Հայաստան

Լուռ Վտանգը

Հանրության 60 տոկոսի վստահությունը շահելը ամենից բարդն է, որովհետեւ այդ 60 տոկոսը չի վստահում ոչ թե զգայական, այլ թերեւս գերռացիոնալ հիմքով։

Հակոբ Բադալյան

Հայաստանի ընդդերքում եռացող լավան

ԱՄՆ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտ կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալով, որն իրականացվել է Հայաստանի քաղաքացիների շրջանում, հանրային վստահելիության առավել բարձր վարկանիշ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 17 տոկոս: Նրանից ներքեւ գտնվող գործիչների առաջին եռյակը ըստ էության Փաշինյանի քաղաքական շրջանակից են՝ Արարատ Միրզոյանը 5 տոկոս վստահության վարկանիշով, Արամ Զ. Սարգսյանը՝ 4 տոկոս, եւ Ալեն Սիմոնյանը՝ 3 տոկոս: 2 Տոկոս վարկանիշ ունի Ռոբերտ Քոչարյանը:

Ամենաբարձր ցուցանիշը «ոչ ոքի» վստահության տոկոսն է: Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը չի վստահում որեւէ քաղաքական գործչի, հետեւաբար, պետք է եզրակացնել նաեւ՝ որեւէ քաղաքական ուժի: Այդպես կարող ենք եզրակացնել, որովհետեւ Հայաստանում քաղաքականությունն ու դրա ընկալումը անձնավորված է: Այդպիսով, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման ցուցանիշը արտահայտում է երեք հատկանշական հանգամանք, պարունակում է երեք ցուցիչ:

Նախ, Հայաստանում կա իշխանության լեգիտիմության ճգնաժամ, քանի որ կառավարության ղեկին, կառավարող կուսակցության առաջնորդի կարգավիճակում գտնվող գործիչը ունի ընդամենը 17 տոկոս վստահություն: Լեգիտիմության ճգնաժամը առայժմ «ստորջրյա» է, քանի որ չկա մրցունակ վարկանիշով որեւէ այլ գործիչ կամ ուժ, եւ ավելին՝ մյուս գործիչները եւ ուժերը իրենց վարկանիշով գտնվում են խիստ ներքեւ: Սա ըստ էության կարող է նմանվեն ընդդերքում եռացող լավայի, որը կարող է ժայթքել վստահության մրցունակ վարկանիշ ունեցող որեւէ ուժի երեւան գալու պայմաններում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ կառավարող ուժը եւ նրա մերձակա շրջանակը անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չձեւավորվի մրցակցային որեւէ այլ վարկանիշ:

Թեեւ, ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների եւ այդ համատեքստում Հայաստանի ունեցած անվտանգային մարտահրավերների եւ արտաքին քաղաքական բարդ օրակարգի պայմաններում թվում է, որ ողջախոհ իշխանությունը պետք է առաջինը հոգ տանի երկրում լեգիտիմ իշխանափոխության հնարավորությունների ձեւավորման համար, այդ կերպ թե պետությունը, թե ինքզինք ապահովագրելով ճակատագրական անելանելիություններից կամ փակուղիներից: Երկրորդ էական ցուցիչը թերեւս այն է, որ Հայաստանում քաղաքական «ստեղծագործության» համար բաց է ահռելի տարածություն, ավելի քան 60 տոկոս դաշտ: Այն քաղաքական խոպան է, իհարկե որոշակի նրբերանգներով:

Բանն այն է, որ հանրության այդ 60 տոկոսի վստահությունը շահելը ամենից բարդն է, որովհետեւ այդ 60 տոկոսը չի վստահում ոչ թե զգայական, այլ թերեւս գերռացիոնալ հիմքով:  Հետեւաբար, նրանց վստահությունը շահելու համար քաղաքական որեւէ ուժից պահանջվելու է շատ կրեատիվ եւ բաց, կոմպետենտ եւ առարկայական երկխոսություն: Ընդ որում, հեռու է պետք լինել մտքից, որ այդ 60  տոկոսը իր պատկերացումներով եւ պահանջներով միատարր է: Բայց, անկասկած է, որ անգամ դրա քառորդի մասի հետ արդյունավետ եւ հետեւողական, առարկայական եւ արդիական աշխատանքը կարող է հիմնավորապես փոխել Հայաստանի քաղաքական պատկերն ու հեռանկարները, ստեղծել քաղաքական արդիականացման գործուն նախադրյալ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *