Հայաստան

Կահիրե Այցի Իրական Նպատակները

Այդ եռակողմ գործակցությունն ուշագրավ է այն եռակողմ ձեւաչափի ֆոնին, որ 2019-ից ձեւավորել են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը: Միաժամանակ, Երեւանում Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ անհավանական չէ Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան-Հնդկաստան քառակողմ ձեւաչափ:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանի եգիպտական այցի շերտերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Եգիպտոս, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Սիսիի հետ, նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նիկոլ Փաշինյանի այցն ըստ էության հնարավոր է համարել Եգիպտոսի նախագահի՝ նախորդ տարի Հայաստան կատարած այցի պատասխանի տրամաբանության համատեքստում: Եգիպտոսի նախագահ Սիսին 2023-ի հունվարին այցելեց Հայաստան, ինչը պատմական էր այն առումով, որ անկախությունից ի վեր Եգիպտոսի նախագահի առաջին այցն էր Հայաստան: Իհարկե նախագահ Սիսին այցելել էր ռեգիոնալ այցով՝ լինելով նաեւ Բաքվում:

Իսկ Կովկաս գալուց առաջ եղել էր Հնդկաստանի Ազգային տոնի պատվավոր հյուրը: Երեւանում Եգիպտոսի նախագահը բացի երկկողմ օրակարգի վերաբերյալ հայտարարություններից, խոսեց նաեւ երկու էական հարցի մասին: Նախ, նա իր պատրաստակամությունը հայտնեց օգտակար լինել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, եթե կողմերը ցանկանան, եւ դրանից բացի նա խոսեց տրանսպորտային հաղորդուղիների կարեւորության մասին՝ Միջինասիական ռեգիոնից մինչեւ միջերկրծովյան գոտի: Եգիպտոսն այդ առումով փորձում է իհարկե իրացնել իր բազմակողմն ներուժը, այն առումով, որ նա առանցքային դերակատար է ռեգիոնալ մի շարք ուղղություններով՝ Աֆրիկա, Արաբական Լիգա, Մերձավորարեւելյան գոտի, Միջերկծովյան ռեգիոն:

Այդ իմաստով, հաշվի առնելով նաեւ հայ-եգիպտական բավականին խորը պատմական կապերը, Եգիպտոսի հետ հարաբերությունը Հայաստանի համար կարող է օգտակար լինել անվտանգային լայն միջավայրի իմաստով: Միեւնույն ժամանակ, հատկանշական է երկու հանգամանք: Նախ, Նիկոլ Փաշինյանը Եգիպտոս է այցելում Հունաստան կատարած այցից հետո, եւ գործնականում այն ժամանակ, երբ Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարարն ու հանդիպել ննաեւ Փաշինյանի հետ: Հունաստանը կարեւոր նշանակություն է տալիս Եգիպտոսի հետ հարաբերությանը, Կահիրեն դիտարկելով առանցքային գործընկեր այսպես ասած Հարավային միջանցքի տրամաբանության շրջանակում, թե տրանսպորտային հաղորդակցության, թե էներգետիկ նախագծերի իմաստով:

Ձեւավորված է եռակողմ գործակցություն՝ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս, որի շրջանակում կողմերը անցկացրել են մի քանի գագաթնաժողով: 2022 թվականին երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով հայտարարում են արեւելյան-միջերկրծովյան գոտում անվտանգության բարձրացմանն ուղղված ջանքերը համակարգելու մասին: Այդ եռակողմ գործակցությունն ուշագրավ է այն եռակողմ ձեւաչափի ֆոնին, որ 2019-ից ձեւավորել են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը: Միաժամանակ, Երեւանում Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ անհավանական չէ Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան-Հնդկաստան քառակողմ ձեւաչափ: Եթե հաշվի առնենք այն, որ նախորդ տարի Եգիպտոսի նախագահ Սիսին հենց Հնդկաստանից է այցելել Կովկաս, ապա հնարավոր է պատկերացնել այստեղ ընդհանուր օրակարգերի շոշափելիությունը:

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ Եգիպտոսի հետ հարաբերության կարգավորման է գնում Թուրքիան: Համենայն դեպս, շաբաթներ առաջ Կահիրե այցելեց Էրդողանը: Դրան զուգահեռ, Էրդողանը դրանից առաջ եղել էր նաեւ Աթենքում: Ի դեպ, Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում հայտարարեց, թե Երեւանին տեղեկություն կհաղորդի «հույ-թուրքական հարաբերության վերջին զարգացումներից»: Ինչպիսի՞ տեղ կունենան այդ տեղեկություննները Նիկոլ Փաշինյանի Կահիրե այցի օրակարգում: Հարկ է նկատել եւ այն, որ Եգիպտոսը ներկայումս կանգնած է մերձավորարեւելյան պատերազմի մարտահրավերի առաջ, որն ընդհուպ մոտեցել է այդ երկրի սահմանին: Իսրայելը հայտարարել է Գազայի ու Եգիպտոսի սահմանային Ռաաֆա քաղաքում մարտական գործողություններ սկսելու մտադրության մասին: Եգիպտոսը դժգոհ է այդ հեռանկարից: Եթե Իսրայելը սկսի մարտական գործողություններ, ապա հնարավոր է, որ լարվի Կահիրե-Թել Ավիվ հարաբերությունը, ինչը կբերի լարվածության նոր ալիք մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալվող պատերազմում: Իսկ այդ գոտում իրավիճակը անմիջական ազդեցություն ունի Կովկասի անվտանգության վրա:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *