Հայաստան

Բաքվից Աստանային Միայն Ցավակցում Են

Ալիեւի համար իդեալական կլիներ, որ Կենտրոնական Ասիայի համար Հայաստանը շարունակեր մնալ «թուրքական աշխարհի թշնամի»: Երեւան-Աստանա հնարավոր երկխոսությունը կարող է «ձնհալի» սկիզբ դառնալ եթե ոչ առարկայորեն, ապա գոնե քաղաքական իմաստով: Ըստ երեւույթին, Ալիեւը դժգոհ է Տոկաեւի «օպորտունիզմից» եւ չի կարողացել զսպել Աստանայի հանդեպ դժկամությունը:

Վահրամ Աթանեսյան

Ղազախստանում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է: Թվում էր՝ Բաքվից պետք է արձագանքեին անմիջապես, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Ղազախստանի նախագահ Տոկաեւի Ադրբեջան պետական այցի «թանաքը դեռ չի չորացել»: Մանավանդ որ նա ընդառաջել էր Իլհամ Ալիեւի ցանկությանը եւ այցելել ոչ միայն ԼՂ հարակից «ազատագրված» տարածքներ, այլեւ՝ Շուշի, մի հանգամանք, որ Բաքվի համար գրեթե սակրալ նշանակություն ունի: Բայց Ադրբեջանը բավարարվել է սոցիալական X (նախին Թվիթեր) ցանցում ԱԳՆ միկրոբլոգի հակիրճ գրառմամբ, որտեղ, որքան էլ արտառոց չհնչի, ոչ մի խոսք չկա «եղբայրական երկրին» որւեէ օգնություն հասցնելու մասին:

Անցյալ նոյեմբերին Ղազախստանը հյուրընկալել է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Աստանան հռչակվել է կառույցի «ֆինանսական մայրաքաղաք»: Տոկաեւի Ադրբեջան պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են լայն համագործակցության հեռանկարներ: Ի մասնավորի, փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանը խոստացել է Բաքու-Ջեյհան խողովակաշարի հնարավորությունները ծառայեցնել նաեւ ղազախստանյան նավթի արտահանմանը: Ծրագրվում է, որ Ղազախստանը կվերակառուցի նավահանգիստները՝ ապահովելու Բաքվի միջոցով Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի՝ Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունը:

Այս համատեքստում Ղազախստանի տարերային աղետի հանդեպ Բաքվի զուտ արարողակարգային վերաբերմունքն ակնհայտորեն չի ներգրվում թուրքական պետությունների միասնականության քարոզչությանը: Ո՞րն է Ալիեւի սառնության պատճառը: Տարեսկզբից տեղեկություն կար, որ նախապատրաստվում է Ղազախստանի նախագահի Երեւան այցը: Վերջերս Հայաստանում էր Ղազախստանի արտաքին գործերի նախարարը, Տոկաեւի հայաստանյան այցը, կարծես, վերահաստատվել է:

Անկախությունից ի վեր Հայաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, մեղմ ասած, ջերմ հարաբերություններ չի ունեցել: Մի շրջան Երեւանը բավական պրագմատիկ կապեր ուներ Աշգաբադի հետ, բայց դրանք հետագա զարգացում չստացան: Ղազախստանը Կենտրոնական Ասիայի «լոկոմոտիվն» է, իսկ այդ դիրքն ավելի է առարկայանում Ուզբեկստանի հետ հարաբերությունների վերբեռնմամբ: Ըստ երեւույթին, դեր է խաղում նաեւ այդ երկրներով Արեւմուտքի աճող հետաքրքրությունը: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին նախաձեռնությունները նրան ավելի են մոտեցնում Կենտրոնական Ասիայով շահագրգռված Եվրամիությանը:

Հեռանկարի առումով, ինչ խոսք, Ալիեւի համար իդեալական կլիներ, որ Կենտրոնական Ասիայի համար Հայաստանը շարունակեր մնալ «թուրքական աշխարհի թշնամի»: Երեւան-Աստանա հնարավոր երկխոսությունը կարող է «ձնհալի» սկիզբ դառնալ եթե ոչ առարկայորեն, ապա գոնե քաղաքական իմաստով: Ըստ երեւույթին, Ալիեւը դժգոհ է Տոկաեւի «օպորտունիզմից» եւ չի կարողացել զսպել Աստանայի հանդեպ դժկամությունը: Եթե տարերային աղետից հետո ադրբեջանական «քարավանները» չեն շարժվում դեպի Աստանա, ապա կարելի է պատկերացնել, թե դիվանագիտական ինչ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի հայ-ղազախստանյան «ջերմացումը» խոչընդոտվի:

Չի բացառված, իհարկե, որ առաջիկա օրերին Ալիեւ-Տոկաեւ հեռախոսազրույց կայանա, եւ Բաքուն փրկարարներ, տեխնիկա ու մարդասիրական օգնություն ուղարկի: Բայց առաջին արձագանքի արարողակարգային տոնը, մակարդակը եւ ադրբեջանական մամուլի չեզոքությունը վկայում են, որ Ղազախստանի եւ նրա ժողովրդի ողբերգությունն ամենեին էլ նաեւ Բաքվինը չէ՝ ինչպես ընդունված է ասել Թուրքական պետությունների կազմակերպությունում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *