Հայաստան

Իշխանափոխություն Եւ Միջանցք

Հրադադարի հաստատումը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ՝ ՀՆԳԱԿՈՂՄ՝ ներառելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Եվ հետագա բոլոր գործընթացներում կարևորել է խնդիրների ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ապահովելու համար Հայաստանի դուրս բերումը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա տոքսիկ եռանկյունուց, որտեղ չեն կարող ընդունվել ոչ Արցախի, ոչ Հայաստանի շահերից բխող որոշումներ, որովհետև այդ երկրներն ունեն Հայաստանի շահերի հետ չհամընկնող սեփական միասնական շահեր:

Անահիտ Ադամյան

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉԻ ՄՆԱՑԵԼ
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-Ի Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Եվ հիմա, երբ գործնականում համաժողովրդական քննարկման է դրված 4 գյուղերի հանձնումը, հարց է ծագում՝ ինչու՞ սահմանազատման հանձնաժողովները սկսեցին ԵՐԿԿՈՂՄ հանդիպումները՝ առանց Բրյուսելի: Ինչու՞ ԵՄ քաղաքացիական առաքելությունը զրկվեց սահմանային հանձնաժողովներին աջակցելու հնարավորությունից: Չէ՞ որ Իլհամ Ալիևը 2022-ի հոկտեմբերի 6-ին տվել էր իր համաձայնությունը:
Այսօր փաստ է, որ սահմանազատման հանձնաժողովների երկկողմ ձևաչափով աշխատանքը ձախողվել է: Իսկզբանե ակնհայտ էր, որ երկկողմ ձևաչափում Ադրբեջանը թիկունքին ունի Ռուսաստան ու Թուրքիա, Հայաստանը մենակ է:
Դեռ 2020-ին ՙՀանրապետություն՚ կուսակցությունը հայտարարել է, որ հրադադարի հաստատումը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ՝ ՀՆԳԱԿՈՂՄ՝ ներառելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Եվ հետագա բոլոր գործընթացներում կարևորել է խնդիրների ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ապահովելու համար Հայաստանի դուրս բերումը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա տոքսիկ եռանկյունուց, որտեղ չեն կարող ընդունվել ոչ Արցախի, ոչ Հայաստանի շահերից բխող որոշումներ, որովհետև այդ երկրներն ունեն Հայաստանի շահերի հետ չհամընկնող սեփական միասնական շահեր: Բայց եղավ՝ ինչ եղավ: Եվ հիմա ՀՀ-ի խնդիրը պետք է լինի սահմանազատումը իրականացնել պրահյան հիմնարար սկզբունքները ընդունելուց հետո միայն, առանց փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու սահմանազատումը ոչ միայն նոր պատերազմը չի կասեցնի, այլև կարող է պատճառ դառնալ նոր ագրեսիաների ու պատերազմի: Իսկ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է հայկական օկուպացված տարածքների վերադարձ:
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհում առաջին երկրները չեն, որ սահմանազատում են իրականացնելու: Կա միջազգային փորձ, որ սահմանում է սահմանազատման որոշակի կանոններ, իմա՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների, նավթատարների, գազատարների, տարածքի բնակիչների կենսագործունեության ապահովման՝ խոտհարքների, արոտավայրերի և այլ գործոնների այնպիսի բաժանումը, որը լինի երկարատև ու հետագա կոնֆլիկտներ չհարուցի:
Հ.Գ.
Վստահաբար բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանին ոչ թե կենսականորեն պետք են իր երբեմնի 4 գյուղերը, այլ՝ սահմանազատման գործընթացների անհապաղ պահանջով նպատակ ունի ազդել Հայաստանի ներքաղաքաղաքական իրավիճակի վրա, հնարավորինս արագացնելով ենթադրյալ իշխանափոխությունը և Հայաստանում այնպիսի ուժերի իշխանության գալը, որ առանց քննարկումների կհանձնեն և Մեղրիի միջանցքը, և 4 գյուղերն ու մյուս բոլոր տարածքները: Այսինքն՝ նպատակը Հայաստանի մասնատումն է և ինքնիշխանության վերացումը: Դիմակայել այս մարտահրավերներին Հայաստանը կարող է միայն Արևմուտքի աջակցությամբ, այլընտրանք չի մնացել: Եվ՝ ժամանակ էլ չի մնացել:

Գրառումը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *