Վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին ինտեգրման գործընթացի վերաբերյալ հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ առաջխաղացման հարցում:
Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացման շուրջ միակարծության մասին հայտարարություն
Մարտի 25, 2024 թ., Երեւան
- Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արվեց եվրահանձնաժողովին ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․
- Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ և հաստատուն են․
- Ողջունելով ՀՀ իշխանությունների քայլերն՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, Ռուսաստանից սպառնալից կախվածության նվազեցման եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ԵՄ քաղաքացիական առաքելության հրավիրումը Հայաստան եւ 2025թ․-ից դրա մանդատի եւս երկու տարով երկարաձգելու որոշումը, Զվարթնոց միջազգային օդանավակայանում օտարերկրյա սահմանապահ ուժերի ծառայությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների դե ֆակտո սառեցումը եւ այդ կառույցից դե յուրե դուրս գալու մտադրությունը, ինչպես նաեւ խորացող ռազմատեխնիկական եւ քաղաքական համագործակցությունը ԵՄ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Հունաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հետ․
- Շարունակելով մնալ այն համոզմանը, որ Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդումն ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են եվրոպական ընտանիքում, իսկ անվտանգության եւ խաղաղության ապահովումը՝ եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում․
Մենք Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի ներկայացուցիչներս․
- Հորդորում ենք Հայաստանի Հանարպետության իշխանություններին առանց հապաղելու հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալու մասին եւ պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ լիիրավ անդամ դառնալու հայտով, ինչպես նաեւ սկսել բանակցություններ եվրատլանտյան անվտանգային համակարգերում ինտեգրումը խորացնելու ուղղությամբ։
- Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը աջակցելու ՀՀ իշխանությունների՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման քաղաքականությանը՝ Եվրամիության արժեքային եւ իրավակիրառական լավագույն ավադույթներին հետեւողական հավատարմության պայմանով։
- Հաշվի առնելով, որ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից են կոռուպցիան, անպատժելիությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները, չկայացած արդարադատությունը, պահանջում ենք ուժգնացնել պայքարը կոռուպցիայի եւ անպատժելիության դեմ բոլոր հնարավոր մակարդակներում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը իրականացնել ջերմեռանդորեն, արմատապես բարեփոխել դատաիրավական համակարգը, զերծ մնալով այդ ոլորտներում հատվածական եւ թերի փոփոխություններ անելուց։
- Դատապարտում ենք հակասահմանադրական միջոցներով իշխանափոխության, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը տապալելու ցանկացած փորձ։
- Վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին ինտեգրման գործընթացի վերաբերյալ հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ առաջխաղացման հարցում:
- Հորդորում ենք ԵՄ պետական հաստատություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ լինել հետեւողական, աջակից եւ պահանջկոտ, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը հնարավորինս շահախնդիր կերպով իրականացնելու համար: