Հայաստան

Իրանը Զգուշացնու՞մ Է Ադրբեջանին

Բայց, պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ամեն ինչ, ի՞նչ նկատի ունի Իրանի դեսպանն ասելով, որ պատերազմը կփլուզի «ամեն ինչ»: Հայաստանի տեսանկյունից դա փխրուն խաղաղությունն է, իհարկե: Բայց, այստեղ կա մի հարց: Եթե Հայաստանը այդ փխրուն խաղաղությունը պահելու, չփլուզելու համար տեղի է տալիս Ադրբբեջանի շանտաժին, ապա ստանում է ընդամենը նոր շանտաժ:

Հակոբ Բադալյան

«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել: Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը», հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Տավուշում սահմանազատմմանն առնչվող թեմային: Պատերազմի ռիսկի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Տավուշ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել էր բնակիչներին եւ խոսել «ադրբեջանական գյուղերը» հանձնելու անհրաժեշտության մասին, այլապես, ըստ Փաշինյանի, կլինի պատերազմ եւ Հայաստանը կմնա մենակ: Իրանի դեսպանը նշում է, որ պատերազմը կփլուզի ամեն ինչ:

Իրանն այդ կերպ հաստատու՞մ է Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած ռիսկը, նախազգուշացնելով կամ ակնարկելով Երեւանին, որ բանը պատերազմի հասցնելը կփլուզի «ամեն ինչ»: Բայց, պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ամեն ինչ, ի՞նչ նկատի ունի Իրանի դեսպանն ասելով, որ պատերազմը կփլուզի «ամեն ինչ»: Հայաստանի տեսանկյունից դա փխրուն խաղաղությունն է, իհարկե: Բայց, այստեղ կա մի հարց: Եթե Հայաստանը այդ փխրուն խաղաղությունը պահելու, չփլուզելու համար տեղի է տալիս Ադրբբեջանի շանտաժին, ապա ստանում է ընդամենը նոր շանտաժ: Այդպես, չփլուզելով խաղաղությունը, Հայաստանն իրականում փլուզում է իր պետական դիմադրունակությունը: Մինչդեռ, նույն Իրանի դեսպանը շաբաթներ առաջ արել էր հայտարարություն, ի պատասխան Հայաստանի հանդեպ ռիսկերի մասին:

Նա ասել էր՝ ինչու՞ են հարձակվում կամ կարող են հարձակվել, որովհետեւ թույլ եք, եւ որպեսզի չհարձակվեն ձեզ վրա, պետք է ուժեղանաք: Նա հայտնել էր Հայաստանի ուժեղանալուն օգնելու հարցում Իրանի պատրաստակամությունը: Արդյո՞ք Իրանի դեսպանը նկատի ունի այն, որ պատերազմը կարող է փլուզել հենց այն գործընթացը, որով ներկայումս Հայաստանը փորձում է հավաքել ուժ, այդպիսով ձեռք բերելով դիմակայունություն Ադրբբեջանի շանտաժներին տեղի չտալու հարցում: Թե՞ Մեհդի Սոբհանիի հայտարարությունն ունի այլ տողատակ, եւ այն զգուշացում է Ադրբեջանին, որ, եթե Բաքուն գնա պատերազմի, ապա կարող է փլուզել նախորդ պատերազմի իր հաղթանակը, քանի որ Կովկասի՝ իր հյուսիսային սահմանի կամ թիկունքի ապակայունացմանը Իրանը կարող է տալ անհամարժեք կոշտ պատասխան:

Սա իհարկե գոնե այսօր չի թվում հավանական, քանի որ Իրանը ներկայումս վերրականգնում է Ադրբեջանի հետ հարաբերությունը, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերության ճարտարապետության շրջանակում: Այդ գործընթացները դյուրին չեն, բավականին հակասական են ու բարդ, հատկապես, որ անշուշտ արժանանում են հակառակորդ կամ մրցակից սուբյեկտների հակազդեցության, բայց դրանց ուղղությամբ Թեհրանի աշխատանքը ակնառու է: Հետեւաբար, հազիվ թե Իրանը որեւէ ռազմական կոնֆլիկտի գնա, այն էլ Ադրբեջանի տարածքի հանդեպ: Բայց, դա այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի գնա որեւէ սադրանքի, որը անմիջական սպառնալիք կստեղծի Իրանի տարածքային ամբողջության հանդեպ: Բայց, Տավուշի ուղղությամբ որեւէ հնարավոր էսկալացիա արդյո՞ք վտանգ կստեղծի Իրանի տարածքային ամբողջության համար: Թե՞ Իրանի դեսպանն ակնարկում է, որ պատերազմի վտանգի հարցը բացարձակապես պայմանավորված չէ սահմանազատումով, եւ այդ գործընթացը ընդամենը կարող է լինել մեծ պատերազմի առիթ, որի պատճառները հենց այն գետնի վրա են, որտեղ «կուտակվում» են Իրանի անվտանգային ռիսկերը եւ մարտահրավերները, որոնց կողմում խաղալու վտանգների մասին հնչում է զգուշացումը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3401406.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *