Հայաստան

Իրականության Այլընտրանքային Ընդունում

Քսանվեց տարի՝ ամեն օր եւ ժամ Ադրբեջանը նախապատրստել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, բայց երբեք հրապարակային չի հայտարարել, որ Ջեբրայիլի համար պետք է ,,մարտական-հայրենակցկան միություն,, ստեղծվի, մարդկանց «Կալաշնիկով» ավտոմատ, ձեռքի գնդացիր եւ նռնականետ բաժանվի, մի ուսապարկ «սուխպայ» եւ ուղարկվի Պաշտպանության բանակի դեմ։

Վահրամ Աթանեսյան

21-րդ դարում ֆիդայական դեժավյու՞

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հայ ժողովրդի ինքնապաշտպանության համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են,- ասված է ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածամքով երկու տասնյակից ավելի անձանց բերման ենթարկելու մասին «Մարտական եղբայրության» տարածած հայտարարությամբ: Ավելի վաղ կազմակերպությունն ահազանգել է, որ իշխանությունը խոչընդոտում է Տավուշի սահմանամերձ համայնքներ այցերին, բնակչության հետ հանդիպումներին:

Ինչի՞ հետ գործ ունենք: Եթե անձերից, կազմակերպության անվանումից, այցելությունների եւ հանդիպումների լոկացիայից վերացարկվենք,- այսօր «Մարտական եղբայրությունն» է Տավուշ այցելելու հայտ ներկայացնում, վաղը կարող է ստեղծվել «Գթության քույրերի միություն» եւ Սյունքի Տեղ կամ Խոզնավար, կամ Գեղարքունիքի Նորաբակ մեկնելու խնդիր դնել,-ապա կստացվի, որ հանրային խմբեր, խմբավորումներ կան, որ գեներացնում են «համազգային դիմադրություն կազմակերպելու» գաղափար:

Զինված դիմադրությունը պահանջում է նախ մարդկային, ապա՝ սպառազինության, հանդերձանքի, կապի եւ սանիտարական ապահովության, տրանսպորտային, պարենի եւ այլնի անհրաժեշտ ռեսուրսներ: Ըստ էության, պետք է ունենալ տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ: Հակառակ դեպքում ուտոպիա է, երբ կարծում կամ ներկայացնում են, որ Ոսկեպարում հնարավոր է դիմադրություն կազմակերպել՝ առանց, ասենք, Ներքին Հանդն ապահովագրելու թշնամու ներխուժումից: Շատ հավանական եւ տրամաբանական է, որ Ոսկեպարում հանդիպելով «Մարտական եղբայրության» աշխարհազորի դիմադրությանը, հակառակորդը հարձակվելու է, օրինակ, Ճամբարակի ուղղությամբ:

Մի կողմ թողնենք, թե որքանո՞վ է նպատակահարմար «այլընտրանքայյին բանակ» կամ թեկուզ աշխարհազոր ստեղծելու գաղափարը: Գործնականում ո՞վ է հանդարձավորելու, զինելու, ասենք, Նոյեմբերյանի գյուղերից աշխարհաղորին անդամագրված X թվով մարդկանց, ո՞վ է լինելու նրանց հրամանատարը, ո՞վ է հոգալու պարենի, առաջին բուժօգնության պարագաների, վիրավորների տարհանման եւ պատերազմական իրավիճակից ենթադրվող բազմաթիվ այլ կարիքները: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Իսկ որքա՞ն կարելի է վախեցած ապրել եւ ենթարկվել թշնամու պահանջներին»:

Իսկ դեռ որքա՞ն ժամանակ է հայ ժողովուրդը ներշնչվելու, որ կամավորական-աշխարհազորային- մարտական եղբայրության խմբերով եւ խմբապետներով հնարավոր է պատերազմ շահել: Ստույգ իրավիճակի հանդեպ սթափ դատողությու՞նն է գերադասելի, թե՞՝ լիրիկական զեղումը: Արցախի աղետը վկայում է, փաստում է, ապացուցում է, որ աշխարհազորը խնդիր չի լուծում: Քսանվեց տարի՝ ամեն օր եւ ժամ Ադրբեջանը նախապատրստել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, բայց երբեք հրապարակային չի հայտարարել, որ Ջեբրայիլի համար պետք է ,,մարտական-հայրենակցկան միություն,, ստեղծվի, մարդկանց «Կալաշնիկով» ավտոմատ, ձեռքի գնդացիր եւ նռնականետ բաժանվի, մի ուսապարկ «սուխպայ» եւ ուղարկվի Պաշտպանության բանակի դեմ: Թշնամին ոչ միայն արդիական սպառազինություններ է ձեռք բերել, այլեւ կազմավորել մարդասպանների հատուկ զորամիավորում, պրոֆեսիոնալ դիվերսիոն ստորաբաժանումներ: Մանրամասնությունները զինվորական գործի մասնագետները կիմանան:

Ասվածից, իհարկե, չի հետեւում, թե իշխանությունը պետք է այլընտրանքային գաղափարները շեմքից մերժի եւ ընդդիմախոսներին բերման ենթարկի կամ այլ բնույթի ճնշումներ գործադրի: Եթե Տավուշում «սահմանազատում է իրականացվում»-ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում,- ապա իրավական ի՞նչ հիմքով, դա համաձայնեցվա՞ծ է, հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի վերաբերյալ կիրառելի՞ է լինելու: Ամենասկզբունքայինը դա է: Եթե պատասխան չկա, խնդիրը պիտի քննարկվի նորից, կրկին, վերստին եւ՝ ավելի հանգամանալի: Բայց հանրային-քաղաքական դիսկուրսի այլընտրանք չպետք է լինի նախանցյալ դարի ֆիդայական «պատերազմի» դեժավյուն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *