Հայաստան

Հայ-Ադրբեջանական Անվերջ Պատերազմն Ու Զառամած Սփյուռքը

Թավշյա հեղափոխությունը պետության հեղափոխությունն էր հեռացող ռեժիմի դեմ։ Փողոցում ցուցարարները պաշտպանում էին հայկական պետականությունը։ Եվ նրանք, ովքեր հեռացան, ռեժիմի կրողներն էին, ռեժիմը մարմնավորողները։ Սփյուռքում նույնպես պետք է ջանք գործադրել՝ փոխելու նախկին, ավանդական, իրեն սպառած մոդելը։

Կայծ Մինասյան

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ, ԱՆՎԵՐՋ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԿՈՎԿԱՍՈՒՄ 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՅԾ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԵՏ

Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են հավերժ հակամարտել՝ հակառակորդի սահմանին ուղղված թնդանոթներով։ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Ռուսաստանի հաղթանակը կամ պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ինչպե՞ս կարող է Գազայում Իսրայելի մղած պատերազմն ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վրա: Քաղաքական գիտությունների համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս և «Լը Մոնդ» թերթի լրագրող Կայծ Մինասյանը վերլուծություններ է անում «Հայաստան-Ադրբեջան, անվերջ պատերա՞զմ։ Հետխորհրդային պատերազմների անատոմիա» գրքում։

Անի Փայտյանի հարցազրույցը Կայծ Մինասյանի հետ

Ա․ Փ․ – Բարի գալուստ Սիվիլնեթի տաղավար։ Ուրախ եմ ներկայացնել իմ հյուրին՝ Կայծ Մինասյանին։ Պարոն Մինասյանը «Լը Մոնդ» թերթի լրագրող է, քաղաքական գիտությունների համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս։ Նա վերջերս հրատարակել է նոր աշխատություն «Հայաստան-Ադրբեջան, անվերջ պատերա՞զմ։ Հետխորհրդային պատերազմների անատոմիա» վերնագրով։ Եվ այս գրքից ու Հայաստանի ներկա իրավիճակից էլ կխոսենք այսօր։ Բարի օր, պարոն Մինասյան։

Կ․Մ․ – Բարի օր և շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն Սիվիլնեթին, նրա ֆրանսիական բաժնին՝ հաղորդումը ֆրանսերեն վարելու համար։

Ա․ Փ․ –  Այո՛, ուրախ ենք այդ բաժինը բացելու համար։ Ուրեմն, խոսակցությունը կսկսենք մի պատերազմից, որը տեղի է ունենում Հայաստանից ոչ հեռու՝ հյուսիսում և կապված է Հայաստանի հետ։  Խոսքը ռուս-ուկրանիական պատերազմի մասին է։ Ի դեպ, Ձեր գրքում Դուք խոսում եք այդ մասին և ասում եք հետևյալը․ «Եթե Ռուսաստանն արագ հաղթեր այս պատերազմում, արևելքում շատ երկրներ կկորցնեին իրենց ինքնիշխանությունը, Ռուսաստանը նորից ձեռք կբերեր կայսրության կարգավիճակին համարժեք կարգավիճակ, Հայաստանը և Ադրբեջանն ամբողջությամբ կախված կլինեին Ռուսաստան-Թուրքիա տանդեմից»։ Հարցս սա է․ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հայաստանի համար ոչ հեռու ապագայում այն սցենարի դեպքում, երբ Ռուսաստանը պարտվի Ուկրաինային, կամ, երբ հաղթանակած դուրս գա պատերազմից կամ էլ, եթե պատերազմի սրացում լինի։

