ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մարտի Ութ

Զարգացած ու կայացած հասարակությունում կինը, ինչպես նաև տղամարդը, հստակ պաշտպանության կարիք չունեն, քանի որ զարգացած հասարակությունում մարդու շահերը և իրավունքները չեն ոտնահարվում, չեն տրորվում։

Արայիկ Մկրտումյան

Ի տարբերություն մեր օրերի, երբ Մարտի 8-ը նվերների մրցավազքի ու ծաղիկների գնի սրախոսության առիթ է, կային ժամանակներ, երբ կանայք ոչ միայն տոն չունեին, այլև՝ իրավուքներ։ Այն աշխարհը, որ տեսնում ենք այսօր, միշտ չէ, որ գոյություն է ունեցել և «կնոջ իրավունք» ասվածը, որն այսօր հնչում է որպես սովորական մի բան, շատ տարօրինակ էր հնչում սրանից ընդամենը 150 տարի առաջ։ Ֆեոդալիզմի տակ թաքնված ստրկատիրության հիշողությունը դեռևս շատ թարմ էր մարդկանց հիշողության մեջ, ուստի կնոջ իրավունք ասվածը ոչ թե զարմանալի էր, այլ նույնիսկ գոյություն էլ չուներ։ Ընդ որում ոչ միայն կնոջ, այլև մարդու իրավունքը որպես այդպիսի չկար։

1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ. Դանիայում Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Եվ կարելի է ասել, որ դա մի մեծ ու զարմանալի փոփոխություն էր աշխարհում։ Կնոջ իրավունքի ընդունումը սկզբունքորեն ոչ միայն կնոջ, այլ մարդուն էր վերաբերում։ Ընդունել կնոջ իրավունքը, նշանակում է ընդունել մարդու իրավունքը։ Կնոջ իրավունքը հարգել՝ նշանակում է հարգել նախ և առաջ մարդուն։ Հազարամյակներով մարդկային իրավունքի բացարձակ անտեսումը արմատավորել է մարդուն և կյանքը չհարգելու, այն ամեն վայրկյան չնչին առիթներով վտանգի ենթարկելու արատավոր սկզբունքը և այսօր Մարտի 8 ասվածը, եթե այն դիտարկենք ծաղիկներից և հաճոյախոսություններից այն կողմ, այն դառնում է մարդկային իրավունքի ու մարդը՝ մարդու համար ոչ թե գայլ, այլ մարդ մտածողության խորհրդանիշ։
Իհարկե ամեն ինչ հարթ ու հստակ չեղավ ու չգնաց։ Կնոջ իրավունքի խորհրդանիշը, այնպես ինչպես և ցանկացած քննարկվող երևույթ, բախվեց հակադիր կարծիքների, շատ առումներով ձևափոխվեց, երբեմն այլասերվեց ու ենթարկվեց տարատեսակ սպեկուլյացիաների։ Բոլոր նրանք, ովքեր ունեն խոտոր մտքեր ու հակահասարակական, եսակենտրոն, երբեմն էլ այլասերված մտածողություն, հաճախ սկսեցին պաշտպանվել կնոջ իրավունքների հարգողի դիմակով։
Բայց մենք պետք է ասենք ամենակարևորը։ Զարգացած ու կայացած հասարակությունում կինը, ինչպես նաև տղամարդը, հստակ պաշտպանության կարիք չունեն, քանի որ զարգացած հասարակությունում մարդու շահերը և իրավունքները չեն ոտնահարվում, չեն տրորվում։ Եվ ամեն անգամ կնոջ իրավունքների մասին խոսելիս պետք է հարցնել, թե ի՞նչ նկատի ունենք՝ միայն մեկ օրով տոն, թե հասարակական խնդիր։ Այսինքն մեր հասարակության հետ ամեն ինչ նորմա՞լ է, մարդը պաշտպանվա՞ծ է։ Չէ որ տոնի հիմնադրումը ունի հստակ նպատակ։ Արդյո՞ք մենք հասել ենք մեր նպատակներին

Մենք՝ 21-րդ դարի մարդիկս, ում համար կարևոր է մարդու իրավունքն ու ազատությունը, առավելապես պիտի կարողանանք գնահատել, թե իրականում ինչ կարևոր է կնոջ դերը: Ու այստեղ պետք է ոչ թե կնոջը գերագնահատել, այլ ընդունել կնոջն այնպես, ինչպես որ տղամարդուն՝ այսինքն կյանքից օգտվելու և ապրելու համահավասար իրավունքների սկզբունքով: Եվ այդ հավասարությունը պետք է տարբերել ֆեմինիզմից և այլ շահարկվող կրկնություններից:

Շնորհավոր բոլոր կանանց ու աղջիկների տոնը։ Եվ մաղթում եմ, որ մենք միասնաբար կարողանանք կայացնել այնպիսի հասարակություն, որտեղ կնոջ իրավունքը ոչ թե կլինի խորհրդանշական, այլ հստակ ընդունված տրամաբանություն ու գիտակցություն։ Հավատացեք, որ եթե մարդու իրավունքը հարգում է մարդը, ապա դա մեր ամենամեծ տոնն է և այդ դեպքում մենք կունենանք մի իրականություն, ուր մարտի ութը ոչ թե կլինի անցյալի զոհաբերությունները, խախտումները և ողբերգությունները հիշեցնելու ու օրվա հիմնավորումն արդարացնելու օր, այլ ևս մեկ առիթ ուրախանալ մեր կյանքը գունավորող մարդկանցով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *