Հայաստան

Ռուս-Ադրբեջանական Փետրվարի 22-ը

«Ի՞նչ քննարկումների մեջ են Մոսկվան եւ Բաքուն՝ կարելի է ենթադրել երկու տարի առաջ ստորագրված փաստաթղթի այն դրույթից, որ կողմերը պետք է համաձայնեցնեն էներգետիկ ծրագրերի: Բայց Ադրբեջանի էներգետիկ հնարավորություններով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը»։

Վահրամ Աթանեսյան

Երկու տարի առաջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մոսկվայում ստորագրեցին ռազմավարական համագործակցության հռչակագիր: Մեկ ամիս անց՝ 2022 թ. մարտի 22-ին Բաքու ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար Կիմի գլխավորությամբ: Երկու օր հետո ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը եւ Քարագլուխ բարձունի մի զգալի հատվածը հանձնեցին ադրբեջանական զորքերի վերահսկողությանը:

Իրավիճակը «հանգուցալուծվեց» անցյալ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմով, Արցախի հայ բնակչության լիակատար բռնատեղահանությամբ, ինչի մասին ադրբեջանցի քաղաքագետ Գասիմլին այսօր ասում է, որ «հնարավոր չէր լինի, եթե Ռուսաստանը կանաչ լույս չվառեր»: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, սակայն, համարում է, որ Բաքուն «շատ թանկ գին է վճարում»: Նրա կարծիքով՝ Մոսկվան այսօր խնդիրը ներկայացնում է այնպես, որ եթե «խաղաղապահները չլինեին, Ադրբեջանը հայերի զանգվածային սպանություններ կիրականացներ»:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգներից եւ Չինաստանից հետո Ռուսաստանն «աշխարհի երրորդ ազդեցիկ երկիրն է, եւ Ադրբեջանը կարողացել է դիվանագիտական ճիշտ քայլերով նրա հետ դաշնակցային հարաբերություններ հաստատել»: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այսօր «թվաբանական հաշվարկ է կատարում, թե ո՞ր կողմի հետ դաշնակցությունն է ավելի օգտակար եւ Հայաստանի փոխարեն ընտրել է Ադրբեջանին»:

Որքանով հասկացվում է՝ Մոսկվայի հետ հարաբերություններում Բաքուն փորձում է Լեռնային Ղարաբաղի անեքսիայի եւ հայ բնակչության բռնատեղահանության «կանաչ լույսի» դիմաց այլ փոխահատուցում առաջարկել՝ բացառելով ԼՂ հայ բնակչության վերադարձի, անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցերի քննարկումը: Մամուլը գրում է ԱՊՀ/ԵԱՏՄ տնտեսական տարածքին «առանձնահատուկ ինտեգրացիայի հավանականության» մասին:

Մանրամասնություններ առայժմ չեն փոխանցվում, բայց նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում Ալի Ասադովի վերանշանակումը հիմնավորվում է նաեւ նրա եւ ՌԴ վարչապետ Միշուստինի միջեւ «վստահելի փոխհարաբերություններով»: Ի՞նչ քննարկումների մեջ են Մոսկվան եւ Բաքուն՝ կարելի է ենթադրել երկու տարի առաջ ստորագրված փաստաթղթի այն դրույթից, որ կողմերը պետք է համաձայնեցնեն էներգետիկ ծրագրերի: Բայց Ադրբեջանի էներգետիկ հնարավորություններով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը: Մյունխենի անվտանգության համաժողովից անմիջապես հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարը մեկնել է Վաշինգտոն:

Հայտնի է դարձել, որ BP-ի դուստր ձեռնարկությունը Ջեբրայիլում նախատեսում է արեւային էլեկտրական կառուցել: Բաքուն էներգետիկ ծրագրեր է քննարկում նաեւ Արաբական միացյալ էմիրությունների հետ: Զարդուշտ Ալիզադեն արձանագրում է, որ «բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմնորոշման առաջին հովանավորը Թուրքիան է»: Նկատի է առնվում, որ աշխարհաքաղաքական նշանակության ընտրությունը կախված է ռուս-թուրքական կամ թուրք-արեւմտյան պայմանավորվածությունների՞ց:

Ըստ երեւույթին՝ նման երկվություն Բաքվում կա, եւ նույնիսկ իշխող վերնախավը միասնական մոտեցում չունի: Փորձագիտական տեսակետների համադրումից հասկացվում է, որ Ռուսաստանն առայժմ գերխնդիր է տեսնում ռազմական ներկայության ֆորմալացումը, ինչին Ալիեւը հնարավոր բոլոր միջոցներով դիմադրում է: Սա խիստ զգայուն վիճակ է: Ամենեւին էլ բացառված չէ, ավելին՝ շատ հավանական է, որ Ադրբեջանից ռուսական ռազմական ներկայությունը հեռացնելու հարցում Արեւմուտքը սատարի եւ աջակցի Ալիեւին:

Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրից Ալիեւը քաղել է հնարավոր առավելագույնը: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, այն հարթությունում է, թե ինչպե՞ս է նա ազատվելու ռուսական ռազմական ներկայությունից: Արեւմուտքը շարունակելու՞ է պնդել ԼՂ հայ բնակչության արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի հարցը: Ռուսաստանը պնդելու՞ է, որ «խաղաղապահների ներկայությունը պահանջված է»: Իշխանամերձ մամուլն Արեւմուտքին մեղադրել է «Վարդան Օսկանյանի հանձնաժողովի միջոցով անջատողականությանը սատարելու» մեջ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *