Հայաստան

Մոսկվան Բաքվի Բարեկամը Չէ

Կապերի զարգացման ազգային ինստիտուտի ամփոփ վերլուծության համաձայն՝ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքի դրական շեմի անկումը պայմանավորված է «Թուրքիայի ազդեցության մեծացմամբ»: Իսկ Հայաստանի դեպքում նույն եզրակացությամբ իրավիճակը հասցեագրվում է գործող իշխանություններին, որ «թույլ տված սեփական սխալները վերագրում է Ռուսաստանին»:

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանն, այնուամենայնիվ, Ռուսաստանը բարեկամ չի ճանաչում

Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրում է ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի տեղեկատվական հարցերով հանձնաժողովում մի ուշագրավ քննարկման մասին: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Ռուսաստանի Կապերի զարգացման ազգային ինստիտուտն անցած տարվա ուսումնասիրությունների արդյունքով կոչված «մերձավոր արտասահմանի» երկրներում ՌԴ հանրային վարկանիշի «Տեղեկանք» է կազմել: Ըստ այդմ, ԱՊՀ անդամ երկրներում, Մոլդովայում, Վրաստանում եւ մերձբալթյան հանրապետություններում Ռուսաստանի վարկանիշի բարելավում չի արձանագրվել, իսկ բացասական վերաբերմունքի աճ տեղի է ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, որտեղ Ռուսաստանն անցած տարում յոթ նիշի կորուստ է ունեցել:

Թվային արտահայտությամբ՝ 2023թ. ադրբեջանցիների միայն 50,1 տոկոսն է Ռուսաստանը բարեկամ երկիր անվանել: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ Ռուսաստանի հանրային վարկանիշն այդ երկրում 57 տոկոս էր: Դաշնային ժողովի Վերին պալատի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի գնահատմամբ՝ դա «լրջագույն մտորումների տեղիք է տալիս»: Նա գտնում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ մի դժգոհություն չունի»: Ըստ երեւույթին, ասվածը պետք է հասկանալ այն իմաստով, որ Ռուսաստանը 2023թվականին իրենից դժգոհ լինելու ոչ մի առիթ Ադրբեջանին չի տվել: Եւ, այնուամենայնիվ, ադրբեջանցիների գրեթե կեսը Ռուսաստանը բարեկամ երկիր չի ճանաչում:

Կապերի զարգացման ազգային ինստիտուտի ամփոփ վերլուծության համաձայն՝ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքի դրական շեմի անկումը պայմանավորված է «Թուրքիայի ազդեցության մեծացմամբ»: Իսկ Հայաստանի դեպքում նույն եզրակացությամբ իրավիճակը հասցեագրվում է գործող իշխանություններին, որ «թույլ տված սեփական սխալները վերագրում է Ռուսաստանին»:

Ցանկացած հարցում նախ հազիվ թե արտացոլում է ամբողջ ճշմարտությունը, ապա եւ հիմնականում քաղաքական է: Այս դեպքում՝ հատկապես, քանի որ խնդիրը քննարկվել է Դաշնային ժողովի Վերին պալատի համապատասխան հանձնաժողովի նիստում եւ հրապարակայնացվել: Ադրբեջանի մասով Ռուսաստանի հանրային վարկանիշի անկումն, ինչպես ասվեց, բացատրվում է Թուրքիայի ազդեցության մեծացմամբ: Հետեւում է, որ Թուրքիան այսպես, թե այնպես շահագրգռված է, որ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ դրական դրամադրվածության աճ չարձանագրվի: Եւ դա սենատոր Պուշկովին «լրջագույն մտորումների» է մղում:

Ի՞նչ ընթացք կունենան քննարկումները, կունենա՞ն արդյոք՝ պարզ կլինի ապագայում: Բայց պետք է արձանագրել, որ Ռուսաստան-ադրբեջան դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավական համագործակցությունը, ինչի ամրապնդման հավաստիացում են արել երկու երկրների նախագահները, Ադրբեջանում հանրայնորեն մեծ աջակցություն չունեն: Հակառակ դեպքում մեկ տարում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը միանգամից յոթ նիշով չէր իջնի: Ընդ որում, դա ռուսաստանյան կողմի ուսումնասիրությունների արդյունքն է: Իրական պատկերն, ամենայն հավանականությամբ, ավելի ոչ մխիթարական է:

Ռուսաստանը վարկանիշի կտրուկ անկում է ունեցել նաեւ Վրաստանում: Չնայած տնտեսական կապերի որոշակի զարգացմանը, երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնմանը, վրաց հանրության միայն ութ տոկոսն է Ռուսաստանը բարեկամ երկիր ճանաչում: Մերձբալթյան երկրներում Ռուսաստանի հանրային վարկանիշն առհասարակ բացասական է: Անկում է արձանագրվել նաեւ Ղազախստանում: Միակ հետխորհրդային երկիրը, որտեղ Ռուսաստանը վարկանիշային կորուստներ չի ունեցել, Կիրգիզիան է: Ի՞նչ պատկեր կստացվեր, եթե ուսումնասիրությունը ներառներ նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրները՝ կարելի է միայն ենթադրել:

Ռուսաստանում կա՞ քաղաքական ուղեգծի գոնե սրբագրման քաղաքական դիսկուրս: Դաշնային ժողովի Վերին պալատի հանձնաժողովներից մեկում թեմայի բարձրաձայնումից կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան իրոք լրջորեն անհանգստացած է վարկանիշային կորուստներով: Բայց ավելի կարեւոր է, թե այդ վերաբերմունքը բարելավելու ի՞նչ գործիքակազմ կընտրի գործող իշխանությունը: Կոնկրետ Ադրբեջանի դեպքում ռուսասռանցի փորձագետները, քաղտեխնոլոգները Կրեմլին կհուշե՞ն, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը զուտ իրավիճակային է: Ի վերջո, Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական Ակտի նախաբանում Ռուսաստանն անվանված է «օկուպանտ»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3401403.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *