Հիմա Ռուսաստանը խախտում է ուկրաինացիների բոլոր իրավունքները, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով այնտեղ, իսկ մեր հարցով, մենք ստիպված ենք գործ ունենալ երկու դիկտատորների՝ Ալիևի ու Պուտինի հետ, որոնք Հայաստանի նկատմամբ իրականացնում են այն, ինչ Պուտինը՝ Ուկրաինայի, և մենք պետք է կարողանանք օգտագործել այդ։ Բայց եթե մենք հստակ օրակարգ չունենք և չգիտենք, թե ինչ է պետք անել, ապա Զելենսկու այցը մեզ կարող է վնասել։
Գայանե Աբրահամյան
FactorTV-ն զրուցել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ։ Զրույցն ընթացել է Մյունխենում Ալիև-Փաշինյան հանդիպման, ապա հայ և ադրբեջանցիների պաշտոնյաների բանակցությունների ու դրանից բխող հետևանքների մասին։
Գայանե Աբրահամյանը կարևորեց այդ հանդիպումն այն առումով, որ դա թեև փոքր, բայց էական քայլ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված տրամաբանության շղթայում։ Այդ քայլը նաև պետք է համարել արևմտյան դիվանագիտության թեկուզ փոքր, բայց նշանակալի հաղթանակ։ Բայց, բնականաբար, դեռևս վաղ է կոնկրետ գնահատականներ տալ։ Բանակցություններն արդեն մի քանի ամիս է ինչ ընթանում են և պետք է հասկանալ, թե ինչպիսի տեքստ կլինի առաջարկություններում և աշխատանքի շարունակման ինչպիսի հեռանկարներ կբացվեն։
Այն դիտարկմանը, որ Ալիևի տրամադրվածությունը ենթադրում է այն, որ նրանք Հայաստանի հետ պատրաստ են խաղաղության այն ժամանակ, երբ հայերը բավարարեն նրանց բոլոր պահանջները, Գայանե Աբրահամյանը պատասխանեց, որ մի քանի մեկնաբանություն կարելի է անել այդ հարցով։ Նախ, Ալիևի պահվածքը հետևանք է արևմտյան կողմի ոչ բավականաչափ գործուն մասնակցության, այսինքն նրանք միջնորդի դեր տանում են զուտ հարթակ լինելու հարցով, չեն միջամտում, դրա համար էլ Ալիևը կարող է իրեն թույլ տալ ավելի ագրեսիվ ոճ կիրառել, բայց արևմուտքում ևս արդեն հասկանում են, որ Ալիևի պահանջների բավարարում ասվածը չի կարող ապահովել խաղաղության կայացումը, և դրա լավ օրինակներից է այն որ եթե Փաշինյանի հետ հանդիպումից հետո արևմտյան կողմը իր հրապարակած տեքստում նշում էր «արժանապատիվ խաղաղություն» բառերը, ապա Ալիևի հետ հանդիպումից հետո «արժանապատիվը» չկար, որը հավանաբար նշանակում է, որ արևմտյան կողմը ևս հասկանում է, որ ալիևյան պայմաններով պահանջների կատարումը չի կարող արժանապատիվ լինել
Ընդ որում մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք պատերազմի հանցագործի ու դիկտատորի հետ, ում համար լրիվ ընդունելի է սպառնալիքի ու հարկադրանքի մեթոդը, բայց դեռ պետք է հասկանալ, թե արևմտյան միջնորդները համաձա՞յն են դրա հետ, թե ոչ։
Գայանե Աբրահամյանը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցն է սպասվում Երևան։ Նա ասաց, որ եթե մենք հստակ օրակարգ ու պլան ունենք, ապա Զելենսկու այցը կարող ենք օգտագործել ի օգուտ մեզ, այնպես ինչպես ողջ աշխարհը Ուկրաինայի հարցով ունի մեկ միասնական դիրքորոշում, ի տարբերություն արաբա-իսրայելյանի, ուր Իսրայելի նկատմամաբ շատ են քննադատական խոսքերը, այնպես էլ մենք կարող ենք աշխարհին հասկացնել, որ այն ինչ նա արգելում է Պուտինին Ուկրաինայի հարցով, նույնը պետք է անել Հայաստանի մասով։ Որովհետև շատ հարցերում Հայաստանի և Ուկրաինայի խնդիրները նման են։ Երկուսն էլ եղել են ԽՍՀՄ ճամբարում, հետո անկախացել են ադմինիստրատիվ սահմանները պետական սահման ընդունելու սկզբուքնով։ Հիմա Ռուսաստանը խախտում է ուկրաինացիների բոլոր իրավունքները, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով այնտեղ, իսկ մեր հարցով, մենք ստիպված ենք գործ ունենալ երկու դիկտատորների՝ Ալիևի ու Պուտինի հետ, որոնք Հայաստանի նկատմամբ իրականացնում են այն, ինչ Պուտինը՝ Ուկրաինայի, և մենք պետք է կարողանանք օգտագործել այդ։ Բայց եթե մենք հստակ օրակարգ չունենք և չգիտենք, թե ինչ է պետք անել, ապա Զելենսկու այցը մեզ կարող է վնասել։
Գայանե Աբրահամյանը միանշանակ դրական գնահատեց Երևանի Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու հարցը։ Նա նախ հիշեցրեց, որ ռուսական զորախմբի ներկայությունը որևէ անվտանգություն չապահովեց Արցախում, դեռ մի բան էլ պաշտպանեցին ադրբեջանցիների «հակաահաբեկչական» գործողությունները։ Իսկ հիմա, հաշվի առնելով ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատկապես այն, որ Ուկրաինայի վրա հարձակման նախօրյակին ռուս-ադրբեջանական պայմանագիր կնքվեց, ռուս սահմանապահների ներկայությունն ավելի քան վտանգավոր է Զվարթնոցնում։ Բացի նրանցի, որ նրանք կարող են շատ մեծ վերահսկողություն իրականացնել այդ կարևոր դիրքում, նրանք նաև, ըստ ադրբեջանա-ռուսական պայմանագրի, կարող են (հավանաբար արդեն իսկ անում են) իրենց ադրբեջանցի դաշնակցին հետախուզական տվյալներ տրամադրել՝ դրանով իսկ հսկայական վնաս հասցնելով Հայաստանին։ Բացի դրանից, երբ մենք խոսում ենք ԵՄ հետ վիզաների ազատականացման մասին, հարկավոր է հասկանալ, որ քանի դեռ մեր օդանավակայանում ռուս սահմանապահներ են կանգնած՝ վիզայի ազատականացման մասին կարող ենք մոռանալ։
Ամբողջական հարցազրույցը՝