Դրանք մասշտաբ ունեցող ռազմական գործողություններ չեն, սակայն կասկածից վեր է, որ քաղաքական տողատակ ունեցող իրողություն են, հակառակ պարագայում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կձեռնարկեր դա թույլ չտալու, ամեն օր կրակոցների «պրակտիկան» դադարեցնելու քայլեր:
Հակոբ Բադալյան
Բաքվի կրակոցներն ու հանցավոր անփութության «ռիսկերը»
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունները՝ թե հայկական զինուժն իբր կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, եւ միեւնույն ժամանակ դարձյալ հայտնում է, որ հենց ադրբեջանական ուժերն են կրակ բացել Սյունիքի մարզի Արավուս եւ Խոզնավար գյուղերի շրջանում Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել ապրիլի 8-ի գիշերը: Ադրբեջանն արդեն մի քանի օր շարունակ կանոնավոր կերպով կրակում է սահմանին:
Դրանք մասշտաբ ունեցող ռազմական գործողություններ չեն, սակայն կասկածից վեր է, որ քաղաքական տողատակ ունեցող իրողություն են, հակառակ պարագայում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կձեռնարկեր դա թույլ չտալու, ամեն օր կրակոցների «պրակտիկան» դադարեցնելու քայլեր: Հետեւաբար կասկածից վեր է, որ այդ կրակոցները վայելում են քաղաքական բարձր հովանի: Առավել էական է անշուշտ հասկանալ, թե ինչ խնդիր են լուծում դրանք, կամ ինչ խնդիր է Ադրբեջանը փորձում լուծել դրանով: Հայաստանի կառավարող մեծամասնության պատգամավոր, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանը նախօրեին հայտարարում է, որ դրանով Ադրբեջանը որեւէ խնդիր չի էլ կարող լուծել, պարզապես կրակում է:
Եթե Հայաստանի կառավարող մեծամասնությունում որեւէ մեկը մտածում է, որ Բաքուն մի քանի օր «պարզապես կրակում» է, ապա այստեղ թերեւս պարզապես գործ ունենք քաղաքական իրողությունների գնահատման անհամարժեքության հետ: Անկասկած է, որ Ադրբեջանը փնտրում է ավելի մեծ արկածախնդրության, ավելի մեծ սադրաքի հնարավորություն: Որքա՞ն կշարունակի նա այդ փննտրտուքը, եւ որքա՞ն հնարավոր կլինի «չտալ» Բաքվին այդ առիթը: Սա ամենեւին «տեխնիկական» հարց չէ, եթե նկատի առնենք այն, որ խնդրի քաղաքական խորությունը ամենեւին Ադրբեջանը չէ:
Բաքուն մակերեսն է, իսկ «փնտրտուքի» խորության վրա աշխարհաքաղաքական ուժային բալանսի խնդիրն է, որի էական լուծումների ծանրության կենտրոնը՝ եթե չասեմ, որ Ուկրաինայից տեղափոխվում է դեպի հարավ, ապա առնվազն հարավի ուղղությամբ կենտրոնանում է ոչ պակաս, քան ուկրաինական ուղղության վրա: Իսկ սա նշանակում է, որ Կովկասի «խաղաղության եւ պատերազմի» հարցում էապես բարձրանալու է անմիջականորեն ուժային կենտրոնների դերակատարությունն ու ներգրավվածությունը, մասնավորապես դրա՝ հատուկ ծառայությունների բաղադրիչի առնչությամբ: Ըստ այդմ, Բաքվի կրակոցները դիտարկել «պարզապեսի» շրջանակում, կարող է լինել անփութություն, այյն էլ հանցավոր անփութություն:
Հոդվածը՝ 1in.am կայքից։