Հայաստան

2016-ը «Վերադառնու՞մ է»

Փաշինյանը հրապարակային դիմեց Արցախի նախագահի թեկնածուներին՝ առաջարկելով ներկայացնել ԼՂ կարգավորման իրենց պատկերացումները: Եթե ամփոփ ասենք, պատասխանը մեկն էր. «Ոչ մի թիզ հող թշնամուն»: Չորս ամիս անց պայթեց պատերազմը: Հետևանքները հայտնի են։

Վահրամ Աթանեսյան

Երրորդ նախագահն ապրիլի 4-ին ոչ միայն հաստատեց, այլեւ բացահայտեց, որ Արցախի իշխանություններին մշտամբել է «թուլության» համար, որովհետեւ մարտական գործողությունների օրերին «Լաչինում խցանումներ էին»: Փաստացի նա ասում է, որ քառօրյա մարտերին Արցախի իշխանությունը բավարար կամք եւ կազմակերպչական որակներ չի դրսեւորել, ստեղծվել է իրավիճակ, երբ Ստեփանակերտից դեպի Հայաստան «շարժը» խանգարել է բանակին: Հարցին, թե ի՞նչ է ասել Արցախի իշխանություններին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ կրկնել է այն, ինչ հրապարակային է ասել՝ պետք է գնալ փոխզիջումների. Ադրբեջանն ընդունում է ԼՂ ինքնորոշման իրավունքը, հայկական կողմերը՝ որ «այդ հինգ շրջանները վերադարձվում են»:

Ապրիլյան քառօրյա մարտերից հետո կազմակերպվել է Վիեննայի ներկայացուցչական հանդիպումը: Խորքային ի՞նչ քննարկումներ են եղել՝ դժվար է ասել, բայց հրապարակային տեղեկատվությունն այն էր, որ շփման գծում իրավիճակը կառավարելի պահելու համար առաջարկվել է ներդնել հսկողության մեխանիզմներ եւ միջոցներ: Ադրբեջանի պատասխանը մեկն էր. դա հնարավոր է «հայկական զորքերի դուրսբերումից հետո»: Ի վերջո, 2018թ. հունվարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացրել են դիտորդական առաքելությունը յոթ հոգով համալրելու առաջարկ: Փետրվարին նրանք այցելել են տարածաշրջան, բայց գործնական համաձայնություն այդպես էլ չի կայացել:

Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախի ղեկավարությունն իրեն հարցրել է, թե ինչու՞ պիտի հողեր հանձնեն, պատասխանել է, որ եթե մնան այդ կեցվածքում, մի օր կարող են Երեւանում Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել: Ստեփանակերտն ինչու՞ եւ ի՞նչ «հիմնավորումներով» է մերժել Սերժ Սարգսյանի առաջարկած փոխզիջումային տարբերակը: Փաստ է, որ ապրիլյան քառօրյայից հետո Ստեփանակերտը նախաձեռնել է ամիսների ընթացքում նոր սահմանադրություն է ընդունել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես վերանվել է Արցախի Հանրապետություն, Բակո Սահակյանը՝ օժտվել «անցումային շրջանում» երրորդ ժամկետով պաշտոնավարելու լիազորությամբ:

2017թ. սեպտեմբերին Ազգային ժողովը Բակո Սահակյանին ընտրեց նախագահ, 2018թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն»: Ստեփանակերտում եւս օրակարգ բերվեց իշխանափոխության հարց, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»: 2020թ. փետրվար-մարտին, երբ Արցախում համապետական ընտրություններ էին, Փաշինյանը հրապարակային դիմեց Արցախի նախագահի թեկնածուներին՝ առաջարկելով ներկայացնել ԼՂ կարգավորման իրենց պատկերացումները: Եթե ամփոփ ասենք, պատասխանը մեկն էր. «Ոչ մի թիզ հող թշնամուն»: Չորս ամիս անց պայթեց պատերազմը: Հետեւանքները հայտնի են:

Ապրիլյան քառօրյայից ութ տարի անց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինչու՞ է խախտում «Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգելու» թեմայով լռության ուխտը եւ հաստատում այն, ինչ քառասունչորսօրյա պատերազմից հետո բացահայտել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Եթե այստեղից դուրս գանք եւ ասենք, որ ոչինչ չենք անում, շաբաթավերջին կարող է պատերազմ սկսվել»-Տավուշում «սահմանազատման» մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3406311.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *