Իր «դարաշրջանի շարունակականությունը պահպանելու» համար ի՞նչ տարբերակ կընտրի Էրդողանը: Որոշ մեկնաբաններ համարում են, որ նա փորձելու է «քաղաքական պարտությունը փոխահատուցել ռազմա-քաղաքական ցնցող հաջողությամբ, որպեսզի ազգայնական-իսլամամետ ընտրազանգվածի կոնսոլիդացիա ապահովի»:
Վահրամ Աթանեսյան
Թուրքիայի մունիցիպալ ընտրություններում իշող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ոչ միայն բացարձակ հաղթանակ չի տոնել, այլեւ առաջնությունը զիջել է ընդդիմադիր քեմալականներին, որ անցյալ տարի անհաջող ավարտեցին նախագահական մրցապայքարը: Տեղական իշխանության համար Էրդողանը մարտի էր նետել թե անձնական հեղինակությունը, թե ազգայնական ուժերին: Փորձագետների կարծիքով՝ նա ձգտում էր լուծել իրավահաջորդի, ուրեմն եւ՝ Թուրքիայի քաղաքակրթական –աշխարհաքաղաքական ընտրության հաջորդայնության հարցը:
Քեմալական՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության տպավորիչ հաջողությունը գնահատվում է որպես «Էրդողանի դարաշրջանի ավարտ»: Այսուհետեւ, ինչպես կանխատեսվում է, Թուրքիայի քաղաքական կյանքում հիմնական դերակատար կարող է լինել Ստամբուլի վերընտրված քաղաքապետ Իմամօղլուն: Գործող իշխանությունն ամեն ինչ արել էր, որ նա քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, բայց Էրդողանի ջանքերն ապարդյուն անցան: Թուրքիայի մունիցիպալ ընտրությունների մասին ուշագրավ գրառում է արել Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացը. «Հստակ ազդակ Էրդողանին՝ Իսրայելի դեմ սադրանքներն այլեւս չեն աշխատում, փնտրեք այլ ձի»:
Հատկանշական է, որ մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցությունը պարտվել է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ամռանը ,,հակաահաբեկչական ռազմագործողություն,, սկսելու մասին Էրդողանի հայտարարության եւ նրա՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման անոնսի ֆոնին: Նշանակու՞մ է դա, որ թուրքական հանրության մեծամասնությունը չի պաշտպանում նրա արտաքին-քաղաքական հավակնոտությունը, թե՞ քվեարկության պատկերը պայմանավորված է Թուրքիայի սոցիալ-տնտեսական դժվարություններով՝ կարծիքները կարող են տարբեր լինել:
Փաստ է, որ իշխող կուսակցության պարտությունը Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը ներկայացրել է որպես «ժողովրդավարության օրինակ»: Ըստ երեւույթին, նա բավական վստահելի տեղեկություն է ունեցել, որ մունիցիպալ ընտրություններում նախորդ տարվա հաջողությունը չի կրկնելու: Կարծես թե՝ նաեւ այդ պատճառով է, որ Անկարան վերջին շրջանում Եվրամիությանն անդամակցությունը վերստին «ռազմավարական նպատակ» է հռչակել:
Մունիցիպալ իշխանությունն, ինչ խոսք, երկրի արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական ընտրություն չի որոշում: Ստամբուլի վերընտրված քաղաքապետի գնահատմամբ՝ «Թուրքիայի բազմազանությունը նրա հզորությունն է»: Ակնարկն, ըստ երեւույթին, վերաբերում է քրդամետ ուժերին, որոնք նույնպես նկատելի հաջողություն են ունեցել: Էրդողանը կընդունի՞ Ժողովրդա-հանրապետական կուսակցության «պարզած ձեռքը»: Անցյալ տարի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո ԺՀԿ-ն բողոքի, քվեարկության արդյունքները վիճարկելու որեւէ նախաձեռնություն չցուցաբերեց:
Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը կհետեւի՞ այդ օրինակին, թե՞ կգնա դիմակայության, որպեսզի նախագահական հաջորդ ընտրություններում պահպանի հաջորդայնությունը: Կարծիք կար, որ մունիցիպալ ընտրություններում «տպավորիչ հաղթանակից հետո Էրդողանը կամ կգնա սահմանադրական փոփոխությունների եւ կապահովի երրորդ ժամկետով պաշտոնավարման իրավական հիմք, կամ կբացահայտի իրավահաջորդին»: Մարտի 31-ի քվեարկության արդյունքներն, ամենայն հավանականությամբ, առաջին տարբերակը բացառում են:
Իր «դարաշրջանի շարունակականությունը պահպանելու» համար ի՞նչ տարբերակ կընտրի Էրդողանը: Որոշ մեկնաբաններ համարում են, որ նա փորձելու է «քաղաքական պարտությունը փոխահատուցել ռազմա-քաղաքական ցնցող հաջողությամբ, որպեսզի ազգայնական-իսլամամետ ընտրազանգվածի կոնսոլիդացիա ապահովի»: Բայց արդյոք պատահակա՞ն է Իսրայելի արտաքին գործերի նախարարի զգուշացումը: Էրդողանը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմ սանձազերծելու ինքնաբավ ռեսուրսներ ունի՞: Ռուս-թուրքական ռազմա-աշխարհաքաղաքական համագործակցության սոցիալական հենարանը Թուրքիայի ազգայնականությունն է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։