Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Բաքվի կախվածությունը Մոսկվայից գրեթե անհաղթահարելի է, իսկ Ուկրաինայում իրավիճակն ավելի է խորացնում ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը:
Վահրամ Աթանեսյան
Բաքուն սպառնում է Թբիլիսիին. կովկասյան պատերա՞զմ
Վրաստանի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքու այցից հետո ադրբեջանական իշխանամերձ մամուլում չափազանց ենթատեքստային վերլուծություններ են արվում: Դիտարկելով Արեւմուտքի համար Վրաստանի նշանակությունը, մեկնաբաններից մեկն իրեն թույլ է տվել շատ կոպիտ, վրաց-ադրբեջանական առերեւույթ ռազմավարական գործընկերությանը ոչ հարիր ձեւակերպում անել, որ «բացի տրանզիտային լինելուց, այդ երկիրը ոչ մեկին այլ առումով հետաքրքիր չէ»: Նույն տեղում ակնարկ կա նաեւ Վրաստանի «հարյուր հազարավոր ադրբեջանցիների մասին, որ նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակում Թբիլիսիին որեւէ անհանգստություն չեն պատճառել»: Թե ինչ տողատակ ունի այս դիտարկումը, դժվար չէ հասկանալ. Բաքուն ակնարկում է, որ Թբիլիսիի «օպորտունիստական կեցվածքի» դեպքում գործի կդրվի «Բորչալուն (Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզը) վաղնջական թուրքական հող է» նախագիծը:
Բաքվի մամուլը ենթադրաբար կարծում է, որ Ուկրաինայում «գործերն ավարտելուց հետո» Ռուսաստանն անցնելու է «միջին միջանցքի» խնդրի կարգավորմանը: Սա կարելի էր «հիվանդ երեւակայություն» որակել, եթե Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցությունների արդյունքով մամուլի համար հայտարարությունից զատ հարցազրույց տված չլիներ «ԱզերԹաջ» պետական գործակալությանը եւ ասած չլիներ, որ նաեւ Ադրբեջանի շահերից է բխում, որ Պուտինը Ուկրաինայում չհաղթի: Ի վերջո, Ադրբեջանը կարող է էներգակիր արտահանել նաեւ Ռուսաստանի միջոցով: Ճիշտ է, պայմաններն ավելի վատ կլինեն, բայց այլընտրանք ամեն դեպքում կա,- հետուկրաինական հավանական իրավիճակում Բաքվի հնարավորությունն այսպես է գնահատում ալիեւյան քարոզչության գլխավոր խոսափող haqqin.az-ը, ինչից շատ զգուշորեն, բայց այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Ալիեւը Մոսկվայից Վրաստանի տրանզիտային կարեւորությունը կասկածի տակ դնելու հրահանգ եւ ղազախստանյան նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու մտադրության դեմ զգուշացում է ստացել:
Արձագանքելով Տավուշի սահմանային խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ըստ երեւույթին գտնվելով էյֆորիայի մեջ, դիվանագիտական կոպիտ վրիպում է թույլ տվել, երբ ասել է, որ իրավիճակի հետ Ռուսաստանը կապ չունի, դա Փաշինյանի եւ Եվրամիության միջեւ խորհրդատվությունների հետեւանք է: Իսկ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին է: Բաքվի «փորձագիտական» գնահատմամբ՝ Ռուսաստանի համար «պահեստային» է աբխազական երկաթուղու վերաբացումը, որ թույլ կտա Հայաստանի «վրայով կապվել Իրանի եւ Թուրքիայի հետ»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքու այցին զուգահեռ Պեկին է գործուղվել Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը:
«Միջին միջանցքի» գլխավոր շահառուներից մեկը Չինաստանն է՝ «Նոր մետաքսի ճանապարհ» մեգանախագծով: Չինական կոնտեյներային գնացքներն արդեն լաստանավով հատում են Կասպից ծովը, այնուհետեւ Բաքու-Կարս երկաթուղով հասնում Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա: Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Բաքվի կախվածությունը Մոսկվայից գրեթե անհաղթահարելի է, իսկ Ուկրաինայում իրավիճակն ավելի է խորացնում ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը: Հյուսիս-հարավ՝ Սանկտ-Պետերբուրգից մինչեւ հնդկական Մունբայ, միջանցքի վրա ահռելի խախսեր կատարող Ռուսաստանին, բնականաբար, ձեռնտու չէ, որ ավանդաբար իր «ետնաբակ» ընկալվող Կենտրոնական Ասիան «միջին միջանցքով» կապվի Եվրամիության հետ:
Տավուշում «սահմանազատման» խնդրին, ըստ երեւույթին, պետք է նայել 2020թ. հունիսյան եռօրյա մարտերի խորքային գնահատման առումով: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա կոմունիկացիաներն անցնում են հայ-վրաց-ադրբեջանական «եռանկյանը» շատ մոտ: 2020թ. հունիսի 17-ին, հայ-ադրբեջանական բախումները դադարելուց մի քանի ժամ առաջ վերագործարկվել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, որ մինչեւ այդ ավելի քան երկու տարի «չոր էր»: Մարիա Զախարովայի «չքմեղացումը» բոլորովին այլ պատկեր է հուշում: Ըստ երեւույթին, Ալիեւի հայատյացությունը, Հայաստանի ինքնիշխանության «լուծարման գայթակղությունը» գերակշռում են պրագմատիզմին: Բայց այդ դեպքում պատերազմն այլեւս հայ-ադրբեջանական չի լինի, այլ՝ կովկասյան, որտեղ կկորցնեն բոլորը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։