Որեւէ հեռանկար չկա, որ Թուրքմենստանը կփոխի կոշտ դիրքորոշումը: Ավելին, տեղեկություն կա, որ Աշգաբադը Իրանի տարածքով Թուրքիա, այնտեղից Եվրոպա գազ արտահանելու հարցով բանակցում է թուրքական կողմի հետ:
Վահրամ Աթանեսյան
Եվրամիությանը եւ Ռուսաստանին պարտավորվածության միջակայքում
Բաքվում գումարվել է Հարավային գազային միջանցքի Կոնսուլտատիվ խորհրդի նիստ, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսքը Բաքու-Էրզրում գազատարի մասին է, որ ադրբեջանական գազը հասցնում է Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպական շուկա: Մեկ տարի առաջ Ադրբեջանը եւ Եվրահանձնաժողովը համաձայնագիր են ստորագրել, որով Բաքուն պարտավորված է 2027թվականին եվրոպական ուղղությամբ գազի արտահանման տարեկան ծավալները հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի:
Ելութ ունենալով Խորհրդի նիստում, Ալիեւը հայտարարել է, որ իր խոսքը նույնքան նշանակալի է, որքան՝ ստորագրությունը եւ մասնակիցներին վստահեցրել, որ եկող տարվա առաջին եռամսյակում «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» նավթահանքավայրում կսկսվի գազի արդյունահանումը: Նրա ձեւակերպմամբ՝ խոսքը «հսկայական պաշարների մասին է»: Ըստ երեւույթին, Եվրամիությունը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կկարողանա կատարել պարտավորությունը: Ալիեւն այդ գործարքը կնքել էր՝ խաղադրույք դնելով թուրքմենական գազի վրա: Տարեսկզբից Թուրքմենստանն անսպասելի խզել է Ադրբեջանին տարեկան երեք միլիարդ խորանարդ մետր գազ վաճառելու պայմանագիրը, որ իրականացվում էր Իրանի միջոցով:
Որեւէ հեռանկար չկա, որ Թուրքմենստանը կփոխի կոշտ դիրքորոշումը: Ավելին, տեղեկություն կա, որ Աշգաբադը Իրանի տարածքով Թուրքիա, այնտեղից Եվրոպա գազ արտահանելու հարցով բանակցում է թուրքական կողմի հետ: Ալիեւը, երեւում է, ստիպված է լրացուցիչ պաշարներ ստեղծել տեղում: Այդ է պատճառը, որ «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» նավթահանքավայրում գազի արդյունահանման ծրագիր է իրականացվում: Իսկ ո՞վ է արդիականացնելու Բաքու-Էրզրում գազախողովակաշարը: Գործող վիճակում դրա թողունակությունը բավարար չէ, որպեսզի տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանի:
Հավանաբար, Խորհուրդը գումարվել է, որպեսզի քննարկի նաեւ այդ հարցը: Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրել էին, որ Եվրամիությունը հանդես է գալիս «միայն գնորդի դերում, կվճարի, երբ ադրբեջանական գազը կհասնի սպառողին, մյուս հարցերը պետք է կարգավորի վաճառողը»: Սա, իհարկե, դատավճիռ չէ: Բայց անցյալ տարեվերջին Ալիեւն ինքն էր ակնարկել տարաձայնությունների, անգամ գործարքը խզելու եւ դատական կարգով փոխհատուցում պահանջելու հավանականության մասին:
Ավելի բարդ է, կարծես, քաղաքական խնդիրը: Խորհրդի նիստին ելույթում Ալիեւն ասել է, որ էներգակիրների ոչ միայն երթուղիները, այլեւ ծագման աղբյուրները նույնպես «ենթակա են դիվերսիֆիկացման»: Կարելի է ենթադրել, որ նա Եվրամիությանն առաջարկում է չկենտրոնանալ գազի պաշարների, այսպես ասած՝ «ծագումնաբանության» խնդրի վրա, էականն այն է, որ էներգակիրները հասնեն Եվրոպա: Անցյալ տարի Ադրբեջանը «Գազպրոմից» մեկուկես միլիարդ խորանարդ մետր գազ գնելու համաձայնագիր է ստորագրել:
Դաշնակցային հարաբերությունների մասին 2022թ. փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական հռչակագրով Ադրբեջանը պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ: Այս դեպքում, ըստ Ալիեւի, նրա ստորագրությունը նույնպես պետք է «նշանակալի» լինի, ինչպես եւ՝ Ռուսաստանին «ասած խոսքը»: Խոսելով էներգետիկ անվտանգության մասին՝ Ալիեւը խնդիրը հասցեագրել է «եվրասիական տարածությանը: Ռուսաստանի նախագահ Պուտինն ամենամյա Ուղերձում աշխարհաքաղաքական նպատակ է հռչակել նաեւ «ԱՊՀ-ԵԱՏՄ ինտեգրացիայի խոացումը»: Ալիեւին կհաջողվի՞ Եվրամիությանը եւ Ռուսաստանին պարտավորության միջակայում մնալ ստորագրության եւ խոսքի տերը: