Հայաստան

Տրոյական Նվեր Մոսկվային

Ուկրաինական պատերազմը բոլորի մոտ մեծացրել է մտավախությունները, հետխորհրդային տարածքի երկրները ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում, որպեսզի անվտանգության, տնտեսական, կոմունիկացիոն եւ լոգիստիկ այլընտրանքներ ունենան։

Վահրամ Աթանեսյան

Ղազախա-ադրբեջանական «մահակ՝ Ռուսաստանի կառքանիվնիվներին»

Մարտի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պետական այցով ժամանել է Բաքու: Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եթե այլ, դեռեւս կամ առհասարակ հրապարակման ոչ ենթակա համաձայնություն ձեռք չի բերվել, չի փաստաթղթավորվել, ապա կարելի է ասել, որ հրապարակային տեղեակտվության «մեխը» Socar-ի եւ «ԿազՄունայԳազ» ընկերությունների միջեւ ստորագրված հուշագրի ընդգծումն է:

Փաստաթուղթն, իհարկե, չի հրապարակվել, բայց, դատելով ադրբեջանական մամուլի ակնարկներից, կարելի է մոտավոր պատկերացում կազմել. Գործարքը ենթադրում է ղազախական նավթի առքուվաճառք եւ Ադրբեջանի ենթակառուցվածքներով արտահանում: Կողմերը նման փորձ ունեն, բայց, ինչպես իրազեկ փորձագետներն են ասում, առայժմ ղազախական նավթի՝ Բաքու-Թբիլիսի խողովակաշարով արտահանման ծավալները կազմում են ընդհանուրի միայն երեք-չորս տոկոսը: Ղազախական նավթի 96-97 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի տարածքով՝ դեռեւս ԽՍՀՄ ժամանակից մնացած ենթակառուցվածքների հաշվին:

Խոսքն, այսպիսով, ադրբեջանական ենթակառուցվածքների օգտագործմամբ Ռուսաստանը շրջանցող ենթակառուցվածքները ղազախական նավթի արտահանմանը ծառայեցնելու մասին է: Եւ կողմերի, կարծես, գտել են բավական ճարպիկ լուծում: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանման ծավալներն ավելի քան մեկ երրորդով նվազել են, փաստն ընդունում է նաեւ Բաքվի իշխանամերձ մամուլը: Իսկ Բաքու-Ջեյհան խողովակաշարը պետք է լցնել:

Եւ, կարծես, կողմերը եկել են համաձայնության, որ Ադրբեջանը ղազախական նավթի որոշակի պաշարներ կգնի, լցանավերով կհասցնի թերմինալներ եւ կարտահանի արդեն որպես սեփական ապրանք: Գնային ի՞նչ քաղաքականություն է գործելու, ներմուծման հետ կապված հարցերն ինչպես են կարգավորվելու՝ մանրուքներ են: Էականը որոշման քաղաքական կողմն է: Փաստացի ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հիմնադիր պետություն Ղազախստանը ձեռնարկում է քայլեր, որ ակնհայտորեն միտված են Ռուսաստանից ենթակառուցվածքային եւ լոգիստիկ կախվածությունը թուլացնելուն, իսկ հեռանկարում՝ լիովին թոթափելուն:

Խորքային առումով դա նշանակում է Կասպից ծովի արեւելյան ենթակառուցվածքները կապել Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներին: Տոկաեւի Բաքու այցին նախորդել են Վաշինգտոնում թուրք-ամերիկյան բանակցությունները, որտեղ քննարկվել է նաեւ Կենտրոնական Ասիայում համագործակցության հարցը: Ընթացիկ տարում Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի Մեծ Բրիտանիան: Տարածաշրջանում լրջագույն հետաքրքրություններ ունի նաեւ Եվրամիությունը:

Ղազախա-ադրբեջանական «նավթային պայմանագիրն» այս համատեքստում ստանում է աշխարհաքաղաքական նշանակություն, եթե նկատի ունենանք, որ Կենտրոնական Ասիայում ձեւավորվում է ուղբեկա-ղազախական այլյանս, որին, ամենայն հավանականությամբ, ինտերգրվելու են նաեւ կենտրոնաասիական մյուս երկրները: Այդ ,,միությունը,, հիմնականում կողմնորոշված է դեպի Թուրքիա: Դա ոչ այնքան էթնիկ-քաղաքակրթական, այլ դեպի Եվրամիություն ելքի ընտրություն է: Իսկ Ռուսաստանն իր հերթին զարգացնում է «եվրասիական ընդհանուր տան» հեռանկարը:

Այդ ուղղությամբ, սակայն, գործնական քայլեր չկան: Ընդհակառակը, ուկրաինական պատերազմը բոլորի մոտ մեծացրել է մտավախությունները, հետխորհրդային տարածքի երկրները ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում, որպեսզի անվտանգության, տնտեսական, կոմունիկացիոն եւ լոգիստիկ այլընտրանքներ ունենան: Ղազախստանը եւ Ադրբեջանը եւս մեկ «մահակ են խրում Ռուսաստանի ռազմակառքի անիվներին»: Ի՞նչ հակաքայլ կձեռնարկի Մոսկվան: Կձեռնարկի՞, թե՞ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում Բաքվի լոյալությունը կանխավճա՞ր է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *