Հայաստան

Ցանկությունը Քիչ Է, Կամք Է Պետք

ՀԱՊԿ-ի «մեկնաբանությունից» հետեւում է, որ կազմակերպությունն առաջնորդվում է «սահման քաջաց՝ զենն յույանց» սկզբունքով: Համաձայնեցվե՞լ է այդ «մեկնաբանությունը» ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Եթե՝ այո, ապա ի՞նչ երաշխիք ունեն, ասենք, Կիրգիզիան եւ Տաջիկստանը, որ սահմանազատման հարցում շատ հնարավոր լարվածության դեպքում նույնը չի ասվի նաեւ իրենց վերաբերյալ:

Վահրամ Աթանեսյան

Կան շահեր, որ դիվանագիտական «ոսկերչությամբ» հնարավոր է համադրել

ՀԱՊԿ-ից Երեւանին պատասխանել են, որ այդ չկազմակերպության պատասխանատվության գոտին հարեւանների հետ համաձայնեցրած՝ Հայաստանի սահմաններն են: Հայաստանը տվյալ պահին իր չորս հարեւաններից սահմանային խնդիրներ միայն Ադրբեջանի հետ ունի: Բայց դա չի նշանակում, թե հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է» կամ «դելիմիտացված չէ, ուրեմն հստակ չէ»: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը դե-յուրե համաձայնեցված է հենց 2020թ. նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ:

Այդ փաստաթղով սահմանված է, որ Հայաստանը Քելբաջարի եւ Լաչինի շրջանները վերադարձնում է Ադրբեջանին: «Քելբաջարի շրջան» եւ «Լաչինի շրջան» վարչական միավորներ պատմականորեն գոյություն չեն ունեցել, դրանք ստեղծվել են խորհրդային Ադրբեջանում: Ուստի զորքերի դուրսբերումը կատարվել է ըստ խորհրդային վարչական բաժանման: Որտեղով խորհրդային շրջանում անցել է, դիցուք, Լաչինի շրջանի Զաբուխ եւ Գորիսի շրջանի Տեղ գյուղերի բաժանարարը, իսկ այն գոյություն է ունեցել, դա էլ հայ-ադրբեջանական սահմանն է այդ հատվածում:

Այստեղ ճշտելու-ճշգրտելու առարկա չկա: Խորհրդային կոլեկտիվ տնտեսություններն ունեցել են այսպես կոչված «հողային անձնագիր»՝ հաստատված տվյալ միութենական հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այդ «անձնագիրն» ունեցել է տեղագրական քարտեզ, որտեղ «թուփ առ թուփ» նկարագրված է կոլեկտիվ տնտեսության սեփականություն հանդիսացած հողատարածքը: Քաղաքական կամքի եւ փոխադարձ համաձայնության դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պետական արխիվներից հանել-պատճենել սահմանային բնակավայրերի խորհրդային շրջանի «հողային անձնագրերը» եւ այդ հիման վրա քարտեզագրել պետական սահմանը, ապա այն հաստատել «գետնի վրա»:

Ադրբեջանական կողմից նման ցանկություն չկա, Բաքվում խոսում են 1920-ական թվականների ինչ-որ «քարտեզների» մասին: Թե ո՞վ է գծել դրանք՝ հայտնի չէ, որտե՞ղ են հաստատվել-իրավական փաստաթղթի ուժ ստացել՝ նույնպես: ՀԱՊԿ-ի խնդիրը չէ՝ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնել, բայց եթե դա իրեն հարգող կազմակերպություն է, ապա գոնե չպետք է իր անդամներից մեկի նկատմամբ ագրեսիա հրահրի կամ նպաստի, որ նա ենթարկվի ուժի կիրառման սպառնալիքի:

Իսկ ՀԱՊԿ-ի «մեկնաբանությունից» հետեւում է, որ կազմակերպությունն առաջնորդվում է «սահման քաջաց՝ զենն յույանց» սկզբունքով: Համաձայնեցվե՞լ է այդ «մեկնաբանությունը» ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Եթե՝ այո, ապա ի՞նչ երաշխիք ունեն, ասենք, Կիրգիզիան եւ Տաջիկստանը, որ սահմանազատման հարցում շատ հնարավոր լարվածության դեպքում նույնը չի ասվի նաեւ իրենց վերաբերյալ: Կամ ի՞նչ երաշխիք ունի Ղազախստանը, որ եթե ոչ վաղը, մյուս օրը չդելիմիտացված չեն ճանաչվի նաեւ իր հյուսիսային սահմանները: Ի դեպ, նույն զգուշավորությունը չպետք է լքի նաեւ Ադրբեջանին:

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Ուկրաինայում որտե՞ղ կավարտվի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին կամ որտեղո՞վ կանցնի ռուս-ուկրաինական նոր սահմանը: Խնդիրը բարդել Հայաստանի եւ հարեւանների համաձայնությանը եւ մի կողմ քաշվել՝ նշանակում է «բացել Պանդորայի արկղը»: Որովհետեւ հարց է ծագում՝ ՀԱՊԿ-ը Վրաստանում պատասխանատվության գոտի ունի՞: Եթե վաղը չէ մյուս օրը Վրաստանը հզորանա եւ անցնի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդրի ուժային կարգավորմանը, ՀԱՊԿ անդամ պետություններն Ռուսաստանին ռազմական օգնությու՞ն են ցուցաբերելու:

ՀԱՊԿ-ի «մեկնաբանությունը» խիստ ենթատեքստային եւ զգաստացնող է: Կազմակերպության հետ հարաբերությունների «սառեցումից» չի հետեւում, թե Հայաստանը չպետք է անդամ պետությունների հետ երկկողմ խորհրդատվություններ սկսի: Պոստխորհրդային տարածքի վրա կախված է դեսուվերենիզացիայի «ուրվականը»: Մեկի շահը զոհելով՝ մյուսներն իրենց չեն ապահովագրում: Ընդհակառակը, թուլացնում են իրենց ինքնիշխանությունը: Այդ թվում եւ՝ Ադրբեջանը, որ պատմության մեջ մեկ անգամ դարձել է սեփական եւ հարեւան երկրների անկախության գերեզմանափորը: Ալիեւը հավերժական չէ, կան շահեր, որ դիվանագիտական «ոսկերչությամբ» հնարավոր է համադրել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *