Ալիեւի խոսքի ենթատեքստից, երբ նա ասում է, որ չնայած Ադրբեջանի «հիմնավոր առարկություններին»՝ Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան հանդիպումը չի հետաձգվում,- հետեւում է, որ անցած օրերին Բաքուն ոչ միայն սահմանային լարվածության եւ «պրեվենտիվ հարվածի իրավունքի» քարոզչություն, այլեւ դիվանագիտական մեծ ակտիվություն է ցուցաբերել, բայց սկզբունքային հաջողության չի հասել:
Վահրամ Աթանեսյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, այդ մասին հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը՝ փոխանցելով որոշակի մանրամասնություններ, որ ավելի բծախնդիր վերլուծության են արժանի: Այս պահին, թերեւս, աչքի է զարնում Ալիեւի հավաստիացումը, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ապրիլի 2-ի հայտարարությունը, թե Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սպառնալիք է Հայաստանի համար՝ «ճիշտ չէ». Ադրբեջանը հավատարիմ է Պրահայում 2022 թվականին ընդունված եւ Ալմա-Աթայի հայտարարությանը»:
Ադրբեջանի նախագահը, որքան հիշվում է, նման՝ գոնե ֆորմալ առումով տարընթերցման տեղ չթողնող, հայտարարություն առաջին անգամ է անում մանավանդ Ալմա-Աթայի հռչակագրին հավատարմության առումով: Դրանից, իհարկե, չի հետեւում, թե նա ստորագրությամբ ինչ-որ պարտավորություն է ստանձնում, բայց դիտարժան է, որ նրա այդ առերեւույթ կառուցողականությունը հաջորդում է Հայաստանում պատասխանատվության գոտու մասին ՀԱՊԿ-ի բոլոր առումներով սադրիչ մեկնաբանությանը, որ ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանին սահմանային էսկալացիայի մղելու «ինդուլգենցիա» կամ քաղաքական հրավեր:
Ալիեւի խոսքի ենթատեքստից, երբ նա ասում է, որ չնայած Ադրբեջանի «հիմնավոր առարկություններին»՝ Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան հանդիպումը չի հետաձգվում,- հետեւում է, որ անցած օրերին Բաքուն ոչ միայն սահմանային լարվածության եւ «պրեվենտիվ հարվածի իրավունքի» քարոզչություն, այլեւ դիվանագիտական մեծ ակտիվություն է ցուցաբերել, բայց սկզբունքային հաջողության չի հասել: Թեեւ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգը եւ հավաստիացումը, որ բրյուսելյան հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ, կարելի է գրանցել Ալիեւի ակտիվում:
Բայց դա, ըստ երեւույթին, պայմանավորված է նրա կողմից փոխզիջմամբ. Պետքարտուղար Բլինքենին պետք էր, որ Ալիեւը հրապարակային հավատարմություն հայտնի թե Պրահայի քառակողմ հայտարարությանը, թե, մանավանդ, Ալմա-Աթայի հռչակագրին: Այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը, փաստացի՝ Ռուսաստանը, Ալիեւին վստահեցնում է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը «պայմանական է»: Ասել, թե Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո Ալիեւը ենթականերին հանձնարարելու է Հայաստանի հետ սահմանազատման հիմք ընդունել 1991թ. խորհրդային «բաժանարար գիծը»՝ միամտություն կլիներ:
Միլլի մեջլիսի իշխող կուսակցությունից պատգամավոր Բաբաօղլուն «Թուրան» գործակալությանն ասել է, որ Ադրբեջանը «պատրաստ էր Իրանի հետ ջերմ հարաբերությունների, բայց վերջին շրջանի իրողություններն ստիպում են ավելի կենտրոնանալ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման վրա՝ պաշտպանելու ինքնիշխանությունը»: Այս համատեքստում Ալիեւը հազիվ թե իրեն թույլ տա «չարաշահել Վաշինգտոնի ուշադրությունը»: Իսկ թե ինչպե՞ս է նա «բացատրվելու» Մոսկվայի հետ՝ արդեն իր խնդիրն է: Հայկական դիվանագիտությունը կկարողանա՞ Ալիեւի «խոստովանությունը» ճիշտ օգտագործել:
Հոդվածը՝ 1in.am կայքից։