Հայաստան

Հայաստան-Ռուսաստան Սահմանագծին

Սա լրջագույն մարտահրավեր է, ինչի նկատմամբ հավասարապես պետք է ընկալունակ գտնվի Հայաստանի իշխանությունը, քաղաքական ողջ համակարգը, փորձագիտական հանրությունը: Հայաստանը ոչ մի առումով վա-բանկ գնալ չի կարող առհասարակ, այս փուլում, երբ Եվրամիությունն ինքը չի բացառում Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը, իսկ Միացյալ Նահանգներում փաստացի իշխանության «ճգնաժամ է»՝ հատկապես:

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանը՝ Հայաստանի հետ «կարմիր գծի» վրա

Եվրամիության առաքելությունը ոչ այնքան Հայաստանի սահմաններն է պաշտպանում, որքան որ դիտարկման քողի տակ զբաղվում է հարեւան երկրենրի, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ադրբեջանի եւ Ւրանի դեմ հետախուզական տեղեկություններ հավաքելով,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ ամփոփել, որ Երեւանի ներկայիս ուղեգծի շարունակումը վերջնարդյունքում կարող է անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերություններին, հանրապետության ինքնիշխանության համար լուրջ ռիսկեր ստեղծել, վերջնականապես փլուզել երկրի անվտանգության ապահովման առկա գործուն մեխանիզմը:

Սա արդեն վկայում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը կանգնում է «կարմիր գծի» վրա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փաստացի հասկանալ է տալիս, որ պատասխանում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ճշտելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկությանը եւ խնդիրը նույնականացնում ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների տիրույթում: Այսինքն, ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլեւ Ռուսաստանը չի ընդունում դաշնակցային հարաբերությունների ալգորիթմը, որ Հայաստանն է առաջարկում:

Մինչ այդ կարելի էր վարկածել, որ Ռուսաստանի համար բարդ է, դիզուք, Ղազախստանին համոզել, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից ժառանգած սահմաններն են: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի ձեւակերպումներից անթաքույց բխում է, որ Մոսկվան Երեւանի հետ դաշնակցային հարաբերությունների նախապայման է առաջադրում, այն է՝ ընդունել Ադրբեջանի հետ «պայմանական սահմանի իրողությունները» եւ իր միջնորդությամբ իրականացնել սահմանազատում, ինչպես նաեւ՝ կոմունիկացիաների վերաբացում եւ նորերի ստեղծում:

Մարիա Զախարովայի այս հայտարարությունը մամուլում շրջանառվել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունման մասին տեղեյատվությունից հետո: Եթե ըստ էության գնահատելու լինենք, ապա, թերեւս, հարկ է ափսոսանքով արձանագրել, որ այդ բանաձեւը ոչ այնքան Հայաստանի «համար» եւ «հանուն» Հայաստանի է, որքան՝ ընդդեմ Ռուսաստանի, որին արվում են բավական խիստ եւ զուտ քարոզչական բնույթի հասցեագրումներ, իսկ Հայաստանին՝ ՌԴ դեմ պատժամիջոցները չշրջանցելու ակնհայտ զգուշացումներ:

Թե ինչպես եւ ինչ նպատակով է նման բովանդակության փաստաթուղթ հեղինակվել, Երեւանում դրան նախապես ծանոթ են եղել, թե ոչ՝ այլեւս, գուցե, գործնական առումով նշանակություն չունի. բանաձեւն ընդունված է, Եվրախորհրդարանը մոտ ապագայում կմտնի նախընտրական ռեժիմի մեջ, կհետեւեն Եվրահանձնաժողոի ձեւավորման բյուրոկրատական քաշքշուկները, գործի կդրվի ստվերային պայմանավորվածությունների պրակտիկան, իսկ տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական սահմանին ոչ այքան կայունության, որքան հերթական էսկալացիայի «ուրվականն է շրջում»:

Կարելի է, իհարկե, վարկածաբար հուսալ, որ Իլհամ Ալիեւը գայթակղության չի տրվի, քանի որ Եվրամիության հետ էներգետիկ պայմանավորվածություններ եւ Լեռնային Ղարաբաղից ՌԴ զորախումբը հեռացնելու խնդիր ունի: Տեսականորեն դա այդպես է, բայց երաշխիք չէ, որ Ալիեւը չի օգտագործի պահը կամ անձամբ Ռուսաստանի նախագահից նրա կախվածությունն այնքան մեծ չէ, որքան թվում է կամ՝ պատկերացվում: Արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով Ռուսաստանը, կարծես, դրսեւորում է վա-բանկ գնալու մտադրվածություն:

Սա լրջագույն մարտահրավեր է, ինչի նկատմամբ հավասարապես պետք է ընկալունակ գտնվի Հայաստանի իշխանությունը, քաղաքական ողջ համակարգը, փորձագիտական հանրությունը: Հայաստանը ոչ մի առումով վա-բանկ գնալ չի կարող առհասարակ, այս փուլում, երբ Եվրամիությունն ինքը չի բացառում Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը, իսկ Միացյալ Նահանգներում փաստացի իշխանության «ճգնաժամ է»՝ հատկապես: Ի վերջո, աշխարհում ոչ ոք չի բեկանել սեփական կանխածրագրումն այլոց վերագրելու քարոզչակն հնարք կիրառելու սկզբունքը: Եւ չափազանց բարդ է կանխատեսել՝ Հարավային Կովկասում Արեւմու՞տքն է մտադիր Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, թե՞ Ռուսասատնն է ձգտում արեւմտայան ռեսուրսների մի մասն Ուկրաինայից հեռացնել:
Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *