Հայաստան

Հայաստանն Ընդդեմ Հայաստանի

Սա լրջագույն խնդիր է, որի տարողունակության համեմատությամբ, ԱԺ ամբիոնից հնչողն այլ բան չէ, քան ձեւակերպումների մակերեսային աճպարարություն՝ կամա, թե ակամա։

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը քաշում է վտանգավոր բաժանարար գիծ

Խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագրի հաշվետվություն, Նիկոլ Փաշինյանը առանցքում վերստին դրել է իր «հայեցակարգային» միտքը՝ պատմական եւ իրական Հայաստանների բաժանարար գծի վերաբերյալ, ասելով, որ պատմական եւ իրական Հայաստանները սպառնալիք են ստեղծծում միմյանց համար: Առերեւույթ, այս միտքը, հայեցակարգը իսկապես թվում է բավականին ամուր եւ փաստարկված: Գործնականում սակայն, ստեղծելով այս «երկվությունը», Նիկոլ Փաշինյանը գործնականում փորձում է պարզապես ստեղծել կառավարման արդյունավետության «ալիբի»:

Չկա պատմական Հայաստան եւ իրական Հայաստան: Կա Հայաստան, իր հետագծով: Հայաստանի հետագիծը Հայաստանից պոկելը ոչ թե կարող է լինել ապահովության գրավական, այլ հակառակը՝ Հայաստանը «թեթեւացնելու», հետեւաբար աշխարհաքաղաքական քամիների հանդեպ առավել զգայուն դարձնելու նախադրյալ: Հայաստանի հետագիծը, այո՝ պատմականորեն բարդ, ցավոտ, զգայուն հետագիծը ունի ոչ թե մոռացության, ամպուտացիայի, այլ կառավարման կարիք: Հնարավոր է, որ բացելով «բաժանարար» դիսկուրսը, Փաշինյանը մտածում է յուրովի կառավարման մասին, համարելով, որ ներկայումս չունի այդ խնդրի կառավարման ավելլի արդյունավետ մեխանիզմ, կամ միջոց: Անշուշտ, նրա մոտիվների վերաբերյալ դիտարկումների շարքում պետք է դիտարկել նաեւ հնարավոր այդ մոտիվը:

Բայց, եթե անգամ գործ ունենք այդ մոտիվի հետ, ապա այստեղ կա լրջագույն մի խնդիր՝ կարեւորագույն, հիմնարար հարցի կառավարման ընտրված մեխանիզմը կամ մեթոդը բավականին սպառնալից է, քանի որ այն կամա, թե ակամա միտվածծ է հանրային գիտակցությանն ու ենթագիտակցությանը, բաժանարար գիծը հենց այդտեղ, այլ ոչ թե միայն տեղեկատվա-քարոզչական դաշտում քաշելուն: Իսկ, եթե այդտեղ գիծը քաշվեց, այն ժամանակի ընթացքում կարող է վերածվել պատնեշի, բայց ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ հակառակը՝ Հայաստանի համար վտանգավոր պատնեշի: Սա լրջագույն խնդիր է, որի տարողունակության համեմատությամբ, ԱԺ ամբիոնից հնչողն այլ բան չէ, քան ձեւակերպումների մակերեսային աճպարարություն՝ կամա, թե ակամա:
Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3408111.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *