Նախօրերին մեկուկես տարվա ընդմիջումից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, ինչին ընդառաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «Կրոկուսի» ահաբեկչության վերաբերյալ «բացառիկ տեղեկություններ ունի»:
Վահրամ Աթանեսյան
Դուգինի «ապաշխարանքը». Երուսաղեմը «ռուսական քաղա՞ք է»
Ռուս-թուրքական աշխարհաքաղաքական դաշինքի, Մեծ Եվրասիայի կրեմլյան ապոլոգետ Ալեքսանդր Դուգինը համարում է, որ «բոլոր քաղաքների մայր Երուսաղեմը կամ կլինի ռուսական, կամ առհասարակ չի լինի»: Նրա ձեւակերպմամբ՝ «ռուսաց ցարը պետք է բոլոր թագավորների թագավորը լինի, որովհետեւ այդպես է ասում Խորքային գիրքը»: Դուգինը հայտնի է 2018թ «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո Բաքվում կազմակերպած «Հարավային Կովկասում Ադրբեջանն է Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը» խորհրդաժողովի կազմակերպմամբ եւ «ազատագրված» Ջոջուկ-Մերջանլի գյուղ այցելությամբ, որի ընթացքում նա ՌԴ պետդումայի մի քանի պատգամավորի ուղեկցությամբ «ազատարար ադրբեջանցի զինվորականության» հետ հանդիպել է Լելե-թեփե բարձունքում:
Այսօր նա համարում է, որ «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունը «կարող էին պատվիրել սիոնիստները՝ որպես Գազայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման դեմ վրեժխնդրություն»: Ուղիղ երկու օր առաջ ՌԴ նախագահ Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում իրեն այնպես է պահում, որ իսլամ արմատականները նրան թիրախավորելու մոտիվացիա չպետք է ունենան: Դուգինն, ըստ էության, ուղղորդում է Վլադիմիր Պուտինին՝ ակնարկելով, որ «ջիհադիստների հետ գաղտնի համաձայնության կարող էին գնալ սիոնիստները եւ իրականացնել վրեժխնդրության ակցիա»:
Ցանկացած տեղեկատվություն ուշադրության արժանի է: Մանավանդ որ Դուգինը Կրեմլի քաղտեխնոլոգիական նախագծումների «հետին ջորեպանը» չէ: Պաշտոնական վակածով՝ նրա դուստրը դարձել է «ուկրաինական ֆաշզիմի զոհ»: Այս ֆոնին չափազանց ուշագրավ է իսրայելցի բլոգեր Լապշինի «բացահայտումը»՝ կապված Իսրայելի նախկին արտգործնախարար, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի եւ Ադրբեջանի իշխող վերնախավի կոռուպցիոն կապերի հետ, որ նա հրապարակել է Երուսաղեմի «Կովերի պարտեզի» շուրջ իրավիճակի մասին Երուսաղեմում Ֆրանսիայի հյուպատոսության հայտարարությունից գրեթե անմիջապես հետո:
Երուսաղեմում Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցիկ ներկայությունը հայտնի իրողություն է: Փաստ է նաեւ, որ Պաղեստինի անգլիական հովանավորչությունը Համաշխարհային առաջին պատերազմի սկզբունքային պայմանավորվածություններից մեկն է, որ սերտորեն առնչվում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության խորքային պատճառներին: Ակնհայտ ի է, որ կազմավորման եւ արաբական կոալիցիայի դեմ պայքարի առաջին տասնամյակում Իսրայելը երկու հովանավոր է ունեցել՝ Ստալինը եւ Շառլ դը Գոլը: Նախօրերին մեկուկես տարվա ընդմիջումից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, ինչին ընդառաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «Կրոկուսի» ահաբեկչության վերաբերյալ «բացառիկ տեղեկություններ ունի»:
Որքանո՞վ է այս «թնջուկն» առնչվում Հայաստանին: Իսրայելում քաղաքական ճգնաժամի հավանականությունը չափազանց բարձր է: Իշխանության գալու կամ առնվազն կոալիցիայի մաս կազմելու՝ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանի շանսերը՝ նույնպես: Լիբերմանի էլեկտորատը, ինչպես ամենատարբեր աղբյուրներ են նշում, հիմնականում Իսրայելի ռուսախոս, այդ թվում՝ Ադրբեջանից ներգաղթած, բնակչությունն է: Չափազանց պարզունակ կլինի ասել, որ Կրեմլի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինը միայն Ռուս ուղղափառ եկեղեցու ցանկությունն է արտահայտել, երբ ասել է, որ «Երուսաղեմը կլինի ռուսական քաղաք կամ առհասարակ չի լինի»:
Բայց նույնքան, գուցե՝ ավելի մանկամտություն է ասել, որ Ալեքսանդր Լապշինն Ավիգդոր Լիբերմանին ,,մերկացնելու» հարցում հայ գործընկերների օգնությունն է խնդրում «վասն հայերի գեղեցիկ աչաց»: Գազայի հատվածում վեց ամիս շարունակվող պատերազմը «մերկացրել է» Իսրայելի ամենակարողության միֆը: Սա, կարծես, իրողություն է նաեւ Միացյալ Նահանգների համար: Ի՞նչ է կանխածրագրվում: Ռուսաստանյան փորձագետները գրեթե բաց ասում են, որ Մոսկվայի համար «եկել է հանուն իսլամական աշխարհի հետ համերաշխության Իսրայելը հանձնելու ժամանակը»: Ո՞րն է այդ «օպերացիայում» Հայաստանի «դերը»: Ի՞նչ երաշխիք կա, որ Իլհամ Ալիեւի հետ «կոռուպցիոն գործարքներում բացահայտված» Լիբերմանը վաղը չի լինելու Իսրայելի վարչապետ: Երուսաղեմն, իհարկե, չի լինի «ռուսական» քաղաք, բայց ռուս-թուրքական կարող է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։