ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ-ի Միակ Ընտրությունը՝ Զղջում Կամ Մահ

Ամեն անգամ երբ դաշնակցականների կողմից հնչում է մեղադրանք(շատ անգամ լրիվ հիմնավոր) իշխանությունների հասցեին՝ այս կամ այն հարցում թերանալու կամ տապալելու առումով, իշխանությունները շատ հմտորեն «ՀՅԴ-ի դեմն են դնում» նրանց տասնամյակների գործունեությունը, կոալիցիաները և պաշտոնավազքը, որն իրականացվել է երկար ժամանակ՝ ընդ որում դա անում են հաճախ չափն անցնելով և չարաշահելով իրենց կարգավիճակը։ 

Մեր Ուղին

Հայկական քաղաքական պատմության մեծագույն երևույթներից մեկը՝ ՀՅԴ-ը այսօր հայտնվել է աննախանձելի իրավիճակում։ Ընդհանրապես ավանդական կուսակցությունները խիստ թուլացած վիճակում են և միայն ՀՅԴ-ն է ունակ եղել պահպանել իր ուժն ու միասնությունը և հաղթահարել խորհրդային ժամանակաշրջանի տարագրությունը, բայց այսօր՝ անկախ Հայաստանում նույն ՀՅԴ-ը, որ իր ժամանակին կանգնած է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ակունքներում, հայտնվել է ինքնամեկուսացման ու խաբկանքի ցայտնոտում։ Պատճառները շատ են, հատկապես վերջին մի քանի տասնամյակների գործունեությունը և որպես հետևանք՝ անխուսափելիություն հանդիսացող վերաբերմունքը հասարակության կողմից։ 

ՀՅԴ՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերը մեծ և անժխտելի է և շատ ցավալի է երբեմնի առաջնորդ-կուսակցությանը տեսնել այս վիճակում։ Բայց այդ վիճակն առկա է և այն չի փոխվում, որովհետև չի փոխվում կուսակցության պահվածքն ու դիրքորոշումը իր գործունեության ու պատասխանատվության մասով։ ՀՅԴ-ը անկախ Հայաստանի ստեղծման առաջին իսկ պահերից ներգրաված է եղել ներքաղաքական կյանքում և Լևոն-Տեր Պետրոսյանի կողմից քաղաքական հետապնդումները չկանգնեցրին դաշնակցականներին, նրանք շարունակեցին ապահովել իրեն ներկայությունը հասարակական-քաղաքական դաշտում, բայց նրանք արդեն գործում էին լրիվ անճանաչելիորեն և մարդկանց առջև կանգնեց մի ՀՅԴ, որ նվազագույն նմանություն ուներ այն ՀՅԴ հետ, որի հերոսների ու հենց կուսակցության մասին լեգենդների աստիճանի հասած պատմություններ էին պտտվում։ Երկրորդ և երրորդ նախագահների հետ կոալիցիոն գործունեության ընթացքում ՀՅԴ ռեյտինգը ծայրահեղ ցածր մակարդակի իջավ, երբ 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողացավ հաղթահարել անգամ անցողիկ նվազագույն շեմը։ ՀՀԿ-ը չկարողացավ օգնել այնպես, ինչպես նախորդ տարիներին, քանի որ ՀՀԿ-ը ևս գտնվում էր մեկուսացման ու համընդհանուր արհամարհանքի քողով պատված։ ՀՅԴ-ը շարունակեց իր գործունեությունը արտախորհրդարանական պայմաններում և խորհրդարան վերադարձավ 2021թ․ արտահերթի պայմաններում, երբ ծանր պարտությունից հետո լիովին հասկանալի հուզմունք ու հիասթափություն էր տիրում մարդկանց մոտ, խորը հիասթափություն իշխանության հանդեպ։

Բայց վերադարձը խորհրդարան տեղի չունեցավ մարդկանց՝ ՀՅԴ-ին կրկին վստահելու հետևանքով։ ՀՅԴ-ը հետ եկավ խորհրդարան իր մշտական քաղաքական առաջնորդներից մեկի՝ Քոչարյանի ակտիվ օժանդակությամբ և 2021թ․ առ այսօր ՀՅԴ խորհրդարական գործունեությունն արտահայտվում է մշտական բողոքներով, ընդվզումներով, ժամանակ առ ժամանակ բոյոտներով, փողոցային ցույցերով և այդ ամենը՝ լրիվ զրո արդյունքով։ ՀՅԴ-ը այդպես էլ չի կարողանում կրկին վստահություն ունենալ մարդկանց շրջանում և պատճառն իր կոալիցիոն տարիներն են, երբ իշխանության հետ կիսեց պաշտոնները, բայց ոչ պատասխանատվությունը և առ այսօր չի ցանկանում ընդունել, որ Հայաստանի ճակատագրի ձևավորման գործում նաև իր ներդրումը կա ու Հայաստանի տապալումը նաև իր տապալումն է, քանի որ 1998թ․ առ այսօր Ռ․ Քոչարյանի հետ չընդհատվող գործունեությունը ՀՅԴ-ին ևս մեղսակից է դարձնում Հայաստանում կատարված ամեն ինչին։ Բայց ՀՅԴ-ը չի ցանկանում ընդունել, որ կա իր բաժին մեղքը և ամեն անգամ երբ դաշնակցականների կողմից հնչում է մեղադրանք(շատ անգամ լրիվ հիմնավոր) իշխանությունների հասցեին՝ այս կամ այն հարցում թերանալու կամ տապալելու առումով, իշխանությունները շատ հմտորեն «ՀՅԴ-ի դեմն են դնում» նրանց տասնամյակների գործունեությունը, կոալիցիաները և պաշտոնավազքը, որն իրականացվել է երկար ժամանակ՝ ընդ որում դա անում են հաճախ չափն անցնելով և չարաշահելով իրենց կարգավիճակը։ ՀՅԴ-ը, ամեն անգամ իր ձեռքով լեզու է դնում ՔՊ բերանը, երբ նրանց քննադատում է մի բանի համար, որ տասնամյակներով ինքն է արել։ ՔՊ-ը շարունակելու է ՀՅԴ-ի բերանը փակել անգամ, որովհետև ՀՅԴ-ը չի զղջացել ոչ մի բանի համար, իսկ մարդիկ էլ չեն մոռացել, թե ՀՅԴ-ը ում հետ էր և շարունակում է ընկերություն անել։ ՔՊ-ը(և ոչ միայն) գիտի, որ քանի դեռ ՀՅԴ-ը ներողություն չի խնդրել ժողովրդից, ապա ինքը դեռ կարող է անընդհատ նրան մեղադրել, հեգնել, մի բան որից կզրկվի անմիջապես, եթե ՀՅԴ-ը դադարեցնի նախկին ու ներկա իշխանության որևէ  ներկայացուցչի հետ համագործակցությունից և սկսի նոր ու թարմ մի էջ։ Բայց ՀՅԴ-ը, անհասկանալի պատճառներով անզիջում կեցվածք է դրսևորել, որն ամեն անգամ արտահայտվում է իր Ընդհանուր Ժողովներով և ամեն անգամ ավելի ու ավելի սուր դիրքորոշում է ընդունում՝ իրեն ավելի հեռացնելով հասարակ մարդկանցից։ Շատերի մոտ այն կարծիքն է, որ չլիներ պատերազմը, ո՛չ ՀՅԴ-ը, ոչ ՀՀԿ-ը չէին անցնելու խորհրդարան, բայց նրանց ընտրեցին որպես այլընտրանք Փաշինյանին։ 

ՀՅԴ-ին ընդամենը մեկ ազնիվ զղջում է պետք։ Ընդամենը մեկ քայլ և ժողովուրդը, որ երբեք իր հույսը չի կորցնում, կընդունի ՀՅԴ-ին, նորից կվստահի։ Միայն թե ՀՅԴ-ը իրոք պետք է ցույց տա, որ նա ցանկանում է վերադառնալ ակունքներին՝ ժողովրդին, որպեսզի վերածնվի նրանից, այնպես ինչպես դիցաբանական Անթեյն էր հզորանում՝ ձեռքով մայր հողին դիպչելով։ Բայց քանի դեռ ՀՅԴ-ը շարունակում է քաղաքական դեկորացիայի դերը, նրան մերժելու է հասարակ քաղաքացին ու ծաղրելու են անգամ ՔՊ-ականները, որոնց ժամանակը թափով ավարտվում է, իսկ ռեյտինգը՝ անշեղորեն իջնում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *