Հայաստան

Լավրովի Զգուշացումը Երևանին

Հայաստանը չի կարող ՀԱՊԿ առնչությամբ դիրքավորումով իր համար լուծել քաղաքական խնդիրներ, իսկ ԵԱՏՄ «գծով» շարունակելով աշխատանքը ինտեգրացիոն նախագծում՝ ստանալ տնտեսական էֆեկտ։

Հակոբ Բադալյան

Լավրովի զգուշացումը Երեւանին՝ Ֆիդանի եւ Բայրամովի հետ հանդիպումներից հետո

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անցկացրած ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով ՀԱՊԿ վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարություններին, բավականին թափանցիկ ակնարկեց, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մնալ ԵԱՏՄ-ում:

Այլ կերպ ասած, ըստ Լավրովի, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ առնչությամբ դիրքավորումով իր համար լուծել քաղաքական խնդիրներ, իսկ ԵԱՏՄ «գծով» շարունակելով աշխատանքը ինտեգրացիոն նախագծում՝ ստանալ տնտեսական էֆեկտ: Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի ակնարկում է այն մասին, որ քաղաքական հարցերի լուծման ճանապարհին Մոսկվայի համար ռազմավարական սպառնալիքների պարագայում Երեւանը կստանա տնտեսական պատժամիջոց:

Անկասկած է, որ Ռուսաստանն ունի Հայաստանին տնտեսական հարված հասցնելու էական լծակներ: Որեւէ կերպ չի նշմարվում այդ հարցում այսպես ասած համարժեք այլընտրանքի շոշափելի հեռանկար: Դա մեծ հավանականությամբ կբերի Հայաստանի ներսում հասարակական տրամադրությունների լուրջ տատանման: Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, Ռուսաստանի համար մարտավարական իմաստով կարող է ընդունելի լինել Հայաստանի ներկայիս քաղաքականությունը, որը ստեղծում է իրավիճակ, երբ արեւմտյան դերակատարները հայտնվում են կայունության հարցում զգալի պատասխանատվության տակ:

Միեւնույն ժամանակ, Մոսկվայի համար կարեւոր է թույլ չտալ այդ իրադրության ռազմավարական շրջադարձ, երբ մարտավվարական էֆեկտը կամ շահեկանությունը կարող է անցնել արդեն ռազմավարական ռիսկի ռեժիմի: Լավրովի հայտարարությունը այդ իրադրությունը, այսպես ասած՝ մարտավարական-ռազմավարական հարաբերակցությունը կառավարելու վկայություն է, որը միտված է Երեւանին ցույց տալու, որ Ռուսաստանը մտադիր չէ «բաց թողնել» իրավիճակը: Այստեղ էական է հարցը, թե արդյո՞ք Մոսկվան Երեւանի գործողություններում տեսել է ռազմավարական ռիսկի շոշափելի առարկայացում, թե՞ Լավրովի հայտարարությունները «բխել» են Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ննրա հանդիպումներից, որոնք տեղի են ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *