Հայաստան

Բաքուն Խանդո՞ւմ Է

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն «կողմնակալ» է որակում ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը


Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակում ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե այդ հանդիպումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը»։

«Այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,-նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով, թե «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։

Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Նիկոլ Փաշինյանը, Էնթոնի Բլինքենն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլլեր
Բաքուն մտահոգություն է հայտնել նաև «Հայաստանի ռազմականացմանն ուղղված» Ֆրանսիայի գործողությունների և «ավելի մեծ ռազմական մատակարարումների (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքեր)» կապակցությամբ։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Ֆրանսիան բազմիս հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական զենքեր է մատակարարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ Բաքուն նշել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ գործընթացը, կառուցողական դիրքորոշում դրսևորել հետկոնֆլիկտային կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ։

Բացի այդ, ըստ Արտգործնախարարության, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն է խնդրել համաձայնություն տալ 40 փորձագետներից բաղկացած Եվրամիության կարճաժամկետ մոնիտորինգի ներուժի տեղակայման համար։ Ըստ Բաքվի՝ այն պետք է տեղակայվեր հայկական կողմում և նպաստեր Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմանը։

«Ցավոք, նախնական երկամսյա ժամկետից հետո, առանց Ադրբեջանի համաձայնության, այն վերածվեց Հայաստանում ԵՄ առաքելության՝ զգալիորեն երկարաձգված ժամկետով և ավելի մեծ թվով դիտորդներով»։

Բաքուն նշել է՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք», իսկ «Կանադայի միանալով այն փաստացի ստացավ ՆԱՏՕ-ի առաքելության կարգավիճակ»։

Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Հոդվածը՝ azatutyun.am կայքից։

https://www.azatutyun.am/a/32879210.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *