Հայաստան

Մերձդնեստրը «Դավաճանեց»

Գագաուզիայի «բաշկանը» կարո՞ղ է Մերձդնեստրի «դավաճանությունը» փոխհատուցել եւ Եվրամիության հետ Մոլդովայի բանակցություններին ընդառաջ լարվածություն ստեղծել:

Վահրամ Աթանեսյան

Մերձդնեստրը Պուտինին «դավաճանեց». ի՞նչ կանի Գագուզիան

Փետրվարի 28-ին Մերձդնեստրի չճանաչված հանրապետության բոլոր մակարդակների պատգամավորների համագումարը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու որոշում չընդունեց: Տիրասպոլը Մոսկվային խնդրեց, որ դիվանագիտական-քաղաքական գործիքակազմով «տնտեսական շրջափակումը հաղթահարելու» աջակցություն ցուցաբերի: Մոսկվան պատասխանեց, որ խնդրանք «ի գիտություն է ընդունում եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»: Մերձդնեստրի քաղաքական կարգավորման կողմ են Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը, Եվրամիությունը: Առկա իրավիճակում այս ձեւաչափով որեւէ քննարկում բացառված է:

Իրավիճակին շատ դիվանագիտորեն արձագանքեց Մոլդովայի նախագահ Սանդուն եւ հայտարարեց, որ Մոլդովա-Եվրամիություն մեկնարկող բանակցությունները հնարավորություն են, որպեսզի Դնեստրի երկու ափերի մարդիկ միավորվեն: Կարելի է ենթադրել, որ Տիրասպոլը սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի ինքնակառավարման որոշակի երաշխիքներով վերաինտեգրվի Եվրամիության ձգտող Մոլդավային: Համենայն դեպս, Մոլդովայի եվրոպական ընտրության դեմ Տիրասպոլից վերջնագրային բնույթի հայտարարություններ չեն հնչում:

Այս համատեքստում Մոլդովայի կազմում գագաուզական ինքնավարության «բաշկանի» եւ տեղական խորհրդարանի ղեկավարի համար Մոսկվայում կազմակերպվել է բավական բարձր մակարդակի ընդունելություն. նրանք հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Մատվիենկոյին: Գագաուզիայի «բաշկանը» հայտարարել է, որ ինքնավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու մտադրություն ունի, չնայած որ «Մոլդովան ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը»:

Գագաուզիան կազմավորվել է հետխորհրդային շրջանում: Նրա կարգավիճակը սահմանված է առանձին օրենքով: Գործում է նաեւ «Բաշկանի մասին» օրենք, որի առաջին հոդվածով վերջինս պարտավորված է հարգել Մոլդովայի սահմանադրությունը: Ի՞նչ հանգամանքներում է Մոլդովան ստիպված եղել գագաուզական իքնավարություն ստեղծել այն դեպքում, երբ վերջինս նույնիսկ կոմպակտ տարածք չունի՝ մնում է ենթադրել: Գագաուզիան բավական սերտ կապեր ունի նաեւ Թուրքիայի հետ:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մոլդովայի նախագահ Սանդուն Գագուզիայի «բաշկան» Եվգենյա Գուցուլին դեռեւս պաշտոնական ընդունելության չի արժանացրել: Գագաուզները մտավախություն ունեն, որ Քիշնեւը քննարկում է ինքնավարությունը լուծարելու թեման: Ի՞նչ քննարկումներ են ունեցել Գագաուզիայի «բաշկան» Գուցուլը եւ ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Մատվիենկոն՝ տեղեկություն չկա: Հայտնի չէ նաեւ, թե Մատվիենկոյից բացի ու՞մ հետ է բանակցություններ վարել Գուցուլը:

Քիշնեւ-Տիրասպոլ հավանական թվացող երկխոսության նկատմամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը բացասական է: Գագաուզիայի «բաշկանը» կարո՞ղ է Մերձդնեստրի «դավաճանությունը» փոխհատուցել եւ Եվրամիության հետ Մոլդովայի բանակցություններին ընդառաջ լարվածություն ստեղծել: Ի՞նչ ազդեցություն ունի Թուրքիան Գագաուզիայում, դա միայն քաղաքակրթակա՞ն է, թե Անկարան ունի նաեւ քաղաքական լծակներ: Հնարավո՞ր է, որ Մոլդովայի եվրաինտեգրման դեմ Մոսկվան եւ Անկարան միավորվեն:

Տարածքները, որ Մոսկվան «Նովոռուսիա» է անվանում եւ սահմանակից են Մերձդնեստրին, Մոլդովայի հարավին, որտեղ նաեւ Գագաուզիան է, պատմական ոչ այնքան հեռավոր անցյալում Օսմանյան Թուրքիայի մաս են կազմել: Այստեղ ազդեցությունը ենթադրում է նաեւ Արեւելյան Եվրոպա-Սեւծովյան ավազան սուբռեգիոնում ռազմաքաղաքական ներկայություն: Մերձդնեստրի ռուսաստանյան նախագիծը, կարծես, իրականանալու հեռանկար չունի: Գագաուզների պարագան այլ է: Նրանք քաղաքակրթական «առանձնահատուկ տեսակ» են: Հնարավոր է՝ Մոսկվայի հետ շփումների միջոցով գագաուզները ձգտում են Եվրամիությունից էթնիկ-քաղաքակրթական ինքնության երաշխիքներ ստանալ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *