ՄԵՐ ՈՒՂԻՆ

Պատասխան Հակոբ Սողոմոնյանին

Ունենալով մոտ 30․000 քմ պետություն,- ինչը երկրագնդի այս բեհեղզեբուղյան հանգույցում պարզապես բարեբախտություն ու երջանկություն է,- չենք պատկերացնում այն և չենք ուզում այն տեսնել իբրև մեր զորությունը։ Գուցե այն պատճառո՞վ, որ վերջին դարի մեր մշակույթն ու գրականությունը անընդհատ շեշտը դրել են մեր պատմական ժողովուրդ լինելու վրա (կարծես ոչ պատմական ժողովուրդներ էլ կան), սակայն ոչինչ չեն արել, որ մենք պատմական գիտակցություն ունենանք, ասել է թե՝ պատմությունն ընկալենք իբրև քաղաքացիական և քաղաքական ընթացք։ 

Հակոբ Մովսես

Կարևորելով և արժևորելով պետություն գաղափարի մեծությունը, պաշտպանելով այդ գաղափարի մեծագույն պատասխանատվությունն ու քաղաքացիական հասարակության կայացումը որպես հայրենիքը պաշտպանելու հստակ միջոց, «Մեր Ուղինը» մշտապես բաց է եղել ցանկացած ողջամիտ խոսք հրապարակելու և այն պաշտպանելու համար, որովհետև  միայն այդպես ենք ի զորու ստեղծելու այն տարածությունն ու միջավայրը, ուր առողջ միտքը, սթափ դատողությունը, ճանաչելու և համեմատելու կարողությունը, հիշողությունը այսինքն այն, ինչը մեզ բանական է դարձնում, կարող են մերժել հրապուրիչ մոլորությունն ու կեղծիքը և պատրանքի շղարշից այն կողմ տեսնել  այն, ինչի համար մեծագույն համարձակություն և խորամիտ ազատություն է պետք։

Այդ իսկ առիթով պատրաստակամ հրապարակում ենք բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի պատասխանը Հակոբ Սողոմոնյանին, որն իրենից ներկայացնում է վերոհիշյալ թեմաների խորահայաց մեկնաբանություն

Մեր Ուղին

Սիրելի Հակո՛բ,

Մի քանի օր առաջ ինձ ցույց տվեցին տպագրված մի նյութ, որը գրել էիր դու, և որտեղ շոշափվում է իմ անունը։ Դժվար ու խառնակ այս ժամանակներում, երբ Հայաստանում հոբսյան «պատերազմ բոլորի՝ ընդդեմ բոլորի» փիլիսոփայական կարգախոսը շատ վարպետորեն փոխարինված է «պատերազմ բոլորի՝ ընդդեմ․․․ իրենց պետության» քաղտեխնոլոգիական թաքուն կարգախոսով, որը ջրի երես է հանել ողջ դիրտն ու տականքը,  և սադրված է հայկական քաղաքացիական պառակտիչ պատերազմ պետության դեմ, հայրենասեր կպած, չէ՛, ինչ կպած, հայրենասեր «ղզղնած» քիչ մարդիկ կան, որոնց հայհոյանքներն ու արձագանքներն իմ ելույթներին ես կուզենայի պատասխանի արժանացել։ Քո դեպքն այլ է․ ես տվյալ պարագային ուզում եմ քո կողմից հնչեցրած մի երկու մտքի հանդիման լրիվ անկեղծ լինել և մի քանի բան ասել, որովհետև միշտ և հիմա էլ քեզ ընկալում եմ իբրև եղբոր, ում ազնվությանն ու ազնվամտությանը երբեք – ու հիմա էլ – վայրկյան իսկ չեմ կասկածել։ 

Ես չգիտեմ, թե դու ինչ դիրքերից ես խոսում և ինչ նկատի ունես «Նիկոլի մղձավանջային իշխանություն» վերացական արտահայտությամբ․ հավանաբար այն, ինչը հասկանում է երեկվա և այսօրվա՝ ազգ ու պետություն փչացնողերի փաղանգը, որն ապականության թմբիրի ու թմրամիջոցների մեջ սուզեց մեր ժողովրդին՝ նրան սովորեցնելով, որ «կաշառքը մատաղի պես բան է, որ տալիս են՝ պիտի ասես ընդունելի լինի»։ Այդ ապականությամբ չէ՞, որ մենք երեկ չէ առաջին օրը մեր թագավորին մատնեցինք պարսիկների ձեռքը (նրանց խնդրելով մեզ մի լավ թագավոր նշանակել), երեկ անարգեցինք մեր մյուս «թագավորին»՝ նրան քոռ, քյաչալ ու դավաճան ասելով, իսկ այսօր էլ ահա, Արցախը կորցնելու մեր ողբերգությունից գժված, աֆրիկյան զումփու ցեղի նման իրար ուտելով չբավարարվելով՝ ուզում ենք ուտել մեր վարչապետին ու նրա ողջ ընտանիքը (ով իր հախուռն ու երբեմն անկառավարելի խոսվածքով մեկ-մեկ անզգուշաբար հենց ինքն է ախորժակ գրգռելով իրեն դնում մեր պատառաքաղների ու դանակներ տակ)։ Այդ ապականությունը մեզ հասցրեց այնտեղ, որ մենք մեր աննման մեղեդին փոխարինեցինք մուղամով ու ռաբիսով,  ներկայացումը՝ շոուով, սրճարաններում սկսեցինք ղեյլան ու նարգիլե ծծել, անգամ մեր գրավոր լեզվին չենք տիրապետում և աբորիգենների պես «յոլա» ենք գնում մի պարզունակ՝ ամենաշատը լրագրողական բանավորով (որով, բնականաբար, հնարավոր են միայն լրագրողական պարզունակ մտքեր ու գաղափարներ), և որից դուրս գալը շատ-շատ դժվար է, քանի որ այդ «նարկոտիկի» բացակայությամբ սկսվում է այն, ինչը գողական ենթամշակույթն անվանում է «լոմկա», և որի մեջ էլ այժմ ընկած է մեր հասարակությունն իր բոլոր պատկերացումներով՝ հայրենասիրական, կրոնական, կուսակցական, քաղաքական, դիվանագիտական, պետական, բարոյական, մշակութային․․․  Իսկ քո հոդվածում իմ հասցեին ասված «Նիկոլի ջատագով» արտահայտությունը համարում եմ միամտության արդյունք։ Իմ մասին նման բան ասելը նշանակում է շատ պարզունակ բան ասել։ Դա ինձ չի վիրավորում։ Ես գիտեմ, որ մեր ժողովուրդը հիմա իր պատմության ամենաանծանոթ փուլերից մեկն է ապում, պետություն ստեղծելու փուլ, որը մենք կանցնենք, թե կխրվենք-կմնանք մեջը, ես չգիտեմ, որովհետև գիտեմ, որ պետություն ստեղծելու համար դրական կենտրոնաձիգ հոգեկերտվածք ու միասնական կամք է հարկավոր, իսկ մեր ժողովրդի հոգեկերտվածքը, փորձն ու կամքն այստեղ բացասական է․․․ Բայց մի արտահայտություն կա, որն ինձ վիրավորել է, քանի որ․․․ քեզ է վիրավորում․ ինձ վիրավորում է, որովհետև վիրավորում է իմ ընկերոջը։ Դրան մի քիչ հետո կանդրադառնամ։ 

Առայժմ միայն մի բան։ Ես գիտեմ, որ մտավորականը պետք է իշխանություններին  ընդդիմություն լինի, ինչպիսին էլ ես համարում եմ ինձ, քանզի կարծում եմ, որ այսօր մեր ժողովրդի ընտրած իշխանությունն ինքը հենց ընդդիմություն է մեր երկիրը դարերով զգացմունքների տղմոտ ջրափոսերի մեջ նետած, իսկ վերջին տասնամյակներին ավիրած ու մեր ժողովրդի կարգն իջեցրած ու փչացրած, նրան թեկուզև ոչ առաջին ու երկրորդ, բայց, համենայն դեպս, ինչ-որ «լիգայից» շպրտած մի լիգայի մեջ, որի մեջ շպրտածներին երեկ իշխանություն էին նշանակել՝ մեր երկիրը լափելու և ժողովրդին այլասերելու համար, այսօր էլ ընդդիմություն են նշանակել՝ նրա կայացումը արգելափակելու և նրա ընթացքը փչացնելու համար։ 

 Դու գրում ես, որ ես «բարձրամիտ արտահայտություններով «սղղացնում» եմ «թունավոր մտքեր»։ Այստեղ էլ չգիտեմ, թե ինչ նկատի ունես, և ստիպված եմ վերհիշել հանրային հեռուստատեսությամբ արձակված հաղորդումը։ Ուստի ես կանդրադառնամ այն հիմնական թեմաներին, որոնք այդ հաղորդման ժամանակ արծարծվել են, ինձ կարևոր են թվում, և հավանաբար որոնք էլ ահա դու համարում ես «բարձրամիտ մտքեր», «անձի ծառայություն» և «ջատագովություն»։ Միայն թե միամիտ չերևալու համար նախապես մի բան ասեմ․ ես գիտեմ, որ այսօրվա մեր բարդագույն խնդիրների «խառնաշփոթի» հարցում մեր իշխանությունները, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեցան, որը հիմնականում մարտավարական և քաղաքագիտական-հասարակագիտական է։

Ես ամենակարևորը համարում եմ շտապողականությունը․ նրանք առաջին շրջանի համաժողովրդական պաթոսի մեջ չպատկերացրին, որ «տորիչելլյան դատարկության» բերանը մեկից չի կարելի բացել, որ գոյություն ունի խիստ հաջորդականություն, որ յուրաքանչյուր խնդրի լուծում բխում է իր նախորդ խնդրի լուծվածությունից և, ասենք, երրորդ ու չորրորդ հարցերին կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ լուծել ես առաջինն ու երկրորդը, որ տասը սանդուղքով աստիճանի սանդղավանդին ոտք դնելու համար միանգամից չի կարելի ոտքը չռելով դնել սանդղավանդին՝ հատ-հատ տասին չդնելով (որի դեպքում տասը քեզ հետ կքաշեն), որ այս քաղաքական և սոցիալական պաթոսի մեջ հայտնված մեր ժողովրդի հետ խոսելու առանձնահատուկ խոսելաձև է հարկավոր, որ տասնամյակներով կոռուպցիայի (ես քեզ պետք է հիշեցնեմ շատ զորավոր մի արտահայտություն, որն արել է ժամանակակից հասարակագետ-փիլիսոփաներից մեկը․ «կոռուպցիան թմբիր է բերում») ու լճացման մեջ նետած նման հասարակության մեջ չի կարելի ոտքդ միանգամից հարյուր կմ/ժ արագության ոտնակին սեղմել, որ պիղծ ու մեռած բաների վրա ավելորդ պաթոս բանեցնելը կարող է գալվանիզացիայի օրենքով «վերակենդանացնել» դրանք, որ նման տգիտության մեջ «բռթված» ժողովրդին չի կարելի բացարձակ  գաղափարներ մատուցել․․․ և որ, ամենակարևորը,  ազատությունը նախ և առաջ մտավոր ու հոգևոր կարգ է, նախքան այն հասարակական ասպարեզ մղելը՝ պետք է բաժին առ բաժին ապահովել նրա հոգևոր ասպարեզը, և եթե այդպես չէ, ապա ազատություն տալով հասարակությանը՝ ազատություն ես տալիս նրա ստորագույն կրքերին, ազատություն ես տալիս նրա մեջ տասնամյակներով բուծված և պատսպարված «ներքին անասունին», կոնկրետ ասած՝ ազատություն ես տալիս փողոցային լրագրողականությանը,- և հանկարծ չմտածես, թե ես այնքան միամիտ եմ եղել, որ սպասել ու հիմա էլ սպասում եմ վանդակից դուրս թռչող սոխակների, որոնք պետք է երգեին մեր ժողովրդի ծառի ճյուղերին։ Չէ, դեռ ուր ես։ Բայց ես նաև գիտեմ, որ ազատությունը և ժողովրդավարությունը, որը ոմանց բարոյական կարգ են թվում, նախ և առաջ քաղաքական կարգ են, շատ կուռ ու խիստ կարգ, որն էլ միայն, կայանալու դեպքում, կարող է ոտքի վրա պահել մեր ժողովրդին և թույլ տալ, որ մեր Հայաստանի Հանրապետությունը կամաց-կամաց իրեն ու իր մշակույթին հարիր քաղաքական կարգերի ու կառույցների մեջ մտնի։ Այդ «կայացումը»  թողնելով հետագային ու հաջորդ սերունդներին, հաջորդ իշխանություններին ու պետական բազմաթիվ կարգերին (ամենից առաջ կրթությանն ու մշակույթին), մի բանում ես այսօր համոզված եմ, ինչի համար էլ, այո, սատարում եմ այս իշխանություններին․ եթե մեր ժողովուրդը վաղը որոշի ուրիշ իշխանություն ընտրել, այս իշխանությունները դրա դեմը չեն փակի և չեն խանգարի․ ես միշտ ասել եմ, որ մեր պատմության՝ այս մեզ ամենաանծանոթ փուլում հայտնված այս իշխանություններին նայում եմ իբրև կամուրջ, որով կարող են ներս մտնել մեր կողմից ընտրված ավելի լավերը (եթե, իհարկե, այդպիսիք մենք մեր մեջից պեղենք․․․), անգամ նրա վրա ոտքերը թափ տալով, ի՛նչ կա որ․․․ Եվ  եթե նրանք միայն սա գլուխ բերեն՝ մի վիթխարի քայլ արած կլինեն մեր երկրի կայացման գործում և իրենց առաքելությունը կատարած կլինեն։ Սա ինձ համար ամենակարևորն է։ Եվ ես մի բան էլ գիտեմ․ եթե մենք թույլ տանք կամ հայրենասիրական կրքից ելնելով թողնենք, որ այս՝ մեր ընտրած իշխանություններին ներսի կամ դրսի ուժերը (ավելի շուտ՝ դրսի ուժերը ներսի ուժերով) տապալեն, ապա մենք կընկնենք մի մղձավանջի մեջ, որից միգուցեև այլևս չկարողանանք դուրս գալ։ Այնպես որ ես այստեղ հենց տեղում «լուծարում» եմ քո «Նիկոլի անձին» ծառայելու արտահայտությունը․ ես քաղաքական ու քաղաքացիական  բոմժ չեմ, և Նիկոլ Փաշինյանն ինձ համար անձ չէ, Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որին երկրորդ անգամ, իր ողբերգությունից հետո էլ, ընտրել է հայ ժողովուրդը, որին «ժեխ ու աղբ» ասողներին էլ դու հայրենասիրաբար միանում ես նրանց հետ, ովքեր երևի ուզում են դրսից «իմպրտնի» հայ ժողովուրդ ներմուծել, սակայն իմ հույսը հենց նրա՝ տեղում եղած այս հում զանգվածի վրա է, որին հրել են տգիտության ու անգրագիտության խորխորատները, և որը, այդուհանդերձ, այնքան հզոր բնազդ ունի, որ իր որդիների հազարավոր զոհերից հետո էլ ընտրեց այս իշխանություններին, որովհետև նրա մեջ տեսնում է  իր հազարամյա կործանված պետության վերականգնման ինչ-ինչ նշաններ ու աղոտ մի հույս։ 

Հիմա անդրադառնամ մի քանի հարցերի, որոնք այդ հաղորդման ժամանակ քեզ թվացել են «թունավոր» և քեզնից պարզաբանումներ խնդրեմ։ 

 ա/ Այդ հաղորդման հիմնական հարցներից մեկը Պետություն-Հայրենիք հոգևոր «մոնոտոմիան» նենգաբար և հիմնականում մեր տգետ «հայրենասեր» մտավորականության կողմից քաղաքական դիխոտոմիայի վերածելու այսօրվա միտումն ու քարոզչությունն է, հայրենիքով պետությունը թաքցնելն ու խեղդելը, մեր հասարակությունից հեռու պահելը և մեր ժողովրդին «հայրենասիրական» տռփանքի մեջ դնելով՝ պետական իմպոտենցիայի մատնելը։ Մեզ իմպոտենտ ժողովուրդ դարձնելը։ Պետությունը հայրենիքին հակադրելը և մեր ժողովրդի ականջին հայրենասիրական լորձունքոտ բանաստեղծություններ փսփսալով՝ թույլ չտալը, որ նա իր էթնոսից մտնի նաև իր էթոսի մեջ ։  Չհասկանա, որ ինքը ոչ միայն հայ է ծնվել, այլև պետք է հայ դառնա, որ հայ ծնված լինելը ոչինչ չի նշանակում, քանի դեռ հայ չես դարձել։ Եվ որ մենք մեր այս խիստ հակասական իրավիճակում պարտավոր ենք այդ երկմիասնության մեջ առաջնայնություն սահմանել՝ տվյալ պատմական փուլում մեր անելիքի առաջնայնություն սահմանելու համար։ Ելնելով դրանից՝ ես գտնում եմ, որ հայրենիքները Աստված է շնորհում ժողովուրդներին, բայց դա բանի միայն կեսն է․ Աստծու տվածը պահել է պետք, իսկ դա պետությունն է։ Աստծու տվածը վավերական է, եթե դու այն պահող ես։ Հակառակ դեպքում՝ «վեց վիլայեթ»․․․ Աստված մեզ հայրենիք է տալիս  և պատվիրում, որ մենք այն պահենք պետությամբ, քանի որ հայրենիքը պահելու միակ ձևը պետությունն է։ Իր շնորհի դիմաց նա մեզ պատվիրում է իրեն վարձահատույց լինել պետությամբ։ Հայրենիքը Աստծու տվածն է մեզ, պետությունը մեր տալիքն է Աստծուն։ Այլապես մենք մնում ենք աստվածային շնորհի ու պարգևի հուզաթաթախ , մակաբույծները, ձրիակերներն ու սպառողները, շռայլիչները, բայց ոչ բազմապատկողները, ձեռի հետ սպառողները, բայց ոչ նրա ֆիզիկական ու հոգևոր ձեռներեցները։ Տեղը չէ, որ ես խոսեմ «Պետություն» հասկացության կրոնական-երկրային ասպեկտի մասին, դա քեզ նույնպես կարող է «թունավոր մտքեր» «սղղացնել» թվալ, բայց  գոնե դու, կարծում եմ, այնքանը գիտես, չնայած, մի նեղացիր, ոնց որ դու այդքանն էլ չգիտես, որ պետությունը հայրենիքի գերադրությունն է, նրա երկրային աստիճանը, կարգն ու քահանայապետությունը, և եթե ժողովուրդները պետություն չեն կառուցում, իրենք իրենց և իրենց շնորհ արված հայրենիքին չեն կարողանում կարգ ու աստիճանակարգ շնորհել, իրենց Հայրենիքը պահում են ան-Կարգութան մեջ, այն չեն կարողանում դարձնել Հաստատություն, Նվիրապետություն ու Քահանայապետություն (ինչը ուզում էր անել մեր ժողովրդի կարգադիրներից մեկը («Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել՝ ինձ թև էր տալիս»)) և մնում են «Մասիս, Մասիս, ախ, Մասիս»՝ քաղաքական ու պատմական բոմժի բերանից ծորացող էժանագին ու ստոր ռուբայու(պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն. խմբ) կարգի մեջ, որում այդ ռուբայու տերերը գալիս և Մասիսը ձեռքիցդ խլում են՝ քեզ թողնելով միայն թարախակապ վերքերը քչփորելով ընթերցող գռփող «ախ»-ի հաճույքն ու իրավունքը․․․ Քեզ մղելով կոռուպցիայի ամենավատ տեսակին՝ հայրենասիրական կոռուպցիային, մշակութային վաշ-վուշին և զգացմունքային՝ ընթերցող կորզող անարգությանը, որտեղ ամենահալածյալները պետության հպատակներն ու քաղաքացիներն են, իսկ ամենահռչակավորները, ամենաճարպիկներն ու ամենաակտիվները՝ պետության քաղաքացիություն ու հպատակություն չընդունող տգետներն ու իրենց հայրենասեր գժի տեղ դրած մաքսանենգերը, որոնք մոլեգնում են պետություն բառը լսելիս, որովհետև այն միակ հասկացությունն ու լծակն է, որը կարող է փակել հայրենիք լափողի իրենց դեմը։

  1. բ․ Երևի քեզ զայրացրել են նաև հերալդիկայի մասին իմ դատողությունները, որ ոչ թե դրանք են կանգնած պետության մեջքին, այլ հակառակը․ ես այստեղ քեզ և հայրենիքն ու պետությունը խորհրդանիշների վերածող, դրանք իրականության մեջ արհամարհող և լոկ իբրև խորհրդանիշ սիրողներին հիշեցնեմ մի հանճարեղ խոսք, որը կռահել է մեր ժողովուրդը, բայց որը չեն հասկացել մեր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները․ «Խաչը տերն է զորացնում»,- ասում են մերոնք։ Ես հասկանում եմ խաչով՝ Հիսուս Քրիստոսի «հերալդիկայով», պաշտպանվելու,  բայց այն չպաշտպանելու մեր դարավոր կեցվածքը և կրկնում եմ․ յուրաքանչյուր գերբ, դրոշ, յուրաքանչյուր պետական նշան ինքն այդ պետությամբ է հզոր և մեկնաբանելի։ Քո գերբին պատկերված քո «չորս թագավորությունների» զինանշանները չեն, որ պետք է քո անցյալը, պատմությունն ու զորությունը վկայեն, այլ այդ դո՛ւ ես, որ պետք է վկայես դրանց պատմությունն ու զորությունը։ Պատմություն ու զորության չի կարելի գցել անցյալի ու գերբերի վրա, դրանք ամեն վայրկյան քո դռանը կանգնած քեզնից են զորություն ու պատմություն աղերսում։ Դու չես կարող քո գերբի վրայի արծիվներով ու առյուծներով հզոր լինել, եթե այնքան կատու ու ճնճղուկ ես, որ չես կարողանում երկիր ու պետություն կառուցել։ Քո պատմությունը ոչ մի արժեք ու նշանակություն չունի, եթե նրա թելի ծայրին ամրացված չէ ձուկ որսալու կարթը՝ ներկան, քո ժողովուրդը պատմություն չունի, եթե նա դա չի պատկերացնում իբրև նրա շարունակությունն ապահովող ներկան, իսկ ներկան պատկերացնում է ոչ թե իբրև պատմության աճին տվող ծայրը, այլ ընդամենը կենցաղ ու կենցաղավարություն։ Սա՝ մեկ։ Երկրորդը հարցի քաղաքական-պետական կողմն է․ հերալդիկան, ինչպես որ քաղաքական-պետական յուրաքանչյուր պարագա, քաղաքական-կենսաբանական (քանի որ քաղաքականությունը շատ նման է կենսաբանությանը, իսկ եթե կուզես՝ անգամ․․․ կենդանաբանությանը) միմիկրիա է, պետությունը, եթե պետություն է,  պարտավոր է հարմարվել իր աշխարհա-քաղաքական միջավայրին, առնմանվելու և հարկ եղած դեպքում նաև նույնանմանացվելու հատկություններ ի հայտ բերել, ինչը արտաքին տեսքի առնմանություն է և ոչ թե իր էութան, ինչը պաշտպանական բնական ռեակցա է։ Պետությունը պարտվոր է նաև հանուն իր պոպուլյացիայի  մորֆոլոգիական իր աշխարհա-քաղաքական միջավայրում համապատասխան վարքագիծ հանդես բերել, որպեսզի ապահովի իր նորմալ կենսագործունեությունը, որպեսզի բազմանա ու զարգանա, որպեսզի իր միջավայրի պայմաններում ապրելու ունակություն հանդես բերի և ոչ թե դառնա գաղթական ու պանդուխտ, մեր դեպքում՝ պանդուխտ մշեցի ու գաղթական վանեցի։  Քաղաքականությունը, այո, միմիկրիա ու ադապտացիա է, ուրիշ բան չէ։ Այն եթե քաջություն է, ապա նպատակահարմարության ու խելամտության քաջություն է։ Այն խելամտության, որը պահանջում է քաղաքական ծանրաձողին մոտենալ քո քաշից ելնելով և, ենթադրենք, 200 կգ ծանրաձողը բարձրացնելու համար ոչ թե վազել դեպի այն և քաջաբար ջարդել մեջքդ, այլ քաշ հավաքել, ինչը հնարավոր է․․․   Քաղաքականությունը քո և քո ժամանակի քաղաքական միջավայրում տեղավորվելը, հարմարվելն ու ապրելն է։ Իսկ մենք ոնց որ մեր էությունն ավերող  միմիկրիային հարմարվում ենք,- մենք մեր աննման երաժշտության ու մեղեդու «գերբն» ու «դրոշը» թողած՝ այսօրվա մեր երգվող երգերով, քիչ է մնում ասեմ, իսլամ ենք ընդունել, մենք չենք կարողանում ձերբազատվել մեր ազգանունների ու տեղանունների վրա նստած օտար կեղտից, մենք մեր քաղաքին ու գյուղին ալլավերդի ու ավշար ենք ասում,- բայց արտաքին պաշտպանական միմիկրիաների ժամանակ մոլեգնում ենք։ Դու վերցրու և կարդա, օրինակ, գերմանական ժողովրդի պետական սիմվոլների պատմությունը և կզարմանաս, թե դրանք ինչպես են ամեն քաղաքական և նաև մշակութային դարաշրջանին համապատասխան փոփոխվում, ինչպես են նորերը ներմուծվում, որպեսզի շուտով դրանք էլ մի կողմ դրվեն, եթե Գերմանիան իր պետության համար այդպես հարմար համարի։ Իսկ դու միացել ես սոցցանցերում իմ դեմ արշավանք ծավալած «գռլզ» և «բոյս» տգետների բանդաներին, որոնք այս էլ քանի դար խրոխտ կեցվածքով երկրպագում են նշանները և նույն խրոխտ կեցվածքով հանձնում ու հանձնում են նշանակյալը՝ մեր հայրենիքը, բավարարվելով նրա մասին «կարոտի» բանաստեղծություններով և այդպես էլ թույլ չտալով, որ մենք հասկանանք՝ ա՞զգ ենք, թե՞ սիմվոլ,- և մի՞թե մենք մեր հայրենիքի նվիրական խորհուրդները մեր մեջ չկարողանալով պահել՝ պետք է բավարարվենք գերբերի ու դրոշների վրայի նշաններով, դարձյալ չհասկանալով, որ վերջիններն ընդամենը քաղաքական պարագա են և նպատակ ունեն ներկայացնելու ընդամենը տվյալ ժամանակաշրջանի քաղաքական ինչ-ինչ միտումները, բայց ոչ ազգի բաղձանքները, որոնք ազգերը թաքուն են պահում իրենց սրտերի «սրբություն սրբոցում», ինչպես հրեաներն էին թաքուն պահում իրենց Ուխտի տապանակը, քանի որ այն այնտեղից ամեն առիթով հանելը և էստրադա բերելը դրանք փչացնելու ամենակարճ ճանապարհն է։ Ես այն կարծիքին եմ, որ գաղափարները, խորհրդանիշները, նվիրական բոլոր նշաններն ընդամենը նշաններ են և այնպես կարևոր չեն, ինչպես նշանակյալը։ Եվ նշանների տակ չպետք է թաղել նշանակյալներին, ինչպես որ խաչի վրա չպետք է թաղել Խաչյալին։ Որ սին ու ցուցադրական պահվածք է, երբ ազգային երազանքները, անուրջները, իղձերն ու բաղձանքները կապվում են պետության առջևից, ինչպես վագոնները երբեք չպետք է կապվեն շոգեքարշի առջևից, այլ հակառակը՝ շոգեքարշը պետք է կապվի դրանց առջևից ու քաշի դրանք, որպեսզի շարժակազմ ստեղծվի և ոչ թե անկառավարելի ու ափեղցփեղ ընթացող մի բան, որը «հայրենասիրական» պու-չըք-չըք անելով՝ իր հետևից քարշ է տալիս շոգեքարշը՝ առանց գծերի մի չոլի մեջ․․․ Եվ իմացած եղիր․ ես մեր հայոց պատմությունը կհամարեմ առոչինչ և ամեն մի սինլքորի հայրենասիրական թալանի ու կողոպուտի բաժին, եթե մենք չկարողանանք պետություն ու երկիր սարքել։ Եթե դու սա համարում ես թունավոր գաղափար, ես հակառակը կպնդեմ․ ես կարծում եմ՝ հայրենասիրությունը վերացական ու պաթոսային մի բան է, եթե թաթախված չէ իրականության մեջ և իր հետևից իր ժողովրդի ու պատմության իղձերն ու բաղձանքները տանող շոգեքարշ չէ, ինչն էլ ի վիճակի է իր հետևից քաշել ցանկացած ծանրություն․․․ Իսկ դրա համար մեզ պետություն է հարկավոր, որը, այս անգամ էլ այսպես ասենք, հայրենիքի ու պատմության համաժամանակայնացումն է («սինխրոնիզացումը»), որն այն թողնում է ոչ թե անցյալի անորոշ տարածություններում, այլ այն դնում է ներկա պահի մեջ, որը եթե չկա, ուրեմն այդ անցյալը պոռոտախոսության նյութ ու «ուղեղի մորմոք» է, թեկուզև դու նրան  «Հայկյան նետ» կոչես։- Անցյալը նշանակություն ունի միայն ներկայի մեջ, իսկ ներկան անցյալի մեջ ընդամենը դիվաբանություն է, թեկուզև նրան առասպել ասվի։  

գ․ Ես, այո, ինչպես միշտ, այսօրվա հայ ժողովրդի ու նրա մշակույթի և գրականության խնդիրը համարում եմ ոչ թե էրոտիկական հայրենասիրությունը, այլ հայրենիքի ու պետության քաղաքացիական գաղափարը տալը, որը «հայրենասերի» կողքին ի վերջո գուցե մեջտեղ հանի պետության Քաղաքացուն և Հպատակին։ Ես ասում եմ՝ էրոտիկական, որովհետ Տերյանից, Չարենցից հետո այդ ողջ բանաստեղծությունը համարում եմ սիրային լիրիկայի մի ճյուղ, որտեղ սիրուհու բարեմասնությունները պարզապես փոխարինված են հայրենիքի բարեմասնություններով․․․․ Հայրենիքը կին չէ, որ նրա բարեմասնությունները գովես․․․ Մինչև օրս էլ մեր հայրենիքը մեզ մատուցվում է ոչ թե իբրև մեր կոչումն ու աստիճանակարգությունը, իբրև մեր հոգևոր ու ֆիզիկական  աստիճանակարգությունը, այլ իբրև ջատագովության առարկա։ Այդ հայրենասիրությունը մեզ բացի պարծենկոտությունից ու մեծախոսությունից՝ ոչ մի պատմական ու քաղաքական դիրքորոշման ու գոյաբանական կեցվածքի չի մղել, ոչ մի «հայկական գաղափար» չի ձևավորել, այն մեզ ոչ ստրատեգիական՝ ազգովին նրա համար պայքարի ելնելու գաղափար է տվել, ոչ էլ տակտիկական՝ առայժմ ձեններս-կտրել-տեղներս-նստելու պահվածք, մինչև որ մեր ժամը գա, ասե է թե՝ մինչև որ մենք հասնենք այն ֆիզիկական և կրիտիկական զանգվածին, որը կարող է քաղաքական առկայություն, քաղաքական նպատակադրություն,  տակտիկա ու ստրատեգիա ապահովել և ոչ թե աննպատակ քաջի ու աննպատակ վախկոտի պարզունակ կեցվածք, որն էլ ավիրել է մեր տունը։ «Հարատև պայքարի» բանաստեղծական հոխորտալից նախադասությունից երևում է, որ դու հիմա էլ կըմբոստանաս («Հայ քաջեր, հայ քաջեր» երգելով) «տեղներս նստելու» արտահայտության վրա, ուստի ես հենց այստեղ հիշեցնեմ մի, թվում է, նաիվ, բայց հանճարեղ միտք, որն ասել է ամերիկացի մի մեծ պատմաբան-հասարակագետ (Ուիլյամ Դյուրանտ, որի 11 հատորանի «Քաղաքակրթության պատմություն» գիրքը կառաջարկեի թարգմանել և բաժանել մեր պատմաբաններին ու «հայ քաջերին»)․ «Պատերազմը երկու փուլ ունի․ նախապարաստվելու  և բուն ճակատամարտի։ Եվ վերջինիս ելքը կանխորոշված է առաջինով»։ Եվ եթե այստեղ «պատերազմ» բառը հասկանանք փոխաբերականորեն, ապա «նախապատրաստություն» հասկացությունն ինձ համար ստույգ անուն ունի Պետություն։ Այո, պետությունը նախապատրաստություն է, բայց դու ոնց որ «պատրաստությունից» գերադասում ես, որ մենք քաջ ֆիդայի ու հայդուկ դառնանք, բայց ես համարում եմ, որ մեր քաջությունը պետք է  բավարարի նաև նրա համար, որ, օրինակ, մի քսան-երեսում տարվա մեջ Հայաստանի բնակչությունը դարձնենք գոնե մի հինգ-վեց միլիոն, որն արդեն ի վիճակի կլինի ձեր՝ հայդուկներիդ ու ֆիդայիններիդ փոխարեն իր միջից զինվոր ու բանակ հանել։  

դ․ Ես այն կարծիքին եմ, որ Արցախը մենք տապալել ենք բոլորով – և այն պատճառով, որ խնդիրը պատկերացրել ենք վերևում ասածս մոտեցումներով և մեր հայրենասիրական պատմական ծավալների մեջ ճիշտ չենք պատկերացրել նրա քաղաքական ծավալը։ Այդ պատճառով էլ, ամեն մեկս նրանով ապահովելով մեր հայրենասիրական «իմիջը», այն տարել ենք մի ոլորտ, որտեղ իշխանությունների միակ փրկությունը այն ձգձգելը, իրար վրա գցելը և  վերջում մի հարմար (շա՜տ հարմար) մեղավոր սարքելն էր։   Հիմա մեզ, մի նեղացիր՝ ոնց որ նաև քեզ, մի նոխազ է պետք, որպեսզի կրկնենք մեր հազարամյա պատմության հիմարությունների հնարքներից մեկը․ մեղք փնտրելու տեղակ մեղավոր փնտրենք, բոլորիս մեղքը գցենք նրա վրա և բավարարվենք ու նախորդ մեղքից ազատված՝ մաքուր խղճով  անցնենք հաջորդ մեղքին։

զ․ Եթե դու նկատի ունես այսօրվա արտաքին քաղաքականությունը, ապա ես այն համարում եմ շատ գրագետ ու հավասարակշռված։ Հազար թելերով կապված լինելով Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և այլն և այլն, այսօրվա իշխանությունները, կարծում եմ, բավականին հաջող շողուլի են բերում վերջին հարյուրամյակում մի կողմի վրա թեքված պատը՝ Ռուսաստանի կողքին փնտրելով նաև այլ խաղացողներ ու աջակիցներ, որոնք, ռուս մի մեծ մտավորականի ասած «Ռուսական թեոկրատիան ռուսական գեոկրատիայի» վերածած այսօրվա Ռուսաստանի ներկայությամբ գուցեև մեզ թույլ տան ինչ-ինչ հնարավորություններ տեսնել։ Ըստ որում ես կիսում եմ բոլոր նրանց տագնապները, ովքեր գիտեն Ռուսաստանի հետ չինելու վտանգները, բայց ես նրանց հարց եմ տալիս․ դրա կողքին նրանք գիտե՞ն Ռուսաստանի հետ լինելու վտանգներից։ Կա՞ մեկը, ով հասկանում է այսօրվա Ռուսաստանի քաղաքականության նպատակները և կարող է պատասխանել, թե մենք այդ նպատակների մեջ արդյոք կարո՞ղ ենք տեղավորվել, թե՞ եվրոպական իր կորուսյալ ճամբարի (սոց․ լագերի ճամբարը) փոխարեն իր ասիական ճամբարը (թուրանական լագերը) ստեղծելու այս գործընթացի մեջ լինելու ենք այն, ինչը շուն ու գազան վարժեցնողները ռռւսերեն կոչում են «вкусняшка», իսկ հայերեն՝ «համովիկ»․․․ 

է․ Եթե դու նկատի ունես, որ ես անցյալ դարասկզբի մեր անլուր ողբերգության մեջ ուզում եմ տեսնել նաև մեր մեղքը, ես դարձյալ պնդում եմ դա։ Թեև դու քո «Թլպատվածները» վեպում որոշ հարցերի անդրադարձել ես, բայց ես իբրև հայ մարդ, իրավունք ունեմ մեր պատմագրության և մշակույթի հարյուրամյա մղձավանջային պաթոսից հետո ուշքի գալ և հարցնել․ մենք ինչո՞ւ կոտորվեցինք մեր հազարամյա հողի վրա,  մի՞թե մենք մեր մեղքը չունեինք կամ մեղքի մեր բաժինը չունեցանք այդտեղ։ Թե՞ մեզ մազոխիստական հաճույք է պատճառում սրան-նրան (թուրքին, ռուսին, գերմանացուն, ֆրանսիացուն, անգլիացուն․․․) մեղադրելը, իսկ մեր մեղքը, որ դարասկզբի 9 միլիոնանոց Թուրքիական կայսրությունում լինելով այդ կայսրության գրեթե 3 միլիոնանոց ավտոքթոնիկ ու հիմնական ժողովուրդը, պարզապես բնաջնջվեցինք․ մեզնից հեռու վանելը։ Որ այսօր  էլ, ունենալով մոտ 30․000 քմ պետություն,- ինչը երկրագնդի այս բեհեղզեբուղյան հանգույցում պարզապես բարեբախտություն ու երջանկություն է,- չենք պատկերացնում այն և չենք ուզում այն տեսնել իբրև մեր զորությունը։ Գուցե այն պատճառո՞վ, որ վերջին դարի մեր մշակույթն ու գրականությունը անընդհատ շեշտը դրել են մեր պատմական ժողովուրդ լինելու վրա (կարծես ոչ պատմական ժողովուրդներ էլ կան), սակայն ոչինչ չեն արել, որ մենք պատմական գիտակցություն ունենանք, ասել է թե՝ պատմությունն ընկալենք իբրև քաղաքացիական և քաղաքական ընթացք։ Որ մեր պատմությունը դիտարկեինք նաև, ինչպես ասում է իմ մեծ ընկերներից մեկը,  իբրև մեր ժողովրդի հիվանդության պատմություն (անամնեզ)։  Ըստ որում կրկին ու կրկին պնդում եմ, որ այդ պատմական ողբերգությունը մենք կրկնապատկեցինք մշակութային ողբերգությամբ և փոխանակ ֆիզիկական խաչելությունը վերափոխեինք հոգևոր հարությամբ, գերադասեցինք մեր դիակը կախված թողնել խաչից և գոյատևել իբրև  «լեշ ու փորոտիք» («Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,  Թե տղամարդիկ՝  Հեռու և մոտիկ՝ Դարձել են արդեն լեշ ու փորոտիք… »)։ Ով ով, բայց դու, իբրև քրիստոնյա, պետք է լավ իմանաս, որ որևէ խաչելություն միստերիա է միայն այն ժամանակ, երբ նրան հետևում է հարությունը, և որ հարություն չառած մարմինը ենթակա է նեխման, ինչպես որ 100 տարի շարունակ մեր մարմինը խաչի վրա պահող մեր մշակույթի մուրճերի զարկերի տակ նեխեցինք մենք։ Դու սա դարձյալ «թունավոր միտք» համարիր, բայց ես մի քանի օր առաջ հասկացա, որ մեր եղեռնը մենք համալրել ենք մշակութային եղեռնով, և իմ սիրտը ցավով ու ցասումով լցվեց, երբ Մարգարայի կամուրջը բացելու առիթով մերձակա գյուղում մի 80-85-ամյա ծեր կնոջ բերանից լսեցի լրագրողի «մայրիկ, ի՞նչ կարծիքի եք Մարգարայի կամուրջը բացելու մասին» հարցին տրված հետևյալ մշակութային պատասխանը․ «Բալա ջան, Էդ կամուրջ բացիք՝ մյուս առավոտ թուրքը մտնելու ա ինձ բռնաբարի»։ Դու սա համարիր պատմական իրողություն և ավելի գրգռիր այդ ծեր կնոջը, բայց իմ լացը ամոթից եկավ․․․ 

 ը․ Շահան Նաթալիի հարցով իզուր ես հայրենասիրական միտինգ անում․ երկու տարի առաջ ես առաջարկել եմ նրա՝ քո նշած հրաշալի գիրքը մտցնել պատմության ժամերի դպրոցական պարտադիր ընթերցանության մեջ, բայց ոչ թե «Նեմեսիսը» մեր մեջ բորբոքելու համար, այլ՝ մեր պատմական և քաղաքական գիտակցությունը, որոնց արտակարգ վերլուծություններ են արված այդ գրքում, և առանց որի ոխ ու վրեժ սոսկ կրքեր են, ինչպես ասել է մի մեծ փիլիսփա, որոնք սևացնում են ժողովրդի և մարդկանց հոգին և նրանց անզորությունից հանում իրար դեմ։ Նրանց լցնում են թաքուն ինքնարհամարհանքով։  

թ․ Հավատա՝ այսօր կենցաղ դարձած բանասարկությունների ֆոնին ես քո ասածներին չէի պատասխանի, կմտածեի՝ դե, մեր օրերի ցավից ծնված իմ ընկերոջ ազնիվ մղումներն են նրան հասցրել այդտեղ, եթե քո տեքստում չլիներ ինձ զարհուրանք պատճառով քաջազուն ֆիդայու «հատուցման եւ հարատեւ կռվի» արտահայտությունը, ինչը մեզ թույլ չի տալիս Հայաստանը զգացմունքների տռփալից սիրո առարկայից դուրս դարձնել  բանական սիրո ու բանական գործողությունների առարկա, որը տարերային ու անկազմակերպ ընդվզումներից մեզ կմղեր մեր քաղաքական վարքին, որը հաշվարկային մոտեցումներ է սիրում, այո, երբեմն շատ ցավալի զիջումներ։ Որը մեզ կհաներ անիմաստ ապստամբի կեցվածքից և կդներ իմաստալից դիմադրողի կերպարի մեջ։ Որը մեզ ֆիդայուց զինվոր կսարքեր։ Որը մեզ անժամանակ խրոխտներից մեր ժամանակի խոնարհ ծառաները կդարձներ․․․ Այսօր արվող քո այդ արտահայտությունից, որից երևի շատերի բերանի ջրերը կգնան, ես, այո, խորշում եմ, որովհտև ես վախենում եմ, որ ինչպես որ դրանով մեր XIX դարը խժռեց XX-ին, ահա XX-նն էլ կարող է խժռել այս խառնակ XXI-ին։ Ես կրկնում եմ, որ մեր վերջին հազար տարվա պատմության մեջ այսօրվա մեր վիճակը միանգամայն առանձնահատուկ է, որ մենք առաջին անգամ կանգնել ենք ինքներս մեր առջև իբրև ինքներս մեր հնարավորությունը․ մենք մեզ հայրենիք շնորհած մեր Աստծուն պետությամբ քննություն պետք է տանք։ Եթե կտրվենք․․․ Մենք կմնանք հազարամյա նույն դասարանում, որտեղ ուսուցչություն անողի անուն-ազգանունը ընկեր կամ պարոն Տխմարություն է։  

 Ահա այստեղ է, որ ես, սիրելի եղբայր, պետք է անդրադառնամ նրան, ինչն ինձ քեզ համար է վիրավորել։ Դա վերևում հիշատակված քո «հատուցման և հարատև կռվի» քաջակորով արտահայտությունն է, որով դու, ըստ իս, մոլորեցնում ես մեր ժողովրդին՝ այդ «հատուցման» և «կռվի» թիրախը կոնկրետ իրողությունից հանելով և ճխտելով պաթոսի ամբաղ-զամբաղ մի ոլորտ, որը հարյուրամյակներ շարունակ անարդյունավետ է եղել և փորձանք, մահ, ավեր, կոտորած ու գաղթ է բերել մեր ժողովրդի գխին։ Այս արտահայտության մեջ ինձ վիրավորողը նաև այն անմիտ (եթե զրուցակիցս դու չլինեիր՝ կասեի «գործակալական») հայրենասիրությունն է, որն արդեն երեքհարյուր տարի է, ինչ շեղում է մեզ մեր, իրական, շոշափելի ու սուրբ հայրենքից և նետում ցնորքների ու պոռոտախոսությունների ամայի ցանքատարածությունները։ Այդ արտահայտությամբ հո դու չե՞ս ուզում միանալ նրանց, ովքեր   գժվում են «հայրենիք» բառից, ինչպես հարբեցողը՝ ոգելիցից, բայց քեֆները թողնելուց հետո չեն կարողանում ստույգ հաշվել իրենց հարբեցողության «դեբոշներով» մեր գլխին բերած փորձանքները։ Հո դու չե՞ս ուզում միանալ գերսթափություն պահանջող այս ժամանակներում «Գինի լից» երգողներին, ովքեր «կայֆի» տակ միացել են իրենց պետության դեմ ելած ու Ղևոնդ երեց կտրած տգետներին, որոնք զգոնության ու խոհեմության այս օրերին իրենց գաղտնի կազմակերպությունների ու լեգեոնների կոչով «ռևանշի» կոչ են անում մեր ժողովրդին, թեև իրական «ռևանշի» տասնամյակներին Աստվածաշնչից մեջբերումներ անելով միացան հայ ժողովրդի և նաև Հայաստանյաց առաքելական եկեղեցու Պետությունը հոշոտածներին։ Որոնք չգիտես թե ում կոչով (չնայած լավ էլ գիտենք) կոչ են անում հայ ժողովրդի օրինական իշխանության տապալման։ Նրանց, ում համար հայրենիքն ընդամենը հայրենասերի իմիջ ապահովելու միջոց է։ Նրանց, ում կռվանը անբանավեճ հայհոյանքները, «խառը խփոցիներն» ու դրանց ժամանակ գոտուց ներքև հարվածներն են։ Ում սադրանքներով մենք նշան ենք բռնել մեր օրինական իշխանություններին․ այս ամենը մենք այս ո՞ւմ պատվերով ենք անում։ 

Ես շատ լուրջ եմ վերաբերվում մեր այսօրվա վիճակին․ կրկնում եմ՝ 2000-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ մենք ձեռք ենք բերել մի կարգավիճակ, որը հավաստված է միջազգային բոլոր օրենքներով։ ՄԱԿ-ի դիմաց բարձրացված մեր դրոշով։ Սա շատերի համար գուցե ձևական բան է, բայց ինձ համար այդ պատմության մեջ ամրագրված բոլորովին նոր իրավիճակ, որը մեզ թույլ է տալիս արդեն ոչ թե հայրենասիրական գոռում-գոչյուններով  մեր փոքրիկ նավը վարել ու խուսավարել, այլ նավարկել միջազգային նավագնացության օրենքներով ու կանոններով, որտեղ հայոց քաղաքական մտքի՝ մի շատ պատկառելի մարդու (բայց ոչ քաղաքական գործչի) բերանից ելած «հարիսայի» և «թղթե շերեփի» գեղջկական արտահայտություններն այլևս չեն գործելու, կամ գործելու են իրենց ճիշտ կիրառությամբ, որ եթե «հարիսա» ուտելու ես գնում, «շերեփդ» պիտի թղթե չլինի, իսկ եթե թղթե է, պիտի հարիսա ուտելու չգնաս․․․ Եվ բավական չէ՞, որ մենք հասկանանք, որ քաղաքականությունը ջրիկ վռիկ չէ, այլ հենց պինդ հարիսա։  Այս պարագային ես քո «հատուցման և հարատև կռվի» կոչը համարում եմ քաղաքական և պետական իմպոտենցիայի կոչ, ծաղրուծանակ, որը ծանակում ու «ֆարսի» է ենթարկում հենց մեր անցյալի ողջ կռիվը, քանի որ երկաթյա օրենք է՝ «պատմությունը հաճախ կրկնվում է. առաջին անգամ ի հայտ է գալիս որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես ֆարս»․ ես առաջարկում եմ, որ նման  արտահայտություններով մենք այսօր չմատնվենք հերթական «ֆարսի»՝ պատճենելով և զանազան աշոտերկաթներով, քեռիներով, սպարապետներով, զորավարներով գռեհկացնելով ու ծաղրուծանակի առարկա դարձնելով մեր անցյալի նվիրական անունները։ 

Դու, սիրելի եղբայր, ցնորամտիր հարատև կռվի մասին, դրա համար ընկիր անգամ «միջուկային զենք» ստեղծելու անմեղսունակ ցնորքի մեջ (դու ես գրել, ենթադրում եմ՝  «հայկյան նետի» ազդեցությամբ,- քեզ թվում է, թե միջուկային զենքը «հայկյան նետի» կամ ֆիդայու «բերդանկի» պես մի բան է․ «Իսկ ինչո՞ւ այդ՝ ուժեղանալու անհրաժեշտության գիտակցումից ծնված կենսագործունեությունը չտանել Հայաստանը միջուկային երկիր դարձնելու ճանապարհով և ստեղծել միջուկային զենք»), առանց հասկանալու, որ քո ասած միջուկային զենքը տալիս են, եթե դու տեղակայված ես ռազմա-քաղաքական այնպիսի մի միջավայրում, որտեղ քեզ միջուկային զենք տալը ոչ թե քո, այլ այդ ընդհանրական միջավայրի ապահովության համար է (և միայն դրանով՝ քո),  և հարցը հենց դա է՝ մենք կարո՞ղ ենք այնպիսի քաղաքական համակարգի անդամ կամ մաս լինել, որտեղ ողջ քո պաշտպանվածությունը կարևոր է ողջ համակարգի համար։ (Թեև այստեղ, միջուկային զենք ստեղծելու քո երազանքի մեջ երկրորդ վտանգն էլ կա․ բա որ այդ միջուկային զենքը մեր այս գիտակցությամբ ու իրար բզկտելու մոլուցքով, քաղաքականության մասին այս տրիվիալ, գրեթե խաշնարածային, իսկ ավելի կոնկրետ՝ «խարոշիական» ու գողական պատկերացումներով գցենք իրար գլուխների՞, օրինակ, դաշնակները ՔՊ-ականների գլխին,- հակառակն էլ չեմ բացառում,- և կամ, հեռուն չգնանք, Թոխմախի Գողը Տեցի կռուգի Գողականի գլխին)։ 

․․․Մնացյալը՝ երկուհազարամյա անմեղսունակություն, որը երկու հազար տարի մեր տունը քանդեց և կարող է քանդել նաև մեր այս չքնաղ, հրաշափառ, պատմության բոլոր օրինաչափություններին հակառակ և իրո՛ք որ Աստծու հրաշքով մեզ տրված Հայաստանի Հանրապետություն երկիր տունը, որն էլ հենց մեր միջուկային զենքն է, կամ որը կառուցելը մեր այսօրվա գիտակցությամբ, ես գիտեմ, պակաս դժվար չէ, քան քո երազած միջուկային զենքը, բայց ես, համենայն դեպս, դա հնարավոր եմ համարում։ Չթողնենք հանուն մեր այս իրական Հայաստանի պայքարը և ընկնենք վերացական պայքարների ճիրանների մեջ։ Չթողնենք Հայրենիքի Քաղաքացին ու Հպատակը լինելու բախտը և ընկնենք վերացական հայրենասիրության մեջ․․․ Չթողնենք մեր այս սուրբ հայրենիքը և գնանք հայրենիք որոնելու․․․ Բայց ես հեռուստատեսության իմ ելույթի քո անդրադարձին գուցե իզուր էլ այսքան երկար-բարակ պատասխանեցի (և եթե մի քանի վիրավորական, իմ ու քո ընկերությանը անարժան  արտահայտություններ նկատես՝ ներողամիտ եղիր), որովհետև ինչ որ ուզում էի քեզ ասել՝ հնդիկ մեծ բանաստեղծ Ռ․ Տագորն ասել է մի քանի տողով։ Ինձ ու քեզ համար և իբրև մեր տասնամյակների ընկերության անխախտության նշան՝ թույլ տուր մեջբերել այդ բանաստեղծության մի քանի տողը․

«Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին ասաց․ «Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն»։ 

Եվ հրամայեց Աստված․ «Սպասի՛ր, մի լքիր քո տունը»,- և նա չլսեց։

Այդժամ Աստված դառնորեն հառաչեց․

-Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում ինձ որոնելու»։     

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *