Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական» ռազմագործողության: Թիրախում քրդական ուժերն են: Էրդողանը վճռականորեն հայտարարել է, որ Թուրքիան «իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկչական պետության ստեղծումը»:
Վահրամ Աթանեսյան
Milliyet- փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայայի սոցցանցային գրառումը, ըստ որի՝ երեկ եւ անցած գիշեր Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում «չհամաձայնեցված զանգվածային միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակիցները հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությանն աջակցող կարգախոսեր եւ, չնայած նախազգուշացումներին՝ դիմադրություն են ցույց տվել ոստկանությանը. ձերբակալված է 89 անձ»: Ըստ այլ աղբյուրների, քրդամետ Dem parti‑ի կողմնակիցները մի շարք քաղաքներում, որտեղ մունիցիպալ ընտրություններում հաղթել են քուրդ թեկնածուները, պարզապես տոնախմբություն եւ երթեր են կազմակերպել:
Ոստիկանության հետ «զանգվածային բախումներ» արձանագրվել են Վանում, որտեղ քաղաքապետի ընտրություններում հաղթել է Dem parti‑ի թեկնածու Աբդուլլահ Զեյդանը, բայց իշխանությունները նրան զրկել են պաշտոնն ստանձնելու իրավունքից: Գործի է դրվել դատական համակարգը, որտեղ «պարզել են, որ Զեյդանը քաղաքապետի թեկնածու առաջադրվելու, ընտրվելու եւ պաշտոնավարելու որեւէ իրավական հիմք չունի»: Քաղաքապետի պաշտոնն, ըստ այդմ, անցնում է իշխող կուսակցության ներկայացուցչին:
Հազարավոր մարդիկ Վանի փողոցներում երթ են կազմակերպել դեպի ընտրական հանձնաժողովի նստավայր, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, արձանագրվել են ընդհարումներ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ Վանում եւ հարավ-արեւելյան նահանգներում տանսհինգօրյա ժամկետով զանգվածային բոլոր միջոցառումներն արգելվել են: Մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության պարտությունը Թուրքիայի նախագահը որակել է «թուրքական ժողովրդավարության հաղթանակ, որ պետք է ընդօրինակելի լինի»: Վանի քաղաքապետի հետ կապված իրավիճակն ապացուցում է, որ «թուրքական ժողովրդավարությունն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են երկրի ոչ թուրք քաղաքացիների իրավունքները:
Ըստ երեւույթին, նման զարգացում էր կանխատեսել Ստամբուլի վերընտրված քաղաքապետ Իմամօղլուն, երբ հայտարարել էր, որ Թուրքիայի «հզորությունը նրա բազմազանությունն է»: Խորհրդարանական վերջին ընտրություններով Dem parti‑ն կորցրել էր Ազգային մեծ ժողովում ներկայությունը: Մեկ տարի անց ստանալով ընտրողների քվեների ավելի քան վեց տոկոսը, կուսակցությունը վերահաստատել է Թուրքիայի քաղաքական կյանքում իր շոշափելի ներկայությունը: Մանավանդ որ Դեվլեթ Բահչելիի գլխավորած ծայրահեղ ազգայնական կուսակցությունը մունիցիպալ ընտրություններում ավելի քիչ ձայներ է ստացել, քան՝ Dem parti‑ն:
Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական» ռազմագործողության: Թիրախում քրդական ուժերն են: Էրդողանը վճռականորեն հայտարարել է, որ Թուրքիան «իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկչական պետության ստեղծումը»: Խոսքն, անկասկած, քրդական պետության մասին է: Երկրի հարավ-արեւելյան՝ գերազանցապես քրդաբնակ, շրջաններում Dem parti‑ի էլեկտորալ տպավորիչ հաջողությունն, անկասկած, քաղաքական ազդակ է, որ «զանգվածային անկարգությունները» կարող են ճարակել Իրաքին եւ Սիրիային սահմանամերձ շրջանները, եթե «հատուկ ռազմագործողությունը» վերաճի քրդերի զանգվածային ոչնչացման փորձի:
Մունիցիպալ ընտրություններում հաղթած ԺՀԿ‑ն հայտարարել է, որ նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ չի պահանջում: Վանում տեղի ունեցած ապօրինությունը, որին հետեւել է ակնհայտ բռնությունը, կարո՞ղ է առիթ հանդիսանալ, որպեսզի ընդդիմությունը վերանայի դիրքորոշումը: Էրդողանը «կաշին չի փոխում»: Խնդիր է, թե արդյոք քրդական, քուրդ քաղաքացիների իրավունքների հարցում Թուրքիայի «եվրոպականացած» ընդդիմությունը նրա՞ հետ է, թե՞՝ քաղաքակիրթ-համամարդկային արժեքների: Ըստ երեւույթին, լավատեսության շատ քիչ հիմքեր կան: ԺՀԿ‑ն Մուսաֆա Քեմալի ստեղծած կուսակցությունն է, իսկ նա Դերսիմի քրդերի ապստամբությունը խեղդել է արյան մեջ եւ փաստացի ցեղասպանություն իրականացրել: Վանում քրդական բողոքը կվերաճի՞ «դիմադրության շարժման»:
Փորձագիտական կարծիք կա, որ Էրդողանը ԺՀԿ‑ի հետ «կարող է իրավահաջորդի հարցում պայմանավորվածության հասնել»: Խոսքը Հաքան Ֆիդանի շուրջ համաձայնության մասին է: Ֆիդանն ունի «արեւմտյան կողմնորոշման» գործչի համարում: Եթե Թուրքիայի շուրջ իրավիճակը սրվի, ապա, ամենայն հավանականությամբ իշխող ուժը եւ քեմալական ընդդիմությունը մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ կորդեգրեն «բոլոր թուրքերը մի բանակ են» սկզբունքը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
