Ըստ երեւույթին, կմասնակցի նաեւ Թուրքիան, որ Ադրբեջանի առաջին լոբբիստը եւ բոլոր առումներով հովանավորն է: Ալիեւը կարձագանքի՞ Ուկրաինայի նախագահի բաց-հրապարակային «շախին»:
Վահրամ Աթանեսյան
Փետրվարի 24-ին Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի առթիվ հայտարարություն էր տարածել, որտեղ Ադրբեջանի, նրա իշխանությունների եւ ժողովրդի հասցեին երախտիքի, նույնիսկ արարողակարգային շնորհակալության ոչ մի խոսք չկար: Ադրբեջանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը երախտագիտություն էր հայտնում առհասարակ բոլոր բարեկամներին, ում աջակցության շնորհիվ Ուկրաինան ոչ միայն դիմակայել, այլեւ ավելի է ամրապնդվել:
Հայտարարությունը չէր անդրադարձել ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններին, դրանց հետագա զարգացման եւ խորացման հնարավորություններին՝ ինչպես ընդունված է նման դեպքերում: Թե ի՞նչ ուղերձ էր պարունակում այդ հայտարարությունը՝ Ադրբեջանի պատկան մարմինները եւ փորձագիտական հանրությունը գերադասեց լռել: Հաջորդեց տեղեկատվական արտահոսք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին «մարտ ամսում կայցելի Բաքու եւ Երեւան»: Ադրբեջանական մամուլի արձագանքը չափազանց բնութագրական էր. Բաքվում գերադասեցին տպավորություն թողնել, որ «Զելենսկին այցելում է Երեւան, իսկ Մոսկվան՝ սպառնում Հայաստանին»:
Այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին «Ուկրաինա. 2024 թվական» խորհրդաժողովին ելույթում խոսել է նաեւ Ադրբեջանի մասին: Ադրբեջանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանը սուվերեն իրավունքների եւ խաղաղության կողմնակից է: Մյուս կողմից, իհարկե, մենք ուրախ կլինեինք, եթե դա հնարավոր է, խաղաղության Ֆորումին Ադրբեջանի ներկայությամբ,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Դիվանագիտական լեզվից եթե «թարգմանենք» շախմատայինի, ապա կստացվի, որ Զելենսկին Իլհամ Ալիեւին «շախ» է հայտարարել: Այո, Ադրբեջանը խոսքով ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հարգում է նրա ինքնիշխանությունը, բայց, ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ «ահա՝ քարը, ահա՝ կշեռքը». Շվեյցարիան պատրաստվում է Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորում կազմակերպել, եւ Զելենսկին փաստացի Ալիեւին մասնակցության հրավեր է անում:
Պետք է ենթադրել, որ Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումի գաղափարը ծնվել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի քննարկումների արդյունքում, եւ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, Ադրբեջանի մասին խոսում է արեւմտյան գործընկեր առաջնորդների համաձայնությամբ կամ, թերեւս, կատարում է նրանց հանձնարարությունը՝ «շախ» ասել Ալիեւին. եթե մասնակցում է Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումին, ապա համերաշխվում է այն ճամբարին, որ հանդես է գալիս միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, առաջին հերթին՝ սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու դիրքերից: Եթե չի մասնակցում, հայտնվում է հակառակ կողմում, այսինքն նույնականանում է Վլադիմիր Պուտինի հետ:
Ադրբեջանի համար իրավիճակը դելիկատ է նաեւ այն առումով, որ այս տարի Բաքվին է անցել ՎՈՒԱՄ կազմակերպության նախագահությունը, իսկ այնտեղ Ույրաիանան է, Վրաստանը եւ Մոլդովան, որ եվրաինտեգրման ընտրություն են կատարել: Այդ երկրներն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումին: Ըստ երեւույթին, կմասնակցի նաեւ Թուրքիան, որ Ադրբեջանի առաջին լոբբիստը եւ բոլոր առումներով հովանավորն է: Ալիեւը կարձագանքի՞ Ուկրաինայի նախագահի բաց-հրապարակային «շախին»:
Ոչ ոք, իհարկե, միանշանակ չի կարող պնդել, որ Ռուսաստանի ճամբարում գտնվելը վնասաբեր, իսկ արեւմտյան-ուկրաինական դաշինքին հարելը լիովին արդյունավետ ընտրություն է: Այս պարագայում էական է, թե Ալիեւն ինչ կողմնորոշում կդրսեւորի եւ որքանով կանխատեսելի կամ անկանխատեսելի կլինեն նրա հետագա հնարավոր քայլերը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։