Կ․Մ․ – Շնորհակալություն։ Սա ամենակարևոր հարցն է այսօր, բայց իրականում դրա ետևում այն հարցն է, թե ի՞նչ է նշանակում «շահել պատերազմը» և ի՞նչ է նշանակում «տանուլ տալ պատերազմը»։ Այս դեպքում հաղթանակի նշույլ անգամ չի երևում այն ամենում, ինչ կատարվում է ներկայումս Ուկրանիայում, և դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի երկու պատերազմող կողմերից մեկի հաղթանակը։ Սակայն հաղթանակից կամ պարտությունից խոսելու փոխարեն, խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից, այսինքն՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը ուժեղ դիրքում կլինի, չասենք կհաղթի, այն էլ երկար ժամանակով, ի՞նչ տեղի կունենա։ Այն ինչը, որ ես ասել եմ, և ինչը Դուք հենց նոր կրկնեցիք․ նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության վերացում, որոնք պարզապես կվախենան, քանի որ Ռուսաստանը կպարտադրի իր օրակարգը և իր տեսակետը, և անպայման հարևան երկրները, ասենք՝ եվրոպական տերությունները կամ մի փոքր հեռու գտնվող Միացյալ Նահանգները, կհարմարվեն ուժերի այս նոր հարաբերակցությանը։ Հետևաբար, նախկին խորհրդային հանրապետությունները ստիպված կլինեն դժվար ընտրություն կատարել։ Իսկ եթե, ընդհակառակը, Ուկրաինան լինի ուժեղ դիրքում, այդ դեպքում, Ռուսաստանի համար ռիսկային կլինի տեսնել, թե ինչպես են իր հարևանները խոչընդոտում կամ հակադրվում ռուսական շահերին իր ծայրամասերում, այլ կերպ ասած՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։  Եվ հետևաբար այս իրավիճակում Ռուսաստանը կկորցնի այն, ինչը նրան կայսրություն է դարձնում, այսինքն՝ իր ծայրամասերը։ Դա մի քիչ ավելի կամ նույնիսկ շատ ավելի կթեժացնի ինքնիշխանության համար պայքարը այդ երկրների մայրաքաղաքներում։ Իսկ երրորդ սցենարի դեպքում, այսինքն՝ եթե պատերազմը սրվի, ինչը, որ հիմա տեղի է ունենում, ի՞նչ կարող է պատահել։ Երկու տարբերակի միջինը, այսինքն՝ սպասվում է արգելքների վերացում՝ ազատագրում, որը կարող է տեղի ունենալ կամ չունենալ, չգիտեմ։ Բայց երկու տարբերակի միջինը, որի շնորհիվ նախկին խորհրդային հանրապետությունները կարող են ազատ շնչել, առանց բացարձակ, համապարփակ ազատագրման, ինչը հիմա գոյություն չունի, բայց ավելի լավ է զգուշավոր լինել։ Եվ դա կշարունակվի, ինչը, որ տեղի է ունենում այսօր, այսինքն՝ կլինի ուժեղ բախում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հետո մի գուցե ոչ այնքան լարված հակամարտություններ Ռուսաստանի մերձակայքում, այսինքն՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, քանի որ մի կողմից, բարդանում է դրությունը Կովկասում, ես կասեի, լեռների մյուս կողմում, հետո Մերձավոր Արևելքում։ Այստեղ ուրիշ լարված հակամարտություն կա Իսրայելի և Իրանի միջև, որտեղ ամեն ինչ բավականին պարզ է։ Իսրայելի ու Իրանի միջև այս հակամարտության զարգացումը կարող է իր ազդեցությունը թողնել Հայաստանի և Ադրբեջանի շուրջը ստեղծված իրադրության վրա։ Այնպես, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կախված է հիմնականում Ուկրաինայում ընթացող պատերազմից, Իսրայելի և Իրանի միջև ծավալվող քողարկված պատերազմից։

Ա․ Փ․ – Դրան կանդրադառնանք ավելի ուշ։ Իմ երկրորդ հարցը կապված է առաջին հարցի հետ․ արդյո՞ք Դուք գտնում եք, որ հստակ կապ կա Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի և Ուկրաինայի 2022 թվականի պատերազմների միջև։ Արդյո՞ք սրանք կարևոր ռազմավարական պատերազմներ են, ամեն դեպքում համեմատելի՞ են այս իմաստով։

Կ․Մ․ –  Շատ լավ հարց է, և այսօր ավելի ու ավելի շատ արևմտյան դիտորդներ են զեկույցներ կազմում, ինչը, որ քիչ էին անում երկու տարի առաջ, և անխուսափելիորեն շատացան Ղարաբաղի պատերազմի պատճառով։ Այդ պատերազմը ազդարարելու էր այլ բախումների սկիզբը, բայց իրականում որպես ժամանակագրական գործոն՝ երկու տարին մեծ բան չէ, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը, իրականում շատ փոխազդեցություններ կան այդ երկու հակամարտությունների միջև, հակամարտության երկու գոտիների միջև։ Իսկ առաջին փոխազդեցությունը, ես կասեի, ընկալման մակարդակում է։ Պատկերացրեք, որ ռուսներն իրենք իրենց ասացին, որ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Կովկասում՝ Ղարաբաղում Արևմուտքը հակազդեց շատ փափուկ կերպով՝ սահմանափակվելով միայն զինադադարի խախտման մասին բարձրաձայնելով և խելամտություն ցուցաբերելու կոչերով, պատկերացրեք, թե ինչ կանի Արևմուտքը Ուկրաինայում մի քանի օրվա պատերազմում, «քանի որ մենք ռուսներս, – ինչպես ասում են ռուսները, – այս պատերազմը պիտի հաղթենք ռազմական հատուկ գործողության ավարտին՝ մի քանի օրում»։  Այսպիսին էր Մոսկվայի մեկնարկային ծրագիրը։ Ուրեմն, նրանք ակնկալում էին, որ Արևմուտքը պասիվ դիրքորոշում կունենա, ի դեպ, հիշու՞մ եք ԱՄՆ նախագահ Բայդենի առաջին հայտարարությունները, որը պատրաստ էր դուրս բերել երկրից նախագահ Զելենսկուն, բայց Ուկրաինայի նախագահն անակնկալ հայտարարարություն արեց․ «Մեզ տաքսի պետք չէ, մենք զինամթերքի կարիք ունենք», որովհետև Արևմուտքում բոլորը մտածում էին, որ ուկրաինական բանակը կպարտվեր, և պատերազմը կավարտվեր մի շաբաթում։ Սակայն, տեղի ունեցավ հակառակը, որը ձգվում է մինչ այսօր։ Այս ժամանակագրական պատկերը համահունչ է նշածս զուգահեռ ընկալմանը։ Սրան կարելի է հավելել աշխարհաքաղաքական փոխազդեցություններն անցումային փուլում գտնվող աշխարհում, մի կողմից՝ արևմտյան երկրների, մյուս կողմից, ոչ արևմտյան երկրների միջև։ Խոսքն իրավաբանական, ռազմական, աշխարհատնտեսական և այլ փոխազդեցությունների մասին է, այսպես կարելի է երկար թվարկել այս երկու պատերազմների միջև գոյություն ունեցող բոլոր փոխազդեցությունները, որոնք սերտորեն կապված են միմյանց։

Ա․ Փ․ –  Այստեղ մի ուրիշ հետաքրքրական բան կա։ Հաճախ են խոսում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին, որը ուրիշ հակամարտություններ է ծնում, որոնց մասին հաճախ խոսում են որպես երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Ֆրանսիացի սոցիոլոգ Բերտրոմադինն այն անվանում է «համաշխարհայնացված պատերազմ»։ Համաձա՞յն եք այս մտքի հետ։ Արդյո՞ք գտնում եք, որ «համաշխարհայնացված պատերազմի» նրա բանաձևը տեղին է կիրառել։

Կ․Մ․ –  Այո, ամբողջովին տեղին է, մենք չենք կարող խոսել համաշխարհային պատերազմի մասին, որովհետև փաստացի միայն մեկ հակամարտություն կա այնպիսի հակամարտող կողմերով, որոնք չեն հանդիպում այլուր։ Ի դեպ, Ուկրաինայի պատերազմը համաշխարհայնացված պատերազմ է այն իմաստով, որ այն ազդեցություն ունի համաշխարհայնացման բոլոր լծակների վրա, օրինակ, տնտեսական, հասարակական, էներգետիկ, կարճ ասած՝ այս բոլոր լծակների շաղկապումը, այս բոլոր կարողությունների միավորումը, որով մեկը կամ մյուսը կարող են ազդել թշնամու վրա՝ նրան խանգարելով զարգանալ, դանդաղեցնելով նրա ծավալվելու, մանևրելու քայլերը, օրինակ, հիդրովառելիքի կամ հացահատիկի դեպքում, և այս ամենն արվում է պատժամիջոցների օգնությամբ։ Սա ցույց է տալիս, որ խոսքը համաշխարհայնացված պատերազմի մասին է։ Իսկ այս ամենը հանգեցնում է նրան, որ «համաշխարհայնացված պատերազմ» արտահայտությունը տեղին է դառնում, քանի որ այն համապարփակ ազդեցություն ունի, այսինքն՝ ոչ միայն տարածքային, այլև ինքնության և հասարակության առումով։ Կենտրոնանալ այս հակամարտության տարածքային կողմի վրա կնշանակի կարճատեսություն հանդես բերել։ Պետք է ավելի հեռուն գնալ, հակամարտությունը դիտել ողջ խորությամբ, այն դիտվածքով, ինչը գծագրվում է հեռանկարում, և հույս ունենանք, որ համաշխարհային պատերազմ չի լինի, դրան չենք հասնի։

Ա․ Փ․ –  Դուք կապի մեջ եք մի շարք ֆրանսիացի դիվանագետների և ռազմական գործիչների հետ։ Հայաստանը վերջերս ռազմական տեխնիկա է ստացել Ֆրանսիայից։ Նկատելի է, որ ամուր համագործակցություն կա, բազմաթիվ պաշտոնական այցելություններ են լինում մեկ՝ այս, մեկ՝ մյուս երկիր։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը խորացնել համագործակցությունը Ֆրանսիայի հետ,  անվտանգության երաշխիք ստանալու առումով, իր պետական ինքնիշխանությունը լավագույնս ապահովելու համար։

Կ․Մ․ – Արևմուտքի հետ մերձեցումը պահանջում է որակական թռիչք Հայաստանի քաղաքականության և աշխատանքի մշակույթում։ Արևմուտքի հետ մերձեցումը նշանակում է ընդունել արևմտյան արժեհամակարգը՝ ամբողջովին հայ մնալով։ Արևմուտքի հետ մերձեցումը նշանակում է փոխել աշխարհայացքը, այսինքն՝ ավելի շատ աշխատել, չեմ ասում՝ շատ աշխատել շատ վաստակելու համար։ Շատ աշխատել նշանակում է ավելի լավ աշխատել, պետական մտածողություն ունենալ և հստակ ընկալում և պատկերացում ունենալ, թե ինչ է հարգանքը մարդու արժանապատվության և մարդկային կյանքի նկատմամբ։

Ա․ Փ․ –  Բայց դեռ այդ մակարդակին չե՞նք հասել։

Կ․Մ․ – Ո՛չ, ո՛չ։ Երբ տեսնում ես, թե ինչպիսի սիրողականությամբ, անզգուշությամբ ու անպատասխանատվությամբ, կարելի է ասել՝ անարգանքով են երիտասարդներին ուղարկել մարտնչելու 2016 կամ 2020 թվականներին։ Այդ ամենը, ինչպես բոլորս գիտենք, անցած 30 տարիների անփութության, տխմարության և անպատասխանատվության արդյունք է։ Ուրեմն չենք կարող ասել, որ նախկին խորհրդային հանրապետության՝ ինքնիշխան պետության վերածվելու փուլում ենք եղել, և ես մտածում եմ, որ իրական մարտահրավերը սրա մեջ է, այսինքն՝ հայերը պետք է հարմարվեն գոյություն ունեցող աշխարհին, մի կողմ թողնեն կործանարար պատկերացումները, այսինքն՝ պետք է ավելի իրատես, պետականաստեղծ լինեն։ Առաջին բանը, որ պետք է արվի, և դա տեղավորվում է մարտահրավերի շրջանակում, Ֆրանսիայի հետ կապերի խորացումն է։ Առաջին բանը, որ պետք է արվի, սեփական տունը կառուցելն է։ Երբ ձեր էլեկտրականությունը, ջրի խողովակները /ես դիտմամբ եմ բերում նոր կառուցվող տան օրինակը/, էլեկտրականությունը, ջրի խողովակները, նկուղը, պատերը, առաստաղը սարքին չեն, ոչինչ չի գործում, չես կարող խոսել հարևանի այգու կամ նրա հետ ձեր ընդհանուր միջանցքի մասին, որը խառնակիչ է կամ գիշատիչ։ Ո՛չ, սկզբում պետք է տունդ կառուցես։ Եվ ամբողջ խնդիրը դրանում է, որ պետք է նախ տունդ կառուցես, նորոգես էլեկտրական լարերը, փոխես ջրի խողովակները, առանց մեծ գաղափարների, մեծ երազանքների հետևից ընկնելու, որոնք հետո մղձավանջի են վերածվում։ Եվ ի վերջո, այն, ինչ հաճախ ասում եմ ձեր եղբայրներին Հայաստանում՝ հայերն ունեն իրականության երկակի զգացում․ առաջինը 91 թվականին էր, երբ տեղի ունեցավ Հայաստանի ինքնիշխանության վերադարձը։ Դա մի մեծ ապտակ էր, ինչպես ասում են, «հայկական ինքնության» ստեղծման առումով, և երկրորդ ապտակը 2020 թվականի պատերազմն էր, երբ ակնհայտ էր, որ պետք էր հրաժարվել կործանարար տրամաբանությունից, ամբողջությամբ կործանարար մի տրամաբանությունից, որի էությունը, օրինակ, ինքնիշխանությունը և տարածքների ազատագրումը կամ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները մեկ հարթության վրա դնելն է։ Երբեք չենք տեսել այդպիսի բան։ Հայաստանի կառավարությունը պետք է որոշի անդրպետական ինքնության կառուցման նոր ծանրության կենտրոնը, և վերջ։ Երբեք նման բանի չենք հանդիպել։ Երբեք չեմ տեսել, որ ուրիշ պետություն խոսի այդ մասին։ Օրինակ, խոսք լինի Հունաստանի և իր սփյուռքի, կամ Իսրայելի և իր սփյուռքի մասին, ո՛չ, կամ Լիբանանի և իր սփյուռքի մասին։ Ո՛չ, այդպես չէ, Լիբանանի կառավարությունը, Իսրայելի կառավարությունը, Հունաստանի կառավարությունը կամ Իռլանդիան կամ Իռլանդիայի կառավարությունն է իր ազդեցության ցանցերը, իր փափուկ ուժն օգտագործում։ Բայց եկեք վերջ տանք այդ հիմարությանը՝ մեկ հարթակի վրա դնելու, հավասարեցնելու Հայաստանն ու սփյուռքահայությունը, նույնիսկ պետք է այլ կերպ արտահայտվել, Անի, թեպետ օրինակը, որ ես եմ վերցրել, մի փոքր երկար է․ պետք է դադարել ասել «Հայաստան», «երկիր», «հայրենիք», «էրգիր», քանի որ դա նշանակում է՝ շատ բան ասել և ոչինչ չասել։ Չգիտենք Հայաստանը որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում, հայրենիքը չգիտենք որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում, Էրգիրը չգիտենք որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում։ Պետք է խոսենք պետության մասին, Հայաստանի Հանրապետության մասին, և պետք է խոսենք Սփյուռքի կամ անդրպետական ցանցերի, փափուկ ուժի մասին, և վերջ։ Այդ ասույթների քերականությունը և իմաստաբանությունը պետք է փոխվի։ Պետք է հրաժարվել այդ հորինվածքներից, որոնք հավատացնում են, որ հայկական համակարգը պետք է տարբերվի, բայց հայկական համակարգը փխրուն է, ամուր չէ։ Երբ սկսում ես մտածել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, հայկական համակարգի և այլ անհեթեթությունների մասին, արդյունքն այն է լինում, որ մեծ փորձության ես ենթարկվում, որը ցավ է պատճառում։ 

Ա․ Փ․ –  Մենք դեռ կվերադառնանք Սփյուռքի հարցին, իսկ մինչ այդ կխոսենք մի փոքր Իսրայելի և Գազայի միջև ծագած պատերազմից, ասենք այսպես, Իսրայելի կողմից Գազայի դեմ մղվող պատերազմից, և իր աջակիցներից, ինչպես դուք եք ասում։ Դուք գրում եք, որ այս պահին մի նոր շեմ է հատվում այս մակարդակում։ Սկսվել է հեռավար անգութ պայքար, որի մեջ են մտել մոլլաները և հրեական պետությունը։ Ո՞րքան հեռու կարող է գնալ Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, հաշվի առնելով, որ լարվածությունը սրվել է  Թել Ավիվի և Թեհրանի միջև, և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա։

Կ․Մ․ – Այս պահին պատերազմն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կենտրոնացած է Գազայում, իրականում նա հարվածներ է հասցնում Հարավային Լիբանանում, Հեզբոլլահի ռազմական խմբավորումներին, բայց այս պահին պատերազմը բավականին կենտրոնացել է, բարեբախտաբար, թե ցավոք, ես այլևս չգիտեմ ինչ բառ կիրառել, Գազայում։ Եթե պատերազմը բորբոքվի, հակամարտությունը թեժանա, անխուսափելիորեն ազդեցություն կունենա Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա։ Ի՞նչ կերպ, ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում Իրանը շատ երկար չի հանդուրժի իր հոխորտացող հարևանին։ Արդյո՞ք Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանը կգնա բախման Թեհրանի հետ։ Արդյո՞ք Թեհրանը ռազմական աջակցություն ցույց կտա Հայաստանին՝ Բաքվին վերահսկելու համար՝ խուսափելով Բաքվի հետ հարաբերությունների սրումից։ Կաշխուժանան նաև Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, և իհարկե, Իրան-Թուրքիա հարաբերությունները։ Այստեղ երևում է հակամարտության համաշխարհայնացման ազդեցությունը։ Մի անգամ ևս Կովկասը կարող է դառնալ, և այդպես էլ կար, համաշխարհայնացված պատերազմի օջախ։ Բայց եթե շարունակվեն թեժանալ Ռուսաստան-Ուկրաինա, մի կողմից, և Իսրայել-Իրան հակամարտությունները, մյուս կողմից, Կովկասում կարող է տեղի ունենալ անցում համաշխարհայնացված պատերազմի, մի գուցե նույնիսկ համաշխարհային պատերազմի՝ տարբեր դաշինքներով, և դա շատ վտանգավոր է, այո՛։ Բայց մենք դեռ դրան չենք հասել, կարող ենք ինքներս մեզ մխիթարել։ Եվ պետք չէ տագնապի կոչնակ հնչեցնել, բայց վտանգը կա։

Ա․ Փ․ –  Վերջապես, վերադառնալով Սփյուռքին, որի մասին նոր խոսեցիք, արդյո՞ք ի վերջո, ինչը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերություններում, ուժեղ պետությունն է, որն ունի իր հենարանը, ինչպես ասացիք, որը համախմբվում է պետության գաղափարի շուրջ, ուժեղ պետության գաղափարի, որը վերականգնել է իր իշխանությունը։ Կամ էլ անհրաժեշտ է, որ Սփյուռքի հաստատությունները կարողանա՞ն ազատ ապրել՝ համախմբվելով իրենց ինքնության, այսինքն՝ հայկականության շուրջը, որովհետև նկատելի է, որ Սփյուռքը և հայկական պետությունը, պատերազմներն էլ դա ցույց տվեցին, այնուամենայնիվ դեռևս տարանջատված են մի շարք հարցերում, օրինակ, գաղափարախոսության, պատերազմի և հակամարտության, տեղի հայերի համար՝ դաժան փորձառության հարցերում։ Ինչպե՞ս պետք է ամեն ինչ ագուցվի։ Արդյո՞ք պետք է բարելավել կապը տեղի հայերի և Սփյուռքի օղակների միջև։ Արդյո՞ք Սփյուռքի հաստատությունները պետք է համախմբվեն այն բանի շուրջը, ինչ հայկական պետությունն է պատկերացնում։ Ի՞նչն է առաջնայինը այժմ։ Ի՞նչ պետք է անել առաջին հերթին հարաբերությունները բարելավելու համար։

Կ․Մ․ –  Նախ, պետք է ապակառուցման աշխատանք կատարել։ Այդ աշխատանքը կարող է հիմնվել միայն հասարակական գիտությունների և քաղաքական փիլիսոփայության վրա։  Հայերի շրջանում, չեմ ուզում ընդհանրացնել, բայց հայոց քաղաքական մտքի զարգացման ընթացքում չի նկատվել, որ ջանք գործադրվի հասարակական գիտությունների և քաղաքական փիլիսոփայության օգտին։ Քանի դեռ այդ ջանքը չեք գործադրում ի նպաստ հասարակական գիտությունների՝ սոցիոլոգիայի, պատմության, մարդաբանության, քաղաքական գիտությունների և քաղաքական փիլիսոփայության, ձեզ երբեք չի հաջողվի կարգավորել Հայաստանի և այսպես ասած՝ Սփյուռքի միջև եղած խնդիրները։ Ինչու՞։ Որովհետև պետության և իր ազդեցության օղակների միջև կապի ամբողջ խնդիրը կապված է մի կենտրոնական հարցի հետ, որը երբեք չի քննարկվել։ Դա մարդու հարաբերությունն է տարածության և ժամանակի մեջ։ Այսպիսին է պետության և իր ծայրամասային օղակի միջև կապը։ Ո՞րն է մարդու տեղը տարածություն-ժամանակ հարաբերության մեջ։ Քանի դեռ չկա համախմբման ձգտում հասարակական գիտությունների մասնագետների շուրջը, ի դեպ, շուտով Հայաստան-Սփյուռք համաժողով պետք է տեղի ունենա, սեպտեմբերին, կարծում եմ, ինչպես վերջին անգամ ասացի, հիմա էլ կրկնում եմ, առաջին փուլում հասարակագետները, մարդաբանները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները պետք է համախմբվեն այդ միակ հարցի շուրջը․ ո՞րն է մարդու տեղը տարածության և ժամանակի մեջ։ Հասկանալի է, որ «մարդ» ասելով՝ նկատի ունենք հայ մարդուն, քանի որ առաջնորդվում ենք հայոց պետության և իր ծայրամասերի միջև եղած տրամաբանությամբ, ես կասեի՝ կապով։ Ուրեմն, առաջին բանը, որ պետք է անել, ապակառուցումն է այն ամենի, ինչն արվել է մինչ այժմ, որը, ցավոք, արժեք չունի։ Դա ցնորք է, պաշտամունք, որը ոչ մի հենք չունի։ Կամ էլ գործարարություն է կամ մարդասիրական ժեստ։ Եթե գործարարություն է, ապա վատ է կազմակերպված, կաշառակերությամբ ներծծված, իսկ եթե մարդասիրություն է, ուրեմն երբեք դրանից դուրս չենք գա։ Մի պահ պետք է փորձել ավելի հեռուն մտածել, թե ի՞նչ է տրվում նախ և առաջ, հետո պետք է ջանք գործադրել պետության և ռեժիմի միջև ապակառուցման ժամանակ, և պետք է հրաժարվել ամբողջատիրական, հետխորհրդային, խորհրդային կամ ցարական, ինչպես նաև հայկական տրամաբանությունից, այսինքն՝ տրամաբանություն, որն անընդհատ շփոթում է «պետություն» և «ռեժիմ» հասկացությունները։ Թավշյա հեղափոխությունը պետության հեղափոխությունն էր հեռացող ռեժիմի դեմ։ Փողոցում ցուցարարները պաշտպանում էին հայկական պետականությունը։ Եվ նրանք, ովքեր հեռացան, ռեժիմի կրողներն էին, ռեժիմը մարմնավորողները։ Սփյուռքում նույնպես պետք է ջանք գործադրել՝ փոխելու նախկին, ավանդական, իրեն սպառած մոդելը, որը հիմնված է ժողովրդի հիշողության, ավանդույթների վրա, ինչը ես անվանում եմ Ֆրանսիայում՝ «իննի բանդա», այսինքն՝ երեք կուսակցություն, երեք հասարակական-մշակութային կազմակերպություն, այսիքն՝ ՀԲԸՄ, Կապույտ Խաչը, որը Տուն են կոչում, կոմունիստական կամ հայրենասիրական այլ կուսակցությունների գաղտնի կողմնակիցները, ինչպես Ֆրանսիական երիտասարդական միությունը /ԺԱՖ/ Ֆրանսիայում կամ այլ կազմակերպությունները այլուր։ Այս մոդելն իրեն սպառել է, քանի որ հայոց պետականության վերածնունդն ապտակ հասցրեց այս հին մոդելին, և քանի որ այս նոր մոդելը, որի մասին հենց նոր պատմեցի, այս ավանդական մոդելը մի մոդել է, որը ձևավորվել է պետությունից դուրս, թեպետ ինքնիշխան պետություն չկար։ Խոսում էին ինքնիշխան պետության մասին, բայց այդ մոդելը չէր ձևավորվել ինքնիշխան պետության հիմքի վրա, այլ ուրիշ բանի, օրինակ, հիշողության, անվտանգության, կոմունիտարիզմի և այլնի վրա։ Այս մոդելը մեռավ, և նոր մոդել եկավ, մեզ տեսանելի չեն նոր մոդելի ուրվագծերը, բայց այն հիմնված է շարժունակության, աշխարհայնացման, փոխկապակցվածության ու անհատականության վրա, և անպայմանորեն այս երկրորդ մոդելում հայկական պետությունը դառնում է նոր ծանրության կենտրոն, մեծ հաշվով, նախկինում ավանդական մոդելի ժամանակ, երբ գնում էինք Հայաստան, մի մեծ արշավանք էր ստացվում, պետք էր անցնել Մոսկվայով, իսկական դժոխք էր։ Այսօր Փարիզից, օրինակ, ես կարող եմ գնալ Երևան, վաղը վերադառնալ Փարիզ, և նորից մեկնել Երևան երեք օրում։ Երկրորդ, ես այսօր կարող եմ միացնել հեռուստացույցս և կարող եմ հայկական ալիք դիտել, սրանից 50 տարի առաջ այդպիսի բան չկար, ուրեմն սա նոր մոդել է։ Երբ մարդիկ ձեզ ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ այլ վայրերից, որ պետք է փայփայել Արևմտյան Հայաստանի երազանքը, կամ պետք է մտածել Հայաստան-Սփյուռք կապի մասին, դրանք հիմար խոսքեր են։ Իրենց աշխարհն է փոխվում, Հարութ Սասունյանների աշխարհը, Արամ Առաջինի և մյուսների աշխարհը։ Այդ ամբողջ աշխարհը փլուզվում է, այն փլուզվել է, և քանի որ նրանք ավանդական մոդելի մարմնացումն են, այն ամենը, ինչը կարող է նորարարության ուղիով ընթանալ, նրանց խանգարում է, ուստի նրանք ասում են, որ Սփյուռքը մահացել է, Սփյուռքի վերջը եկել է, և այլն, բայց դա ճիշտ չէ։ Նրանց Սփյուռքը, Սփյուռքի նրանց մոդելն է փլուզվել, և ոչ՝ նոր մոդելը, և ամբողջ դժվարությունը Հայաստանի համար ռեժիմից պետության կամ պետությունից ռեժիմին անցնելու մեջ է։ Տարբերություն կա։ Երբ մի պետության մեջ ես ապրում, անպայմանորեն հասարակական կապի գաղափար կա իշխանության և հասարակության միջև, ուրեմն քաղաքացիական հասարակության ինքնավարացում ստեղծելն իրական մարտահրավեր է, և երկրորդ մարտահրավերը Սփյուռքի համար՝ ավանդական մոդելից անցնելն է ժամանակակից և ավելի բաց մոդելի, բայց այն, ինչ ես հենց նոր ասացի, մի աշխատանքի արդյունք է,  որը կապված է հասարակական գիտությունների, քաղաքական փիլիսոփայության հետ։ Ավա՜ղ, այդպիսի աշխատանք չի կատարվում Հայաստանի և այսպես ասած՝ Սփյուռքի միջև։ Բոլոր համաժողովների ժամանակ, որոնք կազմակերպվել են 91 թվականից ի վեր, երբեք ու երբեք չի բարձրացվել հումանիտար գիտությունների հարցը, որպեսզի փորձ արվի գտնել այդ վիճելի հարցի լուծումը, փորձ չի արվել գտնել այլ լուծումներ, ոչ թե անիրագործելի ցանկություններ։ Ուղղակի դերակատարներն են փոխվել, նախկինում Հրանուշ Հակոբյանի բեմական շքեղ ներկայացումն էր, հիմա՝ պարոն Սինանյանի, վաղը կլինի չգիտեմ ում ներկայացումը, որովհետև չեն ուզում ջանք գործադրել շրջվելու դեպի հասարակական գիտությունները կամ քաղաքական փիլիսոփայությունը, սա է հիմնական խնդիրը։

Ա․ Փ․ –  Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։

Կ․Մ․ –  Շնորհակալություն, Անի՛։

Ա․ Փ․ – Սիրով, և առաջիկայում նորից կհանդիպենք նույնքան հետաքրքիր հարցազրույցների առիթով։ Շնորհակալ ենք, որ հետևեցիք մեր հաղորդմանը, և կհանդիպենք շատ շուտով։

Կ․Մ․ –  Շատ շնորհակալ եմ, հաջողություն։

Ա․ Փ․ – Շնորհակալություն։

Հոդվածը՝ Civilnet.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *