15.2 C
Yerevan

Պատասխան Հակոբ Սողո­մոնյա­նին

Ունե­նա­լով մոտ 30․000 քմ պետություն,- ինչը երկրագնդի այս բեհեղզե­բուղյան հանգույցում պարզա­պես բարե­բախտություն ու երջանկություն է,- չենք պատկե­րացնում այն և չենք ուզում այն տեսնել իբրև մեր զորությունը։ Գուցե այն պատճառո՞վ, որ վերջին դարի մեր մշա­կույթն ու գրա­կա­նությունը անընդհատ շեշտը դրել են մեր պատմա­կան ժողո­վուրդ լինե­լու վրա (կարծես ոչ պատմա­կան ժողո­վուրդներ էլ կան), սակայն ոչինչ չեն արել, որ մենք պատմա­կան գիտակցություն ունե­նանք, ասել է թե՝ պատմությունն ընկա­լենք իբրև քաղա­քա­ցիա­կան և քաղա­քա­կան ընթացք։ 

Հակոբ Մովսես

Կարև­ո­րե­լով և արժև­ո­րե­լով պետություն գաղա­փա­րի մեծությունը, պաշտպա­նե­լով այդ գաղա­փա­րի մեծա­գույն պատասխա­նատվությունն ու քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայա­ցումը որպես հայրե­նի­քը պաշտպա­նե­լու հստակ միջոց, «Մեր Ուղի­նը» մշտա­պես բաց է եղել ցանկա­ցած ողջա­միտ խոսք հրա­պա­րա­կե­լու և այն պաշտպա­նե­լու համար, որովհետև  միայն այդպես ենք ի զորու ստեղծե­լու այն տարա­ծությունն ու միջա­վայրը, ուր առողջ միտքը, սթափ դատո­ղությունը, ճանա­չե­լու և համե­մա­տե­լու կարո­ղությունը, հիշո­ղությունը այսինքն այն, ինչը մեզ բանա­կան է դարձնում, կարող են մերժել հրա­պուրիչ մոլո­րությունն ու կեղծի­քը և պատրանքի շղարշից այն կողմ տեսնել  այն, ինչի համար մեծա­գույն համարձա­կություն և խորա­միտ ազա­տություն է պետք։

Այդ իսկ առի­թով պատրաստա­կամ հրա­պա­րա­կում ենք բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի պատասխա­նը Հակոբ Սողո­մոնյա­նին, որն իրե­նից ներկա­յացնում է վերո­հիշյալ թեմա­նե­րի խորա­հա­յաց մեկնա­բա­նություն

Մեր Ուղին

Սիրե­լի Հակո՛բ,

Մի քանի օր առաջ ինձ ցույց տվե­ցին տպագրված մի նյութ, որը գրել էիր դու, և որտեղ շոշափվում է իմ անունը։ Դժվար ու խառնակ այս ժամա­նակնե­րում, երբ Հայաստա­նում հոբսյան «պատե­րազմ բոլո­րի՝ ընդդեմ բոլո­րի» փիլի­սո­փա­յա­կան կարգա­խո­սը շատ վարպե­տո­րեն փոխա­րինված է «պատե­րազմ բոլո­րի՝ ընդդեմ․․․ իրենց պետության» քաղտեխնո­լո­գիա­կան թաքուն կարգա­խո­սով, որը ջրի երես է հանել ողջ դիրտն ու տականքը,  և սադրված է հայկա­կան քաղա­քա­ցիա­կան պառակտիչ պատե­րազմ պետության դեմ, հայրե­նա­սեր կպած, չէ՛, ինչ կպած, հայրե­նա­սեր «ղզղնած» քիչ մարդիկ կան, որոնց հայհո­յանքներն ու արձա­գանքներն իմ ելույթնե­րին ես կուզե­նա­յի պատասխա­նի արժա­նա­ցել։ Քո դեպքն այլ է․ ես տվյալ պարա­գա­յին ուզում եմ քո կողմից հնչեցրած մի երկու մտքի հանդի­ման լրիվ անկեղծ լինել և մի քանի բան ասել, որովհետև միշտ և հիմա էլ քեզ ընկա­լում եմ իբրև եղբոր, ում ազնվությանն ու ազնվամտությա­նը երբեք – ու հիմա էլ – վայրկյան իսկ չեմ կասկա­ծել։ 

Ես չգի­տեմ, թե դու ինչ դիրքե­րից ես խոսում և ինչ նկա­տի ունես «Նիկո­լի մղձա­վանջա­յին իշխա­նություն» վերա­ցա­կան արտա­հայտությամբ․ հավա­նա­բար այն, ինչը հասկա­նում է երեկվա և այսօրվա՝ ազգ ու պետություն փչացնո­ղե­րի փաղանգը, որն ապա­կա­նության թմբի­րի ու թմրա­մի­ջոցնե­րի մեջ սուզեց մեր ժողովրդին՝ նրան սովո­րեցնե­լով, որ «կաշառքը մատա­ղի պես բան է, որ տալիս են՝ պիտի ասես ընդունե­լի լինի»։ Այդ ապա­կա­նությամբ չէ՞, որ մենք երեկ չէ առա­ջին օրը մեր թագա­վո­րին մատնե­ցինք պարսիկնե­րի ձեռքը (նրանց խնդրե­լով մեզ մի լավ թագա­վոր նշա­նա­կել), երեկ անարգե­ցինք մեր մյուս «թագա­վո­րին»՝ նրան քոռ, քյա­չալ ու դավա­ճան ասե­լով, իսկ այսօր էլ ահա, Արցա­խը կորցնե­լու մեր ողբերգությունից գժված, աֆրիկյան զումփու ցեղի նման իրար ուտե­լով չբա­վա­րարվե­լով՝ ուզում ենք ուտել մեր վարչա­պե­տին ու նրա ողջ ընտա­նի­քը (ով իր հախուռն ու երբեմն անկա­ռա­վա­րե­լի խոսվածքով մեկ-մեկ անզգուշա­բար հենց ինքն է ախորժակ գրգռե­լով իրեն դնում մեր պատա­ռա­քաղնե­րի ու դանակներ տակ)։ Այդ ապա­կա­նությունը մեզ հասցրեց այնտեղ, որ մենք մեր աննման մեղե­դին փոխա­րի­նե­ցինք մուղա­մով ու ռաբի­սով,  ներկա­յա­ցումը՝ շոուով, սրճա­րաննե­րում սկսե­ցինք ղեյլան ու նարգի­լե ծծել, անգամ մեր գրա­վոր լեզվին չենք տիրա­պե­տում և աբո­րի­գեննե­րի պես «յոլա» ենք գնում մի պարզունակ՝ ամե­նա­շա­տը լրագրո­ղա­կան բանա­վո­րով (որով, բնա­կա­նա­բար, հնա­րա­վոր են միայն լրագրո­ղա­կան պարզունակ մտքեր ու գաղա­փարներ), և որից դուրս գալը շատ-շատ դժվար է, քանի որ այդ «նարկո­տի­կի» բացա­կա­յությամբ սկսվում է այն, ինչը գողա­կան ենթամշա­կույթն անվա­նում է «լոմկա», և որի մեջ էլ այժմ ընկած է մեր հասա­րա­կությունն իր բոլոր պատկե­րա­ցումնե­րով՝ հայրե­նա­սի­րա­կան, կրո­նա­կան, կուսակցա­կան, քաղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան, պետա­կան, բարո­յա­կան, մշա­կութա­յին․․․  Իսկ քո հոդվա­ծում իմ հասցեին ասված «Նիկո­լի ջատա­գով» արտա­հայտությունը համա­րում եմ միամտության արդյունք։ Իմ մասին նման բան ասե­լը նշա­նա­կում է շատ պարզունակ բան ասել։ Դա ինձ չի վիրա­վո­րում։ Ես գիտեմ, որ մեր ժողո­վուրդը հիմա իր պատմության ամե­նաանծա­նոթ փուլե­րից մեկն է ապում, պետություն ստեղծե­լու փուլ, որը մենք կանցնենք, թե կխրվենք-կմնանք մեջը, ես չգի­տեմ, որովհետև գիտեմ, որ պետություն ստեղծե­լու համար դրա­կան կենտրո­նա­ձիգ հոգե­կերտվածք ու միասնա­կան կամք է հարկա­վոր, իսկ մեր ժողովրդի հոգե­կերտվածքը, փորձն ու կամքն այստեղ բացա­սա­կան է․․․ Բայց մի արտա­հայտություն կա, որն ինձ վիրա­վո­րել է, քանի որ․․․ քեզ է վիրա­վո­րում․ ինձ վիրա­վո­րում է, որովհետև վիրա­վո­րում է իմ ընկե­րո­ջը։ Դրան մի քիչ հետո կանդրա­դառնամ։ 

Առայժմ միայն մի բան։ Ես գիտեմ, որ մտա­վո­րա­կա­նը պետք է իշխա­նություննե­րին  ընդդի­մություն լինի, ինչպի­սին էլ ես համա­րում եմ ինձ, քանզի կարծում եմ, որ այսօր մեր ժողովրդի ընտրած իշխա­նությունն ինքը հենց ընդդի­մություն է մեր երկի­րը դարե­րով զգացմունքնե­րի տղմոտ ջրա­փո­սե­րի մեջ նետած, իսկ վերջին տասնամյակնե­րին ավի­րած ու մեր ժողովրդի կարգն իջեցրած ու փչացրած, նրան թեկուզև ոչ առա­ջին ու երկրորդ, բայց, համե­նայն դեպս, ինչ-որ «լիգա­յից» շպրտած մի լիգա­յի մեջ, որի մեջ շպրտածնե­րին երեկ իշխա­նություն էին նշա­նա­կել՝ մեր երկի­րը լափե­լու և ժողովրդին այլա­սե­րե­լու համար, այսօր էլ ընդդի­մություն են նշա­նա­կել՝ նրա կայա­ցումը արգե­լա­փա­կե­լու և նրա ընթացքը փչացնե­լու համար։ 

 Դու գրում ես, որ ես «բարձրա­միտ արտա­հայտություննե­րով «սղղացնում» եմ «թունա­վոր մտքեր»։ Այստեղ էլ չգի­տեմ, թե ինչ նկա­տի ունես, և ստիպված եմ վերհի­շել հանրա­յին հեռուստա­տե­սությամբ արձակված հաղորդումը։ Ուստի ես կանդրա­դառնամ այն հիմնա­կան թեմա­նե­րին, որոնք այդ հաղորդման ժամա­նակ արծարծվել են, ինձ կարև­որ են թվում, և հավա­նա­բար որոնք էլ ահա դու համա­րում ես «բարձրա­միտ մտքեր», «անձի ծառա­յություն» և «ջատա­գո­վություն»։ Միայն թե միա­միտ չերև­ա­լու համար նախա­պես մի բան ասեմ․ ես գիտեմ, որ այսօրվա մեր բարդա­գույն խնդիրնե­րի «խառնաշփո­թի» հարցում մեր իշխա­նություննե­րը, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունե­ցան, որը հիմնա­կա­նում մարտա­վա­րա­կան և քաղա­քա­գի­տա­կան-հասա­րա­կա­գի­տա­կան է։

Ես ամե­նա­կարև­ո­րը համա­րում եմ շտա­պո­ղա­կա­նությունը․ նրանք առա­ջին շրջա­նի համա­ժո­ղովրդա­կան պաթո­սի մեջ չպատկե­րացրին, որ «տորի­չելլյան դատարկության» բերա­նը մեկից չի կարե­լի բացել, որ գոյություն ունի խիստ հաջորդա­կա­նություն, որ յուրա­քանչյուր խնդրի լուծում բխում է իր նախորդ խնդրի լուծվա­ծությունից և, ասենք, երրորդ ու չորրորդ հարցե­րին կարե­լի է անդրա­դառնալ միայն այն ժամա­նակ, երբ լուծել ես առա­ջինն ու երկրորդը, որ տասը սանդուղքով աստի­ճա­նի սանդղա­վանդին ոտք դնե­լու համար միանգա­մից չի կարե­լի ոտքը չռե­լով դնել սանդղա­վանդին՝ հատ-հատ տասին չդնե­լով (որի դեպքում տասը քեզ հետ կքա­շեն), որ այս քաղա­քա­կան և սոցիա­լա­կան պաթո­սի մեջ հայտնված մեր ժողովրդի հետ խոսե­լու առանձնա­հա­տուկ խոսե­լաձև է հարկա­վոր, որ տասնամյակնե­րով կոռուպցիա­յի (ես քեզ պետք է հիշեցնեմ շատ զորա­վոր մի արտա­հայտություն, որն արել է ժամա­նա­կա­կից հասա­րա­կա­գետ-փիլի­սո­փա­նե­րից մեկը․ «կոռուպցիան թմբիր է բերում») ու լճացման մեջ նետած նման հասա­րա­կության մեջ չի կարե­լի ոտքդ միանգա­մից հարյուր կմ/ժ արա­գության ոտնա­կին սեղմել, որ պիղծ ու մեռած բանե­րի վրա ավե­լորդ պաթոս բանեցնե­լը կարող է գալվա­նի­զա­ցիա­յի օրենքով «վերա­կենդա­նացնել» դրանք, որ նման տգի­տության մեջ «բռթված» ժողովրդին չի կարե­լի բացարձակ  գաղա­փարներ մատուցել․․․ և որ, ամե­նա­կարև­ո­րը,  ազա­տությունը նախ և առաջ մտա­վոր ու հոգև­որ կարգ է, նախքան այն հասա­րա­կա­կան ասպա­րեզ մղե­լը՝ պետք է բաժին առ բաժին ապա­հո­վել նրա հոգև­որ ասպա­րե­զը, և եթե այդպես չէ, ապա ազա­տություն տալով հասա­րա­կությա­նը՝ ազա­տություն ես տալիս նրա ստո­րա­գույն կրքե­րին, ազա­տություն ես տալիս նրա մեջ տասնամյակնե­րով բուծված և պատսպարված «ներքին անա­սունին», կոնկրետ ասած՝ ազա­տություն ես տալիս փողո­ցա­յին լրագրո­ղա­կա­նությա­նը,- և հանկարծ չմտա­ծես, թե ես այնքան միա­միտ եմ եղել, որ սպա­սել ու հիմա էլ սպա­սում եմ վանդա­կից դուրս թռչող սոխակնե­րի, որոնք պետք է երգեին մեր ժողովրդի ծառի ճյուղե­րին։ Չէ, դեռ ուր ես։ Բայց ես նաև գիտեմ, որ ազա­տությունը և ժողովրդա­վա­րությունը, որը ոմանց բարո­յա­կան կարգ են թվում, նախ և առաջ քաղա­քա­կան կարգ են, շատ կուռ ու խիստ կարգ, որն էլ միայն, կայա­նա­լու դեպքում, կարող է ոտքի վրա պահել մեր ժողովրդին և թույլ տալ, որ մեր Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կամաց-կամաց իրեն ու իր մշա­կույթին հարիր քաղա­քա­կան կարգե­րի ու կառույցնե­րի մեջ մտնի։ Այդ «կայա­ցումը»  թողնե­լով հետա­գա­յին ու հաջորդ սերունդնե­րին, հաջորդ իշխա­նություննե­րին ու պետա­կան բազմա­թիվ կարգե­րին (ամե­նից առաջ կրթությանն ու մշա­կույթին), մի բանում ես այսօր համոզված եմ, ինչի համար էլ, այո, սատա­րում եմ այս իշխա­նություննե­րին․ եթե մեր ժողո­վուրդը վաղը որո­շի ուրիշ իշխա­նություն ընտրել, այս իշխա­նություննե­րը դրա դեմը չեն փակի և չեն խանգա­րի․ ես միշտ ասել եմ, որ մեր պատմության՝ այս մեզ ամե­նաանծա­նոթ փուլում հայտնված այս իշխա­նություննե­րին նայում եմ իբրև կամուրջ, որով կարող են ներս մտնել մեր կողմից ընտրված ավե­լի լավե­րը (եթե, իհարկե, այդպի­սիք մենք մեր մեջից պեղենք․․․), անգամ նրա վրա ոտքե­րը թափ տալով, ի՛նչ կա որ․․․ Եվ  եթե նրանք միայն սա գլուխ բերեն՝ մի վիթխա­րի քայլ արած կլի­նեն մեր երկրի կայացման գործում և իրենց առա­քե­լությունը կատա­րած կլի­նեն։ Սա ինձ համար ամե­նա­կարև­որն է։ Եվ ես մի բան էլ գիտեմ․ եթե մենք թույլ տանք կամ հայրե­նա­սի­րա­կան կրքից ելնե­լով թողնենք, որ այս՝ մեր ընտրած իշխա­նություննե­րին ներսի կամ դրսի ուժե­րը (ավե­լի շուտ՝ դրսի ուժե­րը ներսի ուժե­րով) տապա­լեն, ապա մենք կընկնենք մի մղձա­վանջի մեջ, որից միգուցեև այլևս չկա­րո­ղա­նանք դուրս գալ։ Այնպես որ ես այստեղ հենց տեղում «լուծա­րում» եմ քո «Նիկո­լի անձին» ծառա­յե­լու արտա­հայտությունը․ ես քաղա­քա­կան ու քաղա­քա­ցիա­կան  բոմժ չեմ, և Նիկոլ Փաշինյանն ինձ համար անձ չէ, Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետն է, որին երկրորդ անգամ, իր ողբերգությունից հետո էլ, ընտրել է հայ ժողո­վուրդը, որին «ժեխ ու աղբ» ասողնե­րին էլ դու հայրե­նա­սի­րա­բար միա­նում ես նրանց հետ, ովքեր երևի ուզում են դրսից «իմպրտնի» հայ ժողո­վուրդ ներմուծել, սակայն իմ հույսը հենց նրա՝ տեղում եղած այս հում զանգվա­ծի վրա է, որին հրել են տգի­տության ու անգրա­գի­տության խորխո­րատնե­րը, և որը, այդուհանդերձ, այնքան հզոր բնազդ ունի, որ իր որդի­նե­րի հազա­րա­վոր զոհե­րից հետո էլ ընտրեց այս իշխա­նություննե­րին, որովհետև նրա մեջ տեսնում է  իր հազա­րամյա կործանված պետության վերա­կանգնման ինչ-ինչ նշաններ ու աղոտ մի հույս։ 

Հիմա անդրա­դառնամ մի քանի հարցե­րի, որոնք այդ հաղորդման ժամա­նակ քեզ թվա­ցել են «թունա­վոր» և քեզնից պարզա­բա­նումներ խնդրեմ։ 

 ա/ Այդ հաղորդման հիմնա­կան հարցնե­րից մեկը Պետություն-Հայրե­նիք հոգև­որ «մոնո­տո­միան» նենգա­բար և հիմնա­կա­նում մեր տգետ «հայրե­նա­սեր» մտա­վո­րա­կա­նության կողմից քաղա­քա­կան դիխո­տո­միա­յի վերա­ծե­լու այսօրվա միտումն ու քարոզչությունն է, հայրե­նի­քով պետությունը թաքցնելն ու խեղդե­լը, մեր հասա­րա­կությունից հեռու պահե­լը և մեր ժողովրդին «հայրե­նա­սի­րա­կան» տռփանքի մեջ դնե­լով՝ պետա­կան իմպո­տենցիա­յի մատնե­լը։ Մեզ իմպո­տենտ ժողո­վուրդ դարձնե­լը։ Պետությունը հայրե­նի­քին հակադրե­լը և մեր ժողովրդի ականջին հայրե­նա­սի­րա­կան լորձունքոտ բանաստեղծություններ փսփսա­լով՝ թույլ չտա­լը, որ նա իր էթնո­սից մտնի նաև իր էթո­սի մեջ ։  Չհասկա­նա, որ ինքը ոչ միայն հայ է ծնվել, այլև պետք է հայ դառնա, որ հայ ծնված լինե­լը ոչինչ չի նշա­նա­կում, քանի դեռ հայ չես դարձել։ Եվ որ մենք մեր այս խիստ հակա­սա­կան իրա­վի­ճա­կում պարտա­վոր ենք այդ երկմիասնության մեջ առաջնայնություն սահմա­նել՝ տվյալ պատմա­կան փուլում մեր անե­լի­քի առաջնայնություն սահմա­նե­լու համար։ Ելնե­լով դրա­նից՝ ես գտնում եմ, որ հայրե­նիքնե­րը Աստված է շնորհում ժողո­վուրդնե­րին, բայց դա բանի միայն կեսն է․ Աստծու տվա­ծը պահել է պետք, իսկ դա պետությունն է։ Աստծու տվա­ծը վավե­րա­կան է, եթե դու այն պահող ես։ Հակա­ռակ դեպքում՝ «վեց վիլա­յեթ»․․․ Աստված մեզ հայրե­նիք է տալիս  և պատվի­րում, որ մենք այն պահենք պետությամբ, քանի որ հայրե­նի­քը պահե­լու միակ ձևը պետությունն է։ Իր շնորհի դիմաց նա մեզ պատվի­րում է իրեն վարձա­հա­տույց լինել պետությամբ։ Հայրե­նի­քը Աստծու տվածն է մեզ, պետությունը մեր տալիքն է Աստծուն։ Այլա­պես մենք մնում ենք աստվա­ծա­յին շնորհի ու պարգևի հուզա­թա­թախ , մակա­բույծնե­րը, ձրիա­կերներն ու սպա­ռողնե­րը, շռայլիչնե­րը, բայց ոչ բազմա­պատկողնե­րը, ձեռի հետ սպա­ռողնե­րը, բայց ոչ նրա ֆիզի­կա­կան ու հոգև­որ ձեռնե­րեցնե­րը։ Տեղը չէ, որ ես խոսեմ «Պետություն» հասկա­ցության կրո­նա­կան-երկրա­յին ասպեկտի մասին, դա քեզ նույնպես կարող է «թունա­վոր մտքեր» «սղղացնել» թվալ, բայց  գոնե դու, կարծում եմ, այնքա­նը գիտես, չնա­յած, մի նեղա­ցիր, ոնց որ դու այդքանն էլ չգի­տես, որ պետությունը հայրե­նի­քի գերադրությունն է, նրա երկրա­յին աստի­ճա­նը, կարգն ու քահա­նա­յա­պե­տությունը, և եթե ժողո­վուրդնե­րը պետություն չեն կառուցում, իրենք իրենց և իրենց շնորհ արված հայրե­նի­քին չեն կարո­ղա­նում կարգ ու աստի­ճա­նա­կարգ շնորհել, իրենց Հայրե­նի­քը պահում են ան-Կարգութան մեջ, այն չեն կարո­ղա­նում դարձնել Հաստա­տություն, Նվի­րա­պե­տություն ու Քահա­նա­յա­պե­տություն (ինչը ուզում էր անել մեր ժողովրդի կարգա­դիրնե­րից մեկը («Հայաստան հրեշտա­կի պես առա­ջիս կանգնել՝ ինձ թև էր տալիս»)) և մնում են «Մասիս, Մասիս, ախ, Մասիս»՝ քաղա­քա­կան ու պատմա­կան բոմժի բերա­նից ծորա­ցող էժա­նա­գին ու ստոր ռուբա­յու(պարսկա-արա­բա­կան պոե­զիա­յում քառա­տող ավարտուն բանաստեղծություն. խմբ) կարգի մեջ, որում այդ ռուբա­յու տերե­րը գալիս և Մասի­սը ձեռքիցդ խլում են՝ քեզ թողնե­լով միայն թարա­խա­կապ վերքե­րը քչփո­րե­լով ընթերցող գռփող «ախ»-ի հաճույքն ու իրա­վունքը․․․ Քեզ մղե­լով կոռուպցիա­յի ամե­նա­վատ տեսա­կին՝ հայրե­նա­սի­րա­կան կոռուպցիա­յին, մշա­կութա­յին վաշ-վուշին և զգացմունքա­յին՝ ընթերցող կորզող անարգությա­նը, որտեղ ամե­նա­հա­լածյալնե­րը պետության հպա­տակներն ու քաղա­քա­ցի­ներն են, իսկ ամե­նահռչա­կա­վորնե­րը, ամե­նա­ճարպիկներն ու ամե­նաակտիվնե­րը՝ պետության քաղա­քա­ցիություն ու հպա­տա­կություն չընդունող տգետներն ու իրենց հայրե­նա­սեր գժի տեղ դրած մաքսա­նենգե­րը, որոնք մոլեգնում են պետություն բառը լսե­լիս, որովհետև այն միակ հասկա­ցությունն ու լծակն է, որը կարող է փակել հայրե­նիք լափո­ղի իրենց դեմը։

  1. բ․ Երևի քեզ զայրացրել են նաև հերալդի­կա­յի մասին իմ դատո­ղություննե­րը, որ ոչ թե դրանք են կանգնած պետության մեջքին, այլ հակա­ռա­կը․ ես այստեղ քեզ և հայրե­նիքն ու պետությունը խորհրդա­նիշնե­րի վերա­ծող, դրանք իրա­կա­նության մեջ արհա­մարհող և լոկ իբրև խորհրդա­նիշ սիրողնե­րին հիշեցնեմ մի հանճա­րեղ խոսք, որը կռա­հել է մեր ժողո­վուրդը, բայց որը չեն հասկա­ցել մեր աշխարհիկ ու հոգև­որ իշխա­նություննե­րը․ «Խաչը տերն է զորացնում»,- ասում են մերոնք։ Ես հասկա­նում եմ խաչով՝ Հիսուս Քրիստո­սի «հերալդի­կա­յով», պաշտպանվե­լու,  բայց այն չպաշտպա­նե­լու մեր դարա­վոր կեցվածքը և կրկնում եմ․ յուրա­քանչյուր գերբ, դրոշ, յուրա­քանչյուր պետա­կան նշան ինքն այդ պետությամբ է հզոր և մեկնա­բա­նե­լի։ Քո գերբին պատկերված քո «չորս թագա­վո­րություննե­րի» զինանշաննե­րը չեն, որ պետք է քո անցյա­լը, պատմությունն ու զորությունը վկա­յեն, այլ այդ դո՛ւ ես, որ պետք է վկա­յես դրանց պատմությունն ու զորությունը։ Պատմություն ու զորության չի կարե­լի գցել անցյա­լի ու գերբե­րի վրա, դրանք ամեն վայրկյան քո դռա­նը կանգնած քեզնից են զորություն ու պատմություն աղերսում։ Դու չես կարող քո գերբի վրա­յի արծիվնե­րով ու առյուծնե­րով հզոր լինել, եթե այնքան կատու ու ճնճղուկ ես, որ չես կարո­ղա­նում երկիր ու պետություն կառուցել։ Քո պատմությունը ոչ մի արժեք ու նշա­նա­կություն չունի, եթե նրա թելի ծայրին ամրացված չէ ձուկ որսա­լու կարթը՝ ներկան, քո ժողո­վուրդը պատմություն չունի, եթե նա դա չի պատկե­րացնում իբրև նրա շարունա­կությունն ապա­հո­վող ներկան, իսկ ներկան պատկե­րացնում է ոչ թե իբրև պատմության աճին տվող ծայրը, այլ ընդա­մե­նը կենցաղ ու կենցա­ղա­վա­րություն։ Սա՝ մեկ։ Երկրորդը հարցի քաղա­քա­կան-պետա­կան կողմն է․ հերալդի­կան, ինչպես որ քաղա­քա­կան-պետա­կան յուրա­քանչյուր պարա­գա, քաղա­քա­կան-կենսա­բա­նա­կան (քանի որ քաղա­քա­կա­նությունը շատ նման է կենսա­բա­նությա­նը, իսկ եթե կուզես՝ անգամ․․․ կենդա­նա­բա­նությա­նը) միմիկրիա է, պետությունը, եթե պետություն է,  պարտա­վոր է հարմարվել իր աշխարհա-քաղա­քա­կան միջա­վայրին, առնմանվե­լու և հարկ եղած դեպքում նաև նույնանմա­նացվե­լու հատկություններ ի հայտ բերել, ինչը արտա­քին տեսքի առնմա­նություն է և ոչ թե իր էութան, ինչը պաշտպա­նա­կան բնա­կան ռեակցա է։ Պետությունը պարտվոր է նաև հանուն իր պոպուլյա­ցիա­յի  մորֆո­լո­գիա­կան իր աշխարհա-քաղա­քա­կան միջա­վայրում համա­պա­տասխան վարքա­գիծ հանդես բերել, որպեսզի ապա­հո­վի իր նորմալ կենսա­գործունեությունը, որպեսզի բազմա­նա ու զարգա­նա, որպեսզի իր միջա­վայրի պայմաննե­րում ապրե­լու ունա­կություն հանդես բերի և ոչ թե դառնա գաղթա­կան ու պանդուխտ, մեր դեպքում՝ պանդուխտ մշե­ցի ու գաղթա­կան վանե­ցի։  Քաղա­քա­կա­նությունը, այո, միմիկրիա ու ադապտա­ցիա է, ուրիշ բան չէ։ Այն եթե քաջություն է, ապա նպա­տա­կա­հարմա­րության ու խելամտության քաջություն է։ Այն խելամտության, որը պահանջում է քաղա­քա­կան ծանրա­ձո­ղին մոտե­նալ քո քաշից ելնե­լով և, ենթադրենք, 200 կգ ծանրա­ձո­ղը բարձրացնե­լու համար ոչ թե վազել դեպի այն և քաջա­բար ջարդել մեջքդ, այլ քաշ հավա­քել, ինչը հնա­րա­վոր է․․․   Քաղա­քա­կա­նությունը քո և քո ժամա­նա­կի քաղա­քա­կան միջա­վայրում տեղա­վորվե­լը, հարմարվելն ու ապրելն է։ Իսկ մենք ոնց որ մեր էությունն ավե­րող  միմիկրիա­յին հարմարվում ենք,- մենք մեր աննման երաժշտության ու մեղե­դու «գերբն» ու «դրո­շը» թողած՝ այսօրվա մեր երգվող երգե­րով, քիչ է մնում ասեմ, իսլամ ենք ընդունել, մենք չենք կարո­ղա­նում ձերբա­զատվել մեր ազգա­նուննե­րի ու տեղա­նուննե­րի վրա նստած օտար կեղտից, մենք մեր քաղա­քին ու գյուղին ալլա­վերդի ու ավշար ենք ասում,- բայց արտա­քին պաշտպա­նա­կան միմիկրիա­նե­րի ժամա­նակ մոլեգնում ենք։ Դու վերցրու և կարդա, օրի­նակ, գերմա­նա­կան ժողովրդի պետա­կան սիմվոլնե­րի պատմությունը և կզարմա­նաս, թե դրանք ինչպես են ամեն քաղա­քա­կան և նաև մշա­կութա­յին դարաշրջա­նին համա­պա­տասխան փոփոխվում, ինչպես են նորե­րը ներմուծվում, որպեսզի շուտով դրանք էլ մի կողմ դրվեն, եթե Գերմա­նիան իր պետության համար այդպես հարմար համա­րի։ Իսկ դու միա­ցել ես սոցցանցե­րում իմ դեմ արշա­վանք ծավա­լած «գռլզ» և «բոյս» տգետնե­րի բանդա­նե­րին, որոնք այս էլ քանի դար խրոխտ կեցվածքով երկրպա­գում են նշաննե­րը և նույն խրոխտ կեցվածքով հանձնում ու հանձնում են նշա­նակյա­լը՝ մեր հայրե­նի­քը, բավա­րարվե­լով նրա մասին «կարո­տի» բանաստեղծություննե­րով և այդպես էլ թույլ չտա­լով, որ մենք հասկա­նանք՝ ա՞զգ ենք, թե՞ սիմվոլ,- և մի՞թե մենք մեր հայրե­նի­քի նվի­րա­կան խորհուրդնե­րը մեր մեջ չկա­րո­ղա­նա­լով պահել՝ պետք է բավա­րարվենք գերբե­րի ու դրոշնե­րի վրա­յի նշաննե­րով, դարձյալ չհասկա­նա­լով, որ վերջիններն ընդա­մե­նը քաղա­քա­կան պարա­գա են և նպա­տակ ունեն ներկա­յացնե­լու ընդա­մե­նը տվյալ ժամա­նա­կաշրջա­նի քաղա­քա­կան ինչ-ինչ միտումնե­րը, բայց ոչ ազգի բաղձանքնե­րը, որոնք ազգե­րը թաքուն են պահում իրենց սրտե­րի «սրբություն սրբո­ցում», ինչպես հրեա­ներն էին թաքուն պահում իրենց Ուխտի տապա­նա­կը, քանի որ այն այնտե­ղից ամեն առի­թով հանե­լը և էստրա­դա բերե­լը դրանք փչացնե­լու ամե­նա­կարճ ճանա­պարհն է։ Ես այն կարծի­քին եմ, որ գաղա­փարնե­րը, խորհրդա­նիշնե­րը, նվի­րա­կան բոլոր նշաններն ընդա­մե­նը նշաններ են և այնպես կարև­որ չեն, ինչպես նշա­նակյա­լը։ Եվ նշաննե­րի տակ չպետք է թաղել նշա­նակյալնե­րին, ինչպես որ խաչի վրա չպետք է թաղել Խաչյա­լին։ Որ սին ու ցուցադրա­կան պահվածք է, երբ ազգա­յին երա­զանքնե­րը, անուրջնե­րը, իղձերն ու բաղձանքնե­րը կապվում են պետության առջև­ից, ինչպես վագոննե­րը երբեք չպետք է կապվեն շոգե­քարշի առջև­ից, այլ հակա­ռա­կը՝ շոգե­քարշը պետք է կապվի դրանց առջև­ից ու քաշի դրանք, որպեսզի շարժա­կազմ ստեղծվի և ոչ թե անկա­ռա­վա­րե­լի ու ափեղցփեղ ընթա­ցող մի բան, որը «հայրե­նա­սի­րա­կան» պու-չըք-չըք անե­լով՝ իր հետև­ից քարշ է տալիս շոգե­քարշը՝ առանց գծե­րի մի չոլի մեջ․․․ Եվ իմա­ցած եղիր․ ես մեր հայոց պատմությունը կհա­մա­րեմ առո­չինչ և ամեն մի սինլքո­րի հայրե­նա­սի­րա­կան թալա­նի ու կողո­պուտի բաժին, եթե մենք չկա­րո­ղա­նանք պետություն ու երկիր սարքել։ Եթե դու սա համա­րում ես թունա­վոր գաղա­փար, ես հակա­ռա­կը կպնդեմ․ ես կարծում եմ՝ հայրե­նա­սի­րությունը վերա­ցա­կան ու պաթո­սա­յին մի բան է, եթե թաթախված չէ իրա­կա­նության մեջ և իր հետև­ից իր ժողովրդի ու պատմության իղձերն ու բաղձանքնե­րը տանող շոգե­քարշ չէ, ինչն էլ ի վիճա­կի է իր հետև­ից քաշել ցանկա­ցած ծանրություն․․․ Իսկ դրա համար մեզ պետություն է հարկա­վոր, որը, այս անգամ էլ այսպես ասենք, հայրե­նի­քի ու պատմության համա­ժա­մա­նա­կայնա­ցումն է («սինխրո­նի­զա­ցումը»), որն այն թողնում է ոչ թե անցյա­լի անո­րոշ տարա­ծություննե­րում, այլ այն դնում է ներկա պահի մեջ, որը եթե չկա, ուրեմն այդ անցյա­լը պոռո­տա­խո­սության նյութ ու «ուղե­ղի մորմոք» է, թեկուզև դու նրան  «Հայկյան նետ» կոչես։- Անցյա­լը նշա­նա­կություն ունի միայն ներկա­յի մեջ, իսկ ներկան անցյա­լի մեջ ընդա­մե­նը դիվա­բա­նություն է, թեկուզև նրան առասպել ասվի։  

գ․ Ես, այո, ինչպես միշտ, այսօրվա հայ ժողովրդի ու նրա մշա­կույթի և գրա­կա­նության խնդի­րը համա­րում եմ ոչ թե էրո­տի­կա­կան հայրե­նա­սի­րությունը, այլ հայրե­նի­քի ու պետության քաղա­քա­ցիա­կան գաղա­փա­րը տալը, որը «հայրե­նա­սե­րի» կողքին ի վերջո գուցե մեջտեղ հանի պետության Քաղա­քա­ցուն և Հպա­տա­կին։ Ես ասում եմ՝ էրո­տի­կա­կան, որովհետ Տերյա­նից, Չարենցից հետո այդ ողջ բանաստեղծությունը համա­րում եմ սիրա­յին լիրի­կա­յի մի ճյուղ, որտեղ սիրուհու բարե­մասնություննե­րը պարզա­պես փոխա­րինված են հայրե­նի­քի բարե­մասնություննե­րով․․․․ Հայրե­նի­քը կին չէ, որ նրա բարե­մասնություննե­րը գովես․․․ Մինչև օրս էլ մեր հայրե­նի­քը մեզ մատուցվում է ոչ թե իբրև մեր կոչումն ու աստի­ճա­նա­կարգությունը, իբրև մեր հոգև­որ ու ֆիզի­կա­կան  աստի­ճա­նա­կարգությունը, այլ իբրև ջատա­գո­վության առարկա։ Այդ հայրե­նա­սի­րությունը մեզ բացի պարծենկո­տությունից ու մեծա­խո­սությունից՝ ոչ մի պատմա­կան ու քաղա­քա­կան դիրքո­րոշման ու գոյա­բա­նա­կան կեցվածքի չի մղել, ոչ մի «հայկա­կան գաղա­փար» չի ձևա­վո­րել, այն մեզ ոչ ստրա­տե­գիա­կան՝ ազգո­վին նրա համար պայքա­րի ելնե­լու գաղա­փար է տվել, ոչ էլ տակտի­կա­կան՝ առայժմ ձեններս-կտրել-տեղներս-նստե­լու պահվածք, մինչև որ մեր ժամը գա, ասե է թե՝ մինչև որ մենք հասնենք այն ֆիզի­կա­կան և կրի­տի­կա­կան զանգվա­ծին, որը կարող է քաղա­քա­կան առկա­յություն, քաղա­քա­կան նպա­տա­կադրություն,  տակտի­կա ու ստրա­տե­գիա ապա­հո­վել և ոչ թե աննպա­տակ քաջի ու աննպա­տակ վախկո­տի պարզունակ կեցվածք, որն էլ ավի­րել է մեր տունը։ «Հարատև պայքա­րի» բանաստեղծա­կան հոխորտա­լից նախա­դա­սությունից երև­ում է, որ դու հիմա էլ կըմբոստա­նաս («Հայ քաջեր, հայ քաջեր» երգե­լով) «տեղներս նստե­լու» արտա­հայտության վրա, ուստի ես հենց այստեղ հիշեցնեմ մի, թվում է, նաիվ, բայց հանճա­րեղ միտք, որն ասել է ամե­րի­կա­ցի մի մեծ պատմա­բան-հասա­րա­կա­գետ (Ուիլյամ Դյուրանտ, որի 11 հատո­րա­նի «Քաղա­քակրթության պատմություն» գիրքը կառա­ջարկեի թարգմա­նել և բաժա­նել մեր պատմա­բաննե­րին ու «հայ քաջե­րին»)․ «Պատե­րազմը երկու փուլ ունի․ նախա­պա­րաստվե­լու  և բուն ճակա­տա­մարտի։ Եվ վերջի­նիս ելքը կանխո­րոշված է առա­ջի­նով»։ Եվ եթե այստեղ «պատե­րազմ» բառը հասկա­նանք փոխա­բե­րա­կա­նո­րեն, ապա «նախա­պատրաստություն» հասկա­ցությունն ինձ համար ստույգ անուն ունի Պետություն։ Այո, պետությունը նախա­պատրաստություն է, բայց դու ոնց որ «պատրաստությունից» գերա­դա­սում ես, որ մենք քաջ ֆիդա­յի ու հայդուկ դառնանք, բայց ես համա­րում եմ, որ մեր քաջությունը պետք է  բավա­րա­րի նաև նրա համար, որ, օրի­նակ, մի քսան-երե­սում տարվա մեջ Հայաստա­նի բնակչությունը դարձնենք գոնե մի հինգ-վեց միլիոն, որն արդեն ի վիճա­կի կլի­նի ձեր՝ հայդուկնե­րիդ ու ֆիդա­յիննե­րիդ փոխա­րեն իր միջից զինվոր ու բանակ հանել։  

դ․ Ես այն կարծի­քին եմ, որ Արցա­խը մենք տապա­լել ենք բոլո­րով — և այն պատճա­ռով, որ խնդի­րը պատկե­րացրել ենք վերև­ում ասածս մոտե­ցումնե­րով և մեր հայրե­նա­սի­րա­կան պատմա­կան ծավալնե­րի մեջ ճիշտ չենք պատկե­րացրել նրա քաղա­քա­կան ծավա­լը։ Այդ պատճա­ռով էլ, ամեն մեկս նրա­նով ապա­հո­վե­լով մեր հայրե­նա­սի­րա­կան «իմի­ջը», այն տարել ենք մի ոլորտ, որտեղ իշխա­նություննե­րի միակ փրկությունը այն ձգձգե­լը, իրար վրա գցե­լը և  վերջում մի հարմար (շա՜տ հարմար) մեղա­վոր սարքելն էր։   Հիմա մեզ, մի նեղա­ցիր՝ ոնց որ նաև քեզ, մի նոխազ է պետք, որպեսզի կրկնենք մեր հազա­րամյա պատմության հիմա­րություննե­րի հնարքնե­րից մեկը․ մեղք փնտրե­լու տեղակ մեղա­վոր փնտրենք, բոլո­րիս մեղքը գցենք նրա վրա և բավա­րարվենք ու նախորդ մեղքից ազատված՝ մաքուր խղճով  անցնենք հաջորդ մեղքին։

զ․ Եթե դու նկա­տի ունես այսօրվա արտա­քին քաղա­քա­կա­նությունը, ապա ես այն համա­րում եմ շատ գրա­գետ ու հավա­սա­րակշռված։ Հազար թելե­րով կապված լինե­լով Ռուսաստա­նին, Ֆրանսիա­յին, ԱՄՆ-ին և այլն և այլն, այսօրվա իշխա­նություննե­րը, կարծում եմ, բավա­կա­նին հաջող շողուլի են բերում վերջին հարյուրամյա­կում մի կողմի վրա թեքված պատը՝ Ռուսաստա­նի կողքին փնտրե­լով նաև այլ խաղա­ցողներ ու աջա­կիցներ, որոնք, ռուս մի մեծ մտա­վո­րա­կա­նի ասած «Ռուսա­կան թեոկրա­տիան ռուսա­կան գեոկրա­տիա­յի» վերա­ծած այսօրվա Ռուսաստա­նի ներկա­յությամբ գուցեև մեզ թույլ տան ինչ-ինչ հնա­րա­վո­րություններ տեսնել։ Ըստ որում ես կիսում եմ բոլոր նրանց տագնապնե­րը, ովքեր գիտեն Ռուսաստա­նի հետ չինե­լու վտանգնե­րը, բայց ես նրանց հարց եմ տալիս․ դրա կողքին նրանք գիտե՞ն Ռուսաստա­նի հետ լինե­լու վտանգնե­րից։ Կա՞ մեկը, ով հասկա­նում է այսօրվա Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության նպա­տակնե­րը և կարող է պատասխա­նել, թե մենք այդ նպա­տակնե­րի մեջ արդյոք կարո՞ղ ենք տեղա­վորվել, թե՞ եվրո­պա­կան իր կորուսյալ ճամբա­րի (սոց․ լագե­րի ճամբա­րը) փոխա­րեն իր ասիա­կան ճամբա­րը (թուրա­նա­կան լագե­րը) ստեղծե­լու այս գործընթա­ցի մեջ լինե­լու ենք այն, ինչը շուն ու գազան վարժեցնողնե­րը ռռւսե­րեն կոչում են «вкусняшка», իսկ հայե­րեն՝ «համո­վիկ»․․․ 

է․ Եթե դու նկա­տի ունես, որ ես անցյալ դարասկզբի մեր անլուր ողբերգության մեջ ուզում եմ տեսնել նաև մեր մեղքը, ես դարձյալ պնդում եմ դա։ Թեև դու քո «Թլպատվածնե­րը» վեպում որոշ հարցե­րի անդրա­դարձել ես, բայց ես իբրև հայ մարդ, իրա­վունք ունեմ մեր պատմագրության և մշա­կույթի հարյուրամյա մղձա­վանջա­յին պաթո­սից հետո ուշքի գալ և հարցնել․ մենք ինչո՞ւ կոտորվե­ցինք մեր հազա­րամյա հողի վրա,  մի՞թե մենք մեր մեղքը չունեինք կամ մեղքի մեր բաժի­նը չունե­ցանք այդտեղ։ Թե՞ մեզ մազո­խիստա­կան հաճույք է պատճա­ռում սրան-նրան (թուրքին, ռուսին, գերմա­նա­ցուն, ֆրանսիա­ցուն, անգլիա­ցուն․․․) մեղադրե­լը, իսկ մեր մեղքը, որ դարասկզբի 9 միլիո­նա­նոց Թուրքիա­կան կայսրությունում լինե­լով այդ կայսրության գրե­թե 3 միլիո­նա­նոց ավտոքթո­նիկ ու հիմնա­կան ժողո­վուրդը, պարզա­պես բնաջնջվե­ցինք․ մեզնից հեռու վանե­լը։ Որ այսօր  էլ, ունե­նա­լով մոտ 30․000 քմ պետություն,- ինչը երկրագնդի այս բեհեղզե­բուղյան հանգույցում պարզա­պես բարե­բախտություն ու երջանկություն է,- չենք պատկե­րացնում այն և չենք ուզում այն տեսնել իբրև մեր զորությունը։ Գուցե այն պատճառո՞վ, որ վերջին դարի մեր մշա­կույթն ու գրա­կա­նությունը անընդհատ շեշտը դրել են մեր պատմա­կան ժողո­վուրդ լինե­լու վրա (կարծես ոչ պատմա­կան ժողո­վուրդներ էլ կան), սակայն ոչինչ չեն արել, որ մենք պատմա­կան գիտակցություն ունե­նանք, ասել է թե՝ պատմությունն ընկա­լենք իբրև քաղա­քա­ցիա­կան և քաղա­քա­կան ընթացք։ Որ մեր պատմությունը դիտարկեինք նաև, ինչպես ասում է իմ մեծ ընկերնե­րից մեկը,  իբրև մեր ժողովրդի հիվանդության պատմություն (անամնեզ)։  Ըստ որում կրկին ու կրկին պնդում եմ, որ այդ պատմա­կան ողբերգությունը մենք կրկնա­պատկե­ցինք մշա­կութա­յին ողբերգությամբ և փոխա­նակ ֆիզի­կա­կան խաչե­լությունը վերա­փո­խեինք հոգև­որ հարությամբ, գերա­դա­սե­ցինք մեր դիա­կը կախված թողնել խաչից և գոյատև­ել իբրև  «լեշ ու փորո­տիք» («Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,  Թե տղա­մարդիկ՝  Հեռու և մոտիկ՝ Դարձել են արդեն լեշ ու փորո­տիք… »)։ Ով ով, բայց դու, իբրև քրիստոնյա, պետք է լավ իմա­նաս, որ որևէ խաչե­լություն միստե­րիա է միայն այն ժամա­նակ, երբ նրան հետև­ում է հարությունը, և որ հարություն չառած մարմի­նը ենթա­կա է նեխման, ինչպես որ 100 տարի շարունակ մեր մարմի­նը խաչի վրա պահող մեր մշա­կույթի մուրճե­րի զարկե­րի տակ նեխե­ցինք մենք։ Դու սա դարձյալ «թունա­վոր միտք» համա­րիր, բայց ես մի քանի օր առաջ հասկա­ցա, որ մեր եղեռնը մենք համալրել ենք մշա­կութա­յին եղեռնով, և իմ սիրտը ցավով ու ցասումով լցվեց, երբ Մարգա­րա­յի կամուրջը բացե­լու առի­թով մերձա­կա գյուղում մի 80–85-ամյա ծեր կնոջ բերա­նից լսե­ցի լրագրո­ղի «մայրիկ, ի՞նչ կարծի­քի եք Մարգա­րա­յի կամուրջը բացե­լու մասին» հարցին տրված հետևյալ մշա­կութա­յին պատասխա­նը․ «Բալա ջան, Էդ կամուրջ բացիք՝ մյուս առա­վոտ թուրքը մտնե­լու ա ինձ բռնա­բա­րի»։ Դու սա համա­րիր պատմա­կան իրո­ղություն և ավե­լի գրգռիր այդ ծեր կնո­ջը, բայց իմ լացը ամո­թից եկավ․․․ 

 ը․ Շահան Նաթա­լիի հարցով իզուր ես հայրե­նա­սի­րա­կան միտինգ անում․ երկու տարի առաջ ես առա­ջարկել եմ նրա՝ քո նշած հրա­շա­լի գիրքը մտցնել պատմության ժամե­րի դպրո­ցա­կան պարտա­դիր ընթերցա­նության մեջ, բայց ոչ թե «Նեմե­սի­սը» մեր մեջ բորբո­քե­լու համար, այլ՝ մեր պատմա­կան և քաղա­քա­կան գիտակցությունը, որոնց արտա­կարգ վերլուծություններ են արված այդ գրքում, և առանց որի ոխ ու վրեժ սոսկ կրքեր են, ինչպես ասել է մի մեծ փիլիսփա, որոնք սևացնում են ժողովրդի և մարդկանց հոգին և նրանց անզո­րությունից հանում իրար դեմ։ Նրանց լցնում են թաքուն ինքնարհա­մարհանքով։  

թ․ Հավա­տա՝ այսօր կենցաղ դարձած բանա­սարկություննե­րի ֆոնին ես քո ասածնե­րին չէի պատասխա­նի, կմտա­ծեի՝ դե, մեր օրե­րի ցավից ծնված իմ ընկե­րոջ ազնիվ մղումներն են նրան հասցրել այդտեղ, եթե քո տեքստում չլի­ներ ինձ զարհուրանք պատճա­ռով քաջա­զուն ֆիդա­յու «հատուցման եւ հարա­տեւ կռվի» արտա­հայտությունը, ինչը մեզ թույլ չի տալիս Հայաստա­նը զգացմունքնե­րի տռփա­լից սիրո առարկա­յից դուրս դարձնել  բանա­կան սիրո ու բանա­կան գործո­ղություննե­րի առարկա, որը տարե­րա­յին ու անկազմա­կերպ ընդվզումնե­րից մեզ կմղեր մեր քաղա­քա­կան վարքին, որը հաշվարկա­յին մոտե­ցումներ է սիրում, այո, երբեմն շատ ցավա­լի զիջումներ։ Որը մեզ կհա­ներ անի­մաստ ապստամբի կեցվածքից և կդներ իմաստա­լից դիմադրո­ղի կերպա­րի մեջ։ Որը մեզ ֆիդա­յուց զինվոր կսարքեր։ Որը մեզ անժա­մա­նակ խրոխտնե­րից մեր ժամա­նա­կի խոնարհ ծառա­նե­րը կդարձներ․․․ Այսօր արվող քո այդ արտա­հայտությունից, որից երևի շատե­րի բերա­նի ջրե­րը կգնան, ես, այո, խորշում եմ, որովհտև ես վախե­նում եմ, որ ինչպես որ դրա­նով մեր XIX դարը խժռեց XX-ին, ահա XX-նն էլ կարող է խժռել այս խառնակ XXI-ին։ Ես կրկնում եմ, որ մեր վերջին հազար տարվա պատմության մեջ այսօրվա մեր վիճա­կը միանգա­մայն առանձնա­հա­տուկ է, որ մենք առա­ջին անգամ կանգնել ենք ինքներս մեր առջև իբրև ինքներս մեր հնա­րա­վո­րությունը․ մենք մեզ հայրե­նիք շնորհած մեր Աստծուն պետությամբ քննություն պետք է տանք։ Եթե կտրվենք․․․ Մենք կմնանք հազա­րամյա նույն դասա­րա­նում, որտեղ ուսուցչություն անո­ղի անուն-ազգա­նունը ընկեր կամ պարոն Տխմա­րություն է։  

 Ահա այստեղ է, որ ես, սիրե­լի եղբայր, պետք է անդրա­դառնամ նրան, ինչն ինձ քեզ համար է վիրա­վո­րել։ Դա վերև­ում հիշա­տակված քո «հատուցման և հարատև կռվի» քաջա­կո­րով արտա­հայտությունն է, որով դու, ըստ իս, մոլո­րեցնում ես մեր ժողովրդին՝ այդ «հատուցման» և «կռվի» թիրա­խը կոնկրետ իրո­ղությունից հանե­լով և ճխտե­լով պաթո­սի ամբաղ-զամբաղ մի ոլորտ, որը հարյուրամյակներ շարունակ անարդյունա­վետ է եղել և փորձանք, մահ, ավեր, կոտո­րած ու գաղթ է բերել մեր ժողովրդի գխին։ Այս արտա­հայտության մեջ ինձ վիրա­վո­րո­ղը նաև այն անմիտ (եթե զրուցա­կիցս դու չլի­նեիր՝ կասեի «գործա­կա­լա­կան») հայրե­նա­սի­րությունն է, որն արդեն երեքհարյուր տարի է, ինչ շեղում է մեզ մեր, իրա­կան, շոշա­փե­լի ու սուրբ հայրենքից և նետում ցնորքնե­րի ու պոռո­տա­խո­սություննե­րի ամա­յի ցանքա­տա­րա­ծություննե­րը։ Այդ արտա­հայտությամբ հո դու չե՞ս ուզում միա­նալ նրանց, ովքեր   գժվում են «հայրե­նիք» բառից, ինչպես հարբե­ցո­ղը՝ ոգե­լի­ցից, բայց քեֆնե­րը թողնե­լուց հետո չեն կարո­ղա­նում ստույգ հաշվել իրենց հարբե­ցո­ղության «դեբոշնե­րով» մեր գլխին բերած փորձանքնե­րը։ Հո դու չե՞ս ուզում միա­նալ գերսթա­փություն պահանջող այս ժամա­նակնե­րում «Գինի լից» երգողնե­րին, ովքեր «կայֆի» տակ միա­ցել են իրենց պետության դեմ ելած ու Ղևոնդ երեց կտրած տգետնե­րին, որոնք զգո­նության ու խոհե­մության այս օրե­րին իրենց գաղտնի կազմա­կերպություննե­րի ու լեգեոննե­րի կոչով «ռևանշի» կոչ են անում մեր ժողովրդին, թեև իրա­կան «ռևանշի» տասնամյակնե­րին Աստվա­ծաշնչից մեջբե­րումներ անե­լով միա­ցան հայ ժողովրդի և նաև Հայաստանյաց առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Պետությունը հոշո­տածնե­րին։ Որոնք չգի­տես թե ում կոչով (չնա­յած լավ էլ գիտենք) կոչ են անում հայ ժողովրդի օրի­նա­կան իշխա­նության տապալման։ Նրանց, ում համար հայրե­նիքն ընդա­մե­նը հայրե­նա­սե­րի իմիջ ապա­հո­վե­լու միջոց է։ Նրանց, ում կռվա­նը անբա­նա­վեճ հայհո­յանքնե­րը, «խառը խփո­ցի­ներն» ու դրանց ժամա­նակ գոտուց ներքև հարվածներն են։ Ում սադրանքնե­րով մենք նշան ենք բռնել մեր օրի­նա­կան իշխա­նություննե­րին․ այս ամե­նը մենք այս ո՞ւմ պատվե­րով ենք անում։ 

Ես շատ լուրջ եմ վերա­բերվում մեր այսօրվա վիճա­կին․ կրկնում եմ՝ 2000-ամյա մեր պատմության մեջ առա­ջին անգամ մենք ձեռք ենք բերել մի կարգա­վի­ճակ, որը հավաստված է միջազգա­յին բոլոր օրենքնե­րով։ ՄԱԿ‑ի դիմաց բարձրացված մեր դրո­շով։ Սա շատե­րի համար գուցե ձևա­կան բան է, բայց ինձ համար այդ պատմության մեջ ամրագրված բոլո­րո­վին նոր իրա­վի­ճակ, որը մեզ թույլ է տալիս արդեն ոչ թե հայրե­նա­սի­րա­կան գոռում-գոչյուննե­րով  մեր փոքրիկ նավը վարել ու խուսա­վա­րել, այլ նավարկել միջազգա­յին նավագնա­ցության օրենքնե­րով ու կանոննե­րով, որտեղ հայոց քաղա­քա­կան մտքի՝ մի շատ պատկա­ռե­լի մարդու (բայց ոչ քաղա­քա­կան գործչի) բերա­նից ելած «հարի­սա­յի» և «թղթե շերե­փի» գեղջկա­կան արտա­հայտություններն այլևս չեն գործե­լու, կամ գործե­լու են իրենց ճիշտ կիրա­ռությամբ, որ եթե «հարի­սա» ուտե­լու ես գնում, «շերեփդ» պիտի թղթե չլի­նի, իսկ եթե թղթե է, պիտի հարի­սա ուտե­լու չգնաս․․․ Եվ բավա­կան չէ՞, որ մենք հասկա­նանք, որ քաղա­քա­կա­նությունը ջրիկ վռիկ չէ, այլ հենց պինդ հարի­սա։  Այս պարա­գա­յին ես քո «հատուցման և հարատև կռվի» կոչը համա­րում եմ քաղա­քա­կան և պետա­կան իմպո­տենցիա­յի կոչ, ծաղրուծա­նակ, որը ծանա­կում ու «ֆարսի» է ենթարկում հենց մեր անցյա­լի ողջ կռի­վը, քանի որ երկաթյա օրենք է՝ «պատմությունը հաճախ կրկնվում է. առա­ջին անգամ ի հայտ է գալիս որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես ֆարս»․ ես առա­ջարկում եմ, որ նման  արտա­հայտություննե­րով մենք այսօր չմատնվենք հերթա­կան «ֆարսի»՝ պատճե­նե­լով և զանա­զան աշո­տերկաթնե­րով, քեռի­նե­րով, սպա­րա­պետնե­րով, զորա­վարնե­րով գռեհկացնե­լով ու ծաղրուծա­նա­կի առարկա դարձնե­լով մեր անցյա­լի նվի­րա­կան անուննե­րը։ 

Դու, սիրե­լի եղբայր, ցնո­րամտիր հարատև կռվի մասին, դրա համար ընկիր անգամ «միջուկա­յին զենք» ստեղծե­լու անմեղսունակ ցնորքի մեջ (դու ես գրել, ենթադրում եմ՝  «հայկյան նետի» ազդե­ցությամբ,- քեզ թվում է, թե միջուկա­յին զենքը «հայկյան նետի» կամ ֆիդա­յու «բերդանկի» պես մի բան է․ «Իսկ ինչո՞ւ այդ՝ ուժե­ղա­նա­լու անհրա­ժեշտության գիտակցումից ծնված կենսա­գործունեությունը չտա­նել Հայաստա­նը միջուկա­յին երկիր դարձնե­լու ճանա­պարհով և ստեղծել միջուկա­յին զենք»), առանց հասկա­նա­լու, որ քո ասած միջուկա­յին զենքը տալիս են, եթե դու տեղա­կայված ես ռազմա-քաղա­քա­կան այնպի­սի մի միջա­վայրում, որտեղ քեզ միջուկա­յին զենք տալը ոչ թե քո, այլ այդ ընդհանրա­կան միջա­վայրի ապա­հո­վության համար է (և միայն դրա­նով՝ քո),  և հարցը հենց դա է՝ մենք կարո՞ղ ենք այնպի­սի քաղա­քա­կան համա­կարգի անդամ կամ մաս լինել, որտեղ ողջ քո պաշտպանվա­ծությունը կարև­որ է ողջ համա­կարգի համար։ (Թեև այստեղ, միջուկա­յին զենք ստեղծե­լու քո երա­զանքի մեջ երկրորդ վտանգն էլ կա․ բա որ այդ միջուկա­յին զենքը մեր այս գիտակցությամբ ու իրար բզկտե­լու մոլուցքով, քաղա­քա­կա­նության մասին այս տրի­վիալ, գրե­թե խաշնա­րա­ծա­յին, իսկ ավե­լի կոնկրետ՝ «խարո­շիա­կան» ու գողա­կան պատկե­րա­ցումնե­րով գցենք իրար գլուխնե­րի՞, օրի­նակ, դաշնակնե­րը ՔՊ-ականնե­րի գլխին,- հակա­ռակն էլ չեմ բացա­ռում,- և կամ, հեռուն չգնանք, Թոխմա­խի Գողը Տեցի կռուգի Գողա­կա­նի գլխին)։ 

․․․Մնացյա­լը՝ երկուհա­զա­րամյա անմեղսունա­կություն, որը երկու հազար տարի մեր տունը քանդեց և կարող է քանդել նաև մեր այս չքնաղ, հրա­շա­փառ, պատմության բոլոր օրի­նա­չա­փություննե­րին հակա­ռակ և իրո՛ք որ Աստծու հրաշքով մեզ տրված Հայաստա­նի Հանրա­պե­տություն երկիր տունը, որն էլ հենց մեր միջուկա­յին զենքն է, կամ որը կառուցե­լը մեր այսօրվա գիտակցությամբ, ես գիտեմ, պակաս դժվար չէ, քան քո երա­զած միջուկա­յին զենքը, բայց ես, համե­նայն դեպս, դա հնա­րա­վոր եմ համա­րում։ Չթողնենք հանուն մեր այս իրա­կան Հայաստա­նի պայքա­րը և ընկնենք վերա­ցա­կան պայքարնե­րի ճիրաննե­րի մեջ։ Չթողնենք Հայրե­նի­քի Քաղա­քա­ցին ու Հպա­տա­կը լինե­լու բախտը և ընկնենք վերա­ցա­կան հայրե­նա­սի­րության մեջ․․․ Չթողնենք մեր այս սուրբ հայրե­նի­քը և գնանք հայրե­նիք որո­նե­լու․․․ Բայց ես հեռուստա­տե­սության իմ ելույթի քո անդրա­դարձին գուցե իզուր էլ այսքան երկար-բարակ պատասխա­նե­ցի (և եթե մի քանի վիրա­վո­րա­կան, իմ ու քո ընկե­րությա­նը անարժան  արտա­հայտություններ նկա­տես՝ ներո­ղա­միտ եղիր), որովհետև ինչ որ ուզում էի քեզ ասել՝ հնդիկ մեծ բանաստեղծ Ռ․ Տագորն ասել է մի քանի տողով։ Ինձ ու քեզ համար և իբրև մեր տասնամյակնե­րի ընկե­րության անխախտության նշան՝ թույլ տուր մեջբե­րել այդ բանաստեղծության մի քանի տողը․

«Մի մարդ, որ ճգնա­վոր էր ուզում դառնալ, կեսգի­շե­րին ասաց․ «Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որո­նեմ Աստծուն»։ 

Եվ հրա­մա­յեց Աստված․ «Սպասի՛ր, մի լքիր քո տունը»,- և նա չլսեց։

Այդժամ Աստված դառնո­րեն հառա­չեց․

-Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում ինձ որո­նե­լու»։     

Առնչվող Հոդվածներ