Հայաստան

«Արցախի Հանձնումը»

Մաս I

Օգոստոսի 3-ին Ադրբեջանը, պատրվակ բերելով ոչ ոքի կողմից չհաստատված՝ Լաչինի շրջանում իր դիրքապահների դեմ հայկական կողմից «իրականացված հարձակումները»՝ դիմեց մինչ այդ նախադեպը չունեցած «Վրիժառություն» ռազմագործողության:

Վահրամ Աթանեսյան

Ընդդիմությունը, բազմաթիվ քաղաքական, հանրային, գիտական, մշակութային դեմքեր, սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր շարունակաբար եւ անսասան հետեւողականությամբ պնդում են, որ «Նիկոլը հանձնել է Արցախը»: Քառասունչորսօրյա պատերազմի, պարտության եւ հետեւանքների պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Երբեք հակված չեմ եղել հիմք կամ նույնիսկ ճշմարտությանը մոտ ընդունել Իլհամ Ալիեւի ցանկացած միտք, բայց փետրվարի 25-ին «Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի» հիմնարկեքի արարողությանը նրա մի հայտարարությունն, այնուամենայնիվ, ուշադրության արժանի է:

Ալիեւն ասաց, որ նոյեմբերի 9-ի գրավոր համաձայնությունից զատ կողմերի միջեւ ձեռք է բերվել բանավոր համաձայնություն, որ Լեռնային Ղարաբաղում «ամեն ինչ մնում է՝ ինչպես կա»: Ըստ էության, ավելի քան մեկ տարի այդ պայմանավորվածությունը պահպանվել է: Ի՞նչ է հետեւել: 2022 –ի տարեսզբին Արցախի Ազգային ժողովից հայտնի դարձավ, որ ,,բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ,, քննարկման է դրվում «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծ: Այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց փետրվարի 18-ին: Չորս օր անց Մոսկվայում ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներն ստորագրեցին «Դաշնակցային հարաբերությունների մասին» Հռչակագիր: Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին:

Ուղիղ մեկ ամիս անց, մարտի 24-ին ՌԴ զորախմբի պատասխանատվության գոտու արմատական փոփոխություն տեղի ունեցավ, ադրբեջանական զինված ուժերի հսկողությանն անցավ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը՝ ռազմավարական նշանակության Քարագլուխ բարձունքի մի հատվածով հանդերձ: Հայկական կողմն ունեցավ զոհեր եւ վիրավորներ: Մինչ այդ ադրբեջանական կողմը պայթեցրել էր Արցախը սնուցող գազատարը, իսկ մարտի 22-ին Բաքու էր այցելել ՌԴ ԶՈՒ պատվիրակություն՝ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ:

Ապրիլի սկզբին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցվի»՝ հնարավոր է միջազգային կոնսենսուս ապահովել: Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ հասկացվում էր ենթատեքստով: Ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովն ընդունեց Հայտարարություն, որը մերժում էր Ադրբեջանի կազմում ԼՂ ցանկացած կարգավիճակ: Ստեփանակերտի քաղաքական դիսկուրս մտավ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը, որ պարբերաբար, հետեւողականորեն եւ առանց ստորակետի ու նրբերանգի որեւէ փոփոխության հնչեցնում էին Ազգային ժողովի քաղաքական ուժերը, արտաքին գործերի նախարարությունը, արտախորհրդարանական կուսակցությունները, ՀԿ-երը, հանրային անխտիր բոլոր գործիչները:

Օգոստոսի 3-ին Ադրբեջանը, պատրվակ բերելով ոչ ոքի կողմից չհաստատված՝ Լաչինի շրջանում իր դիրքապահների դեմ հայկական կողմից «իրականացված հարձակումները»՝ դիմեց մինչ այդ նախադեպը չունեցած «Վրիժառություն» ռազմագործողության: Հարձակման ենթարկվեց ՊԲ զորամասերից մեկը, զոհվեց երկու զինծառայող, մոտ երկու տասնյակը վիրավորվեց: Երօրյա ռազմական գործողությունների հետեւանքով ՊԲ-ն կորցրեց ռազմավարական նշանակության դիրքեր՝ շփման գծի գրեթե ողջ պարագծով, բայց հատկապես՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտն ընդունեց Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Ներքին Սուս բնակավայրերը հանձնելու վերջնագիրը:

Ըստ էության, Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լաչինի միջանցքում, փոխվեց Գորիս-Ստեփանակերտ հաղորդակցության երթուղին: Այս բարդ իրավիճակում Արցախի քաղաքական դաշտ մտավ նոր դերակատար՝ Ռուբեն Վարդանյանը եւ «Ֆորբս»-ին հարցազրույցում հայտարարեց, որ ինքը ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել, Ադրբեջանի համար հեշտ կլինի բանակցել իր հետ: Կարճ ժամանակ անց պետական նախարար Արտակ Բեգլարյանը բացահայտեց, որ Ռուբեն Վարդանյանի հետ քննարկումների մեջ է: Ակնհայտ դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը կնշանակվի պետական նախարար:

(շարունակելի)

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *