտետի, այլ իշխանությունների կողմից, որի ռեյտինգը բավական ընկած է և գնալով նվազում է 2020թ․ պատերազմում պարտությունից հետո։ Դա զուգակցվում է ներկայիս իշխանությունների ընդգծված խաղաղասիրական պահվածքին ու նաև Սահմանադրական բարեփոխումներին սպասվող Անկախության Հռչակագրի խնդրին։ Այս դեպքում կարող ենք ասել, որ հարցը ոչ թե գիտական այլ քաղաքական բնույթ ունի։ Լիովին նորմալ է, որ ներկայիս պայմաններում հասարակությունը վերապահումներով է մոտենում իշխանության ցանկացած առաջարկի, մանավանդ, որ այդ նույն իշխանության կողմից խաղաղասիրական(երբեմն անտրամաբանական) ձգտումները խորը հուզմունք են առաջացնում։
Նաև արդար ենք համարում նշել, որ պատմություն առարկայի հետ սպասվող այս փոփոխությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՀ ամենամեծ խնդիրը հիմա այդ անվանափոխությունը չէ, այլ կան անվստանգային լուրջ հարցեր ու պատերազմի ռեալ սպառնալիք։ Ներկայիս պայմաններում իշխանությունները շատ ավելի լուրջ հարցերով պիտի զբաղվեն, քան թե գիտակարգային, քանի որ այդ հարցերի համար կան ինստիտուտներ ու եթե նրանք այդ հարցով որևէ առաջարկություն չեն ներկայացնում, ուրեմն դա նշանակում է, որ գիտական մակարդակով այդ հարցը պահանջված չէ։ Ուրեմն ինչո՞ւ է իշխանությունը շահագրգռված անվանափոխությամբ։ Արդյո՞ք դա և Անկախության հռչակագրում սպասվող խմբագրումները կապ ունեն իրար հետ ու եթե այո, ապա մեծ է հավանականությւոնը, որ այդտեղ կա երրրորդ շահագրգիռ կողմ՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանելու պատասխանատվությունը և հնարավորությունը ունի իշխանությունը և խսիստ ցանկալի է, որպեսզի արհեստական հարցերով հասարակությանը չզբաղեցնեն ու չգրգռեն։
Եվ վերջում մնում է ավելացնել, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մարդիկ պատության իրոք հասու լինեն։ Պատմությունը չընկալվի որպես ավարտված հեքիաթ կամ բարդ առասպել։ Պատմությունը լինի հասկանալի և տրամաբանվող։ Եթե պատմության հանդեպ շարունակվի այն կես-առասպելական ու անգրագետ-հիացական, կես-արհամարհական վերաբերմունքը, ապա անվանափոխոթյունը ոչ մի օգուտ չի տա։ Կարող ենք այն անվանել ինչպես ցանկանանք ու չփոխել ոչ մի բան։ Միայն ձևը կուլ կտա բովանդակությանը, ինչպես, որ հաճախ է պատահում հայկական իրականության մեջ։ Հարկավոր է պատմության ու դրա ընկալման հետ ամենալուրջ վերաբերմունքն ունենալ, քանի որ պատմությունը ոչ միայն անցյալի մասին է, այլև ապագայի ու պատմության ուսումնասիրման ամեն բացը հանգեցնում է նոր մոլորության ու կորստի։
Ամեն դեպքում ներկայումս «Հայոց պատմության» անվանափոխության կարիք չկա, քանի որ այդ փոփոխությունը չի ենթադրում որևէ որակական առավելություն և խորություն։ Դե իսկ եթե որևէ կերպ այն նպաստելու է խեղաթյուրմանը, ապա այն միանշանակ պետք է կասեցվի, թեև պետք է նշել, որ պատմությունը կարելի է խեղաթյուրել՝ առանց անվանափոխելու։