Քարոզչությամբ ձեռքերը լվանալով Իսրայելի հետ համերաշխությունից, Ալիեւը, հավանաբար, փորձում է միջազգայնորեն լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ոչնչացման իր «պատմական հաղթանակը»։
Վահրամ Աթանեսյան
Բաքուն ձեռքերը լվանում է. քաղաքական Լեռնային Ղարաբաղը սպանվա՞ծ է
Եվրամիությունը երեք ու կես միլիոն եվրո է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, ասում է ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի գրասենյակի հաղորդագրությունը, որ տարածվել է Արարատ Միրզոյանի հետ Ժոզեպ Բորելի բանակցություններից հետո: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գումարը, երբ միայն բռնատեղահանվածների թոշակները վճարելու համար տարեկան մոտ հիսուն միլիոն դոլար է պահանջվում՝ այլ հարց է: Ավելի էական է, թե Եվրամիությունը կիսու՞մ է Ադրբեջանի պաշտոնական նարատիվը, որ «հայերը Ղարաբաղից կամավոր են հեռացել»:
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից երեք շաբաթ անց ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ներխուժեցին Իսրայելի հարավային շրջաններ: Երբ Գազայում Իսրայելը նոր էր պատժիչ գործողություններ իրականացնում, Իլհամ Ալիեւը խորհուրդ տվեց ընդօրինակել իր փորձը, թե ինչպես պետք է ռազմական գործողություն իրականացնել՝«առանց վնասելու քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածներին»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն օրերս, կարծես, պատասխանեց նրան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահներն «այդ թվում իրենց կյանքի գնով են ապահովել ԼՂ հայ բնակչության անվտանգ տարհանումը»:
Ասվածն, ինչ խոսք, հակասում է փոխարտգործնախարար Գալուզինի հայտարարությանը, թե «հայերը կամավոր են հեռացել» – բայց ավելի էական է, որ Բաքվի իշխանամերձ մամուլը Նաթանյահուի համար կանխատեսում է իրավիճակ, երբ նրա ձեռքերում «կմնա մոխիր եւ արյուն»: «Մոխիրը» հասկանալի է՝ Գազան ավերված է, վերականգնելու համար տասնամյակներ եւ հսկայական ներդրումներ են պետք, բայց ալիեւյան քարոզչությունը բացահայտ հասկացնում է, որ Նաթանյահուին չի հաջողվելու փակել խաղաղ բնակչության հարցը, պաղեստինցի արաբները վերադառնալու են, իսկ արյան համար Իսրայելը պատասխանատու է:
Իսկ Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար Ալիեւը պատասխանատու չէ՞, Բաքուն ձեռքերը լվանու՞մ է: Եվրամիությունը, Միացյալ Նահանգները ԼՂ բռնատեղահանված բնակչությանը մի քանի միլիոն եվրո կամ երկու տասնյակ միլիոն դոլար հատկացնելու որոշումներով քաղաքական հարցը փակու՞մ են: Եւ Ստեփանակերտի կեցվածքը, որ մարդիկ չեն վերադառնա, քանի դեռ Արցախում ադրբեջանական իշխանություն է, կոնկրետ իրավիճակին որքանո՞վ է համարժեք:
Իսրայելից, վարչապետ Նաթանյահուից ձեռքերը լվանալու Բաքվի քարոզչությունը, կարծես, մատնում է Ալիեւի զգուշավորությունը: Սեպտեմբերի 19-ի «լոկալ հակաահաբեկչական գործողության» որեւէ իրական շարժառիթ Ադրբեջանը չի ունեցել, Ալիեւը քաղաքական հարց է լուծել՝ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր»: Նաթանյահուին չհաջողվեց պատերազմով փակել Պաղեստինի անկախության հարցը: Քարոզչությամբ ձեռքերը լվանալով Իսրայելի հետ համերաշխությունից, Ալիեւը, հավանաբար, փորձում է միջազգայնորեն լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ոչնչացման իր «պատմական հաղթանակը»: Ո՞վ եւ ինչպե՞ս է վերածնելու քաղաքական Լեռնային Ղարաբաղը: Բայց նախ պետք է հասկանալ, թե ով եւ ինչու է այն սպանել: Սպանվա՞ծ է քաղաքական Լեռնային Ղարաբաղը